Ներքաղաքական դաշտում իրադարձությունները սկսել են գլխապտույտ արագությամբ զարգանալ: Մինչ երեկոյան ՀՀԿ-ում ընթանում էր գործադիր մարմնի նիստը եւ իշխող կուսակցությունը քննարկում էր, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, զուգահեռ, կայացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, մի կողմում էլ՝ ՕԵԿ-ի՝ իր կուսակից նախարարների հետ:
Ո՞վ է 13-րդ վարչապետը
Ավելի քան երկու ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ երեկ այդպես էլ կոնկրետ որոշում չկայացվեց: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ որոշումը կլինի երկուշաբթի օրը՝ ՀՀԿ ԳՄ, այնուհետեւ խորհրդի նիստերից հետո: Սակայն, փոքր մի միջադեպ երեկ մատնեց իշխանությունների մտադրությունների մասին. Շարմազանովի ընտանիքին պատկանող լրատվական կայքը դեռ ՀՀԿ նիստը չավարտված, Սերժ Սարգսյանի կողմից վերջնական որոշում դեռ չկայացված, հղում անելով Շարմազանովին, «տեղեկացրել էր»՝ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Հովիկ Աբրահամյանին: Ավելի ուշ, իհարկե, պարզաբանում տարածվեց, թե կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Բայց դե՝ այս արդարացումն այնքան էլ հավատ չի ներշնչում՝ մի շարք հայտնի պատճառներով:
Այնուամենայնիվ, նկատենք՝ գոնե այս պահին Հովիկ Աբրահամյանը համարվում է վարչապետի միակ թեկնածուն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ նիստը երեկ անցել է բավականին լարված մթնոլորտում. Սերժ Սարգսյանը նշել է, թե պետք է մեխանիզմներ մշակել՝ նոր կառավարության արդյունավետ գործունեության համար, նաեւ նշել, որ ԲՀԿ-ի հետ չի հաջողվում ընդհանուր լեզու գտնել, ուստի, ըստ նրա, ժամանակ է հարկավոր՝ վարչապետի ճիշտ թեկնածու ընտրելու համար: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի աթոռի դիմաց խոստացել է նրան՝ ԲՀԿ-ի հարցերը կարգավորել:
Այս առումով, պատահական չէ, որ ՀՀԿ նիստից հետո Է.Շարմազանովը հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկ անգամ եւս հանդիպել խորհրդարանական ուժերի հետ՝ Սահմանադրությամբ նախատեսված կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով:
Նշենք, որ երեկ կեսօրից հետո նման հանդիպում արդեն կայացել էր. Սերժ Սարգսյանն ընդունել էր ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը մերժել էին հրավերը: Ընդ որում, ոչ իշխանական ուժերի հետ Սերժ Սարգսյանին ոչ մի կերպ չէր հաջողվել ընդհանուր հայտարարի գալ:
Մինչեւ Ս.Սարգսյանի հետ այդ հանդիպմանը գնալը, Գ.Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախապես հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ ԲՀԿ օրակարգում չկա կոալիցիային մաս կազմելու ծրագիր: Ծառուկյանն այդ մասին ասել է նաեւ Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, թե այս պահին դա անիմաստ է:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, նրանք Ս.Սարգսյանին կրկին ներկայացրել են իրենց 7 կետանոց առաջարկները, նաեւ նշել, որ իրենք կարեւորում են ոչ թե վարչապետի անձը, այլ՝ ներկայացված ծրագրերն ու իրենց առաջարկների ընդունումը: ՀՅԴ-ականները եւս վստահեցրել են՝ իրենք կոալիցիա մտնելու հարց չեն քննարկում, ավելին՝ ժամանակին եղել են կոալիցիայում ու տարաձայնությունների պատճառով դուրս են եկել այնտեղից:
ՔԱՌՅԱԿԸ՝ ԵՌՅԱ՞Կ
Երեկ՝ ժամը 20-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ նրա հետ հանդիպման: Հատկանշական եւս մեկ հանգամանք. «Հրաշալի քառյակ»-ի անդամներից ՀