Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արցախի տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիների ընթացքում պետք է դառնա գյուղատնտեսությունը, որը չսպառվող կապիտալ է:
-Պարոն վարչապետ, ինչպիսին է Ձեր տեսակետը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Հայաստանի Սահմանադրական դատարանի` օրերս կայացրած վճռով օրենքի որոշ կետեր համարվեցին Սահմանադրությանը հակասող: Այսքանից հետո արդյոք այդ համակարգը կներդրվի՞ ԼՂՀ-ում:
-ԼՂՀ եւ ՀՀ սոցիալական համակարգերը քայլում են նույն ճանապարհով, եւ դրան այլընտրանք չկա: Այդ պատճառով ՀՀ-ում կատարվող ցանկացած համակարգային փոփոխություն անհրաժեշտ է լինելու ներդնել նաեւ ԼՂՀ-ում: Կուտակային կենսաթոշակային համակարգը եւս բացառություն չէ: Մենք նախնականորեն պլանավորել էինք այստեղ ներդնել այդ համակարգը հաջորդ տարվանից, սակայն ՀՀ ՍԴ որոշումից հետո, բնականաբար, կարող են նաեւ փոփոխություններ լինել ժամկետների, ծավալների եւ սկզբունքների մեջ, ինչը կախված է լինելու գլխավորապես ՀՀ-ում կատարվող փոփոխություններից:
-ԼՂՀ-ում պարտադիր կուտակային համակարգի հետ կապված օրենսդրության ընդունումն ի՞նչ փուլում է, եւ արդյոք Ղարաբաղում եւս հանրությունը չի՞ ընդվզում այդ համակարգի ներդրման դեմ: Հանրային տրամադրություններն այդ հարցի շուրջ ուսումնասիրե՞լ եք:
-Կուտակային կենսաթոշակային համակարգին անմիջականորեն վերաբերող օրենքները չեն ընդունվել այստեղ եւ գտնվում են նախագծային փուլում: Սակայն նշեմ, որ նախապատրաստական որոշ օրենքներ (հատկապես՝ հարկային դաշտին վերաբերող) ընդունվել են: Հասարակության շրջանում բավականին ժամանակ է՝ ներկայացվում է գաղափարը, եւ առանձնակի դժգոհություններ չեն նկատվել: Ստեղծվել է համապատասխան տեղեկատվական կենտրոն, որն աշխատում է ռեֆորմի էության ներկայացման եւ լուսաբանման ուղղությամբ: Մենք ձգտում ենք առավելագույն թափանցիկությամբ աշխատել, որպեսզի կարողանանք հաշվի առնել սոցիալական բոլոր խմբերի կարծիքները:
-Հայաստանում ՀՀ վարչապետի հրաժարականը շատերի կողմից կապվում է հենց այս համակարգի ներդրման հետ, քանի որ, ինչպես գիտեք, այն առաջացրեց հանրային բողոքի հզոր ալիք: Մտավախություն չունե՞ք, որ ԼՂՀ-ում էլ կարող է նման իրավիճակ ստեղծվել, որի արդյունքում Դուք եւս ստիպված կլինեք հրաժարական ներկայացնել:
-Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեեւ դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել: Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ:
-Նախադրյալները նույնն են` օրենքի անընդունելի լինելու տեսանկյունից, այլ բան է, որ ԼՂՀ-ում, կարծես թե, քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ, եւ իր շահերի պաշտպանության ուղղությամբ հանդես չի գալիս որեւէ նախաձեռնությամբ: Ըստ Ձեզ` որն է դրա պատճառը: Արդյոք Ղարաբաղում ամեն ինչ լա՞վ է, թե՞ դա խոսում է ԼՂՀ-ում դեռեւս չկայացած ժողովրդավարության մասին:
