Ո՞ՒՄ «ՀԱԳՈՎ Է ԿԱՐՎԵԼ» ՀՀ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեւում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում: Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ: ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս խոսքերը, թերեւս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են եւ փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով: Ս. Սարգսյանն ուղիղ ձեւով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է:
Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաեւ բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից: Բացի այդ ցույց տվեց նաեւ այդ մտքի հեղինակների կարճատեսությունը: Պատմության դասագրքերից մենք լավ ենք հիշում, որ 18-20 թվականներին Հայաստանում դարձյալ պառլամենտական համակարգ էր, որտեղ ամիսներով Կառավարության որոշումները չէին ընդունվում, իսկական քաոս էր:
Բացի դրանից, նախագծում առկա է նաեւ քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները: Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»: Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը:

 

 

 

 
Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ. այն վատն էր, ճնշումները՝ տեղին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ. Սարգսյանին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի: «Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեեւ դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել: Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,- պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Արցախում եւս ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Խոսելով Արցախի տնտեսության մասին, վարչապետն ասաց. «ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով»:

 

 

 

 
Հայաստանում կեսգիշերային քաղաքական հանդիպումներն ավանդույթ են դարձել: Երեկ ՀՀԿ-ն առանձին էր նիստ անում՝ կուսակցության շենքում, ոչ իշխանական քառյակից եռյակ մնացած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ առանձին՝ Ծառուկյանի ապարանքներում, իսկ ՕԵԿ-ն էլ՝ կուսակցության գրասենյակում: ՀՀԿ-ին չհաջողվեց որոշում կայացնել. լարված նիստ է տեղի ունեցել: Միայն, թերեւս, ՕԵԿ-ի խնդիրն էր հեշտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը: Քննարկումը տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:

 

 

 

 
Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Գողականների միջեւ խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով: Ըստ «օրենքով գող»-ի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի՝ իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար: Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,- ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջեւ առաջացած թնջուկը կարգավորելու համար:

 

 

 
ԿՑՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ

Երեկ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը միաձայն «դեմ» է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը մինչեւ 2014 թվականի տարեվերջը ձայնի իրավունքից զրկող բանաձեւին, որին «կողմ» է քվեարկել 145 պատգամավոր, «դեմ»՝ 21-ը, «ձեռնպահ»՝ 22-ը։
Եվ եթե ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության դեպքում Հայաստանի իշխանությունները փորձեցին արդարանալ` նշելով, որ Հայաստանը չի կարող որեւէ պարագայում դեմ հանդես գալ ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա երեկվա քվեարկության շուրջ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ներկայացրած պատճառաբանությունը որեւէ քննադատության չի դիմանում:
Դավիթ Հարությունյանը ՀՀ չորս պատվիրակների քվեարկությունը բացատրել է այն հանգամանքով, որ Վեհաժողովը սկսել է փոստֆակտում արձագանքել` առանց խորամուխ լինելու խնդիրների էության մեջ. «Մեր կարծիքով՝ այս պահին կա լուրջ վտանգ իրավիճակի հետագա էսկալացիայի, եւ Վեհաժողովի ուշադրության հիմնական կենտրոնը պետք է ուղղված լիներ իրավիճակը գիտակցելուն եւ հետագա էսկալացիան կանխելուն։ Մեր պատվիրակության տպավորությունն այն է, որ Վեհաժողովը չի գիտակցում իր բուն դերակատարությունը եւ որոշակի աշխարհաքաղաքական գործոնների զոհ է դարձել»,- «Ազատությանն» ասել է Հարությունյանը:
Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունից է խոսում մի երկրի պատվիրակության ղեկավար, որը բացահայտ եւ աներկբայորեն կատարում է աշխարհաքաղաքական այդ գործոններից մեկի` Ռուսաստանի հրահանգները: Եվ այլեւս ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն աստիճանաբար սկսելու է ընկալվել որպես Ռուսաստանի անմիջական կցորդը եւ ընդունվելու է որպես Ռուսաստանի պատվիրակության մի մաս` այլ անվան ներքո:
Իհարկե, նախկինում եւս դժվար է հիշել որեւէ դեպք, երբ Հայաստանը Ռուսաստանի շահերին հակադրվող դիրքորոշում հայտնած լիներ: Խնդիրն այն է, սակայն, որ նախկինում Ռուսաստանն ինքը չէր հանդիսանում թիրախը, եւ Հայաստանի ռուսահպատակ դիրքորոշումն այդքան ցայտուն չէր: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է, եւ նման անվերապահ ռուսահպատակությունն առաջիկայում կարող է մեր երկիրը նոր եւ լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել: Արդեն իսկ երեկ հստակ նշվեց, որ եթե Ռուսաստանը դուրս չգա Ուկրաինայից եւ քայլեր չձեռնարկի իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ, ապա ԵԽԽՎ կողմից կկիրառվեն նոր պատժամիջոցներ, ընդհուպ մինչեւ` պատվիրակությանը լիազորություններից զրկելը:
Թե նման զարգացումն ինչպիսի մարտահրավերների առջեւ կկանգնեցնի հայկական պատվիրակությանը եւ թե նման զարգացումների պարագայում ինչպիսի հարված կհասցվի Հայաստանի դիրքին միջազգային կազմակերպություններում` դժվար չէ կանխատեսել:




Լրահոս