-Որքան հասկացա, դուք քաղաքացիական հասարակությունը պատկերացնում եք ցույցերով եւ հանրահավաքներով, ինչը նեղ եւ մակերեսային մոտեցում է: Իհարկե, Արցախում առկա է քաղաքացիական հասարակություն, որն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական յուրահատկությունները: Սակայն չեմ ժխտի, որ մի շարք առումներով ՀՀ քաղաքացիական հասարակությունն ավելի նախաձեռնող ու ակտիվ է, քան մեզ մոտ: ԼՂՀ իշխանությունները, բնականաբար, հաշվի են առնում հասարակության կարծիքը, եւ հետադարձ կապը բավականին արդյունավետ է աշխատում: Մենք հնարավորինս աջակցում ենք քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիային, քանզի ցանկացած ժողովրդավարական կառավարության համար պարգեւ է կառուցողական ու ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալը:
-Պարոն Հարությունյան, Հայաստանում վարչապետի դեմ քաղաքական ուժերի պայքարը մեծապես պայմանավորված էր անբավարար տնտեսական ցուցանիշներով: Ինչպեսին է վիճակը ԼՂՀ-ում: Արդյոք ԼՂՀ կառավարությունը կարողացե՞լ է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ արձանագրել բավարար տնտեսական աճ:
-Արցախի Հանրապետության տնտեսության ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով, ինչը, ցանկացած տնտեսագետ կհամաձայնի, հրաշալի ցուցանիշ է մեր տիպի պետության համար: Գլխավոր ձեռքբերումներից կհամարեի նաեւ տնտեսության դիվերսիֆիկացիան եւ էներգետիկ ու պարենային ուղղություններով ինքնաբավության մակարդակի աճը: Այո՛, մեր առջեւ դրված ծրագրային բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են, սակայն պետք չէ մոռանալ, որ կյանքը զարգանում է, եւ անընդհատ նորանոր խնդիրներ են ի հայտ գալիս: Այնպես որ, տնտեսությունը ենթադրում է ամենօրյա ակտիվ աշխատանք զարգացման ցանկալի մակարդակին հասնելու համար:
-Այժմ տնտեսական ի՞նչ հրատապ խնդիրներ ունի ԼՂՀ-ն, որոնց լուծման անհրաժեշտությունն ամենաառաջնայինն եք համարում:
-Արցախի տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիների ընթացքում պետք է դառնա գյուղատնտեսությունը, որը չսպառվող կապիտալ է: Դրա ներուժը արդյունավետ օգտագործելու համար մեզանից պահանջվում է մեծ թափ տալ ինտենսիվ գյուղատնտեսության կառուցման աշխատանքներին: Իհարկե, այդ ճանապարհին առկա են մի շարք մեծ եւ փոքր խնդիրներ, սակայն ամենամեծ մարտահրավերը տնտեսության մեջ ներդրումներ ընդգրկելն է: Ընդ որում՝ սա չի վերաբերում միայն գյուղատնտեսությանը, այլ տնտեսության բոլոր ճյուղերին: Նշեմ, որ մոտակա տարիներին դա մեր հիմնական խնդիրն է լինելու, քանի որ ինչքան աճում է տնտեսության ՀՆԱ-ն, այնքան ավելի դժվար է լինում զարգացման նույն տեմպերը պահպանել եւ ներգրավել համապատասխան ծավալի կապիտալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԷԼ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի նշանակումը ոչ բոլորն են դրական ընդունել: Մասնավորապես, տնօրենի պաշտոնի համար պայքարող Գագիկ Մանասյանը Արզումանյանին համարել էր Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի մարդը, իսկ ահա Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը»:
Տնօրենի նշանակման համար ընտրված հանձնաժողովից էլ մեզ հետ զրույցում դժգոհել էր մեկ այլ թեկնածու՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը՝ ասելով, որ հանձնաժողովի անդամները կոպիտ են եղել: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, armlur.am լրատվականի հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել հարգված ու հայտնի մարդիկ: «Ինչ վերաբերում է ասեկոսեներին, ապա դրանք իրավական առումով որեւէ հիմք չունեն: Եթե հանձնաժողովի անդամները կոպիտ են եղել, սխալ հարց են տվել, ապա դա նախատեսում է բողոքարկում»,-ասաց փոխնախարարը:
-Դե՛, դժգոհողներն ասում են, որ Անդրանիկ Արզումանյանը Հասմիկ Պողոսյանի մարդն է, դրա համար էլ չեն բողոքարկել:
-Դա իրենց որոշելիքն է: Եթե գիտեին, որ Անդրանիկ Արզումանյանն ինչ-որ մեկի մարդն է, այդ դեպքում ինչո՞ւ էին մասնակցում մրցույթին:
-Իսկ Շուշան Պետրոսյանի դժգոհությունը Ձեզ համար սպասելի՞ էր:
-Ես տեղյակ չեմ՝ ինչ է գրել: Ամեն մարդու իրավունքն է մեկնաբանություններով հանդես գալ: Ամեն մարդ, գուցե, ունի իր հավանական թեկնածուն:
ԼՈՒՐԵՐ
ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԶԱՐՄԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանն, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, կարծիք հայտնեց, որ զեկույցում չի եղել այնպիսի մի կետը, որը զայրացնի իրեն. «Թերություններ միշտ էլ եղել են, ուղղակի պետք է այդ թերությունները վերացնել: Արդեն սկսել եմ հանձնարարականներ տալ՝ թերությունները շտկելու համար: Բայց եղել են կետեր, որոնք այդքան էլ չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Յուրի Վարդանյանը՝ հավելելով, թե առկա թերություններում նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նախարարից՝ իր որդու հետ կատարվածը կարո՞ղ է ազդել իր պաշտոնի վրա եւ ինքը չվերանշանակվի սպորտի նախարարի պաշտոնում: «Եթե ազդեր՝ մի հինգ ամիս առաջ ազդած կլիներ, չեմ կարծում»,-ասաց լեգենդար մարզիկը:
«ԷՐԵԲՈՒՆԻ» ՔԿՀ-Ն ՓԱԿՎԵՑ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 փետրվարին գրել էր, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել, քանի որ շուտով կդադարի գործել նաեւ «Էրեբունի» ՔԿՀ-ն: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սովորության համաձայն, հերքել էր տեղեկությունը՝ ասելով, թե նման բան չկա: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էրեբունի» ՔԿՀ-ն փակվեց եւ բոլոր դատապարտյալները տեղափոխվեցին Սեւանի քրեակատարողական հիմնարկ:
ՉԻ ԽՈՍՈՒՄ
ՀՀ վարչապետի պաշտոնափոխության հարցը կարծես թե ստվերեց Արցախի շուրջ տեղի ունեցող ուշագրավ գործընթացները: Հիշո՞ւմ եք՝ արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել էր, թե Ղարաբաղը եւս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է: «Ժիրինովսկին ասում է՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում լուծել հարցը, թող ԼՂ-ն մտնի ՌԴ կազմ: Եթե իսկապես կողմերը որեւէ կերպ չեն կարողանում համաձայնության գալ, ապա ԼՂ-ին ի՞նչ է մնում անել. պետք է վերադառնալ Ռուսաստան՝ Գյուլիստանի հաշտության համաձայնագրի համաձայն»,-նշել էր Գրիգորյանցը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից պարզել, թե ինչ է մտածում այդ հարցի առնչությամբ: «Ես արտասահմանում եմ հիմա ու չեմ կարող ձեզ հետ խոսել»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը:
ԱՌԱՆՑ ՏԻԳՐԱՆԻ
ՀՀ Կառավարության երեկվա նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա կկատարի վարչապետի պարտականությունները մինչեւ ապրիլի 13-14-ը, երբ կնշանակվի ՀՀ նոր վարչապետը: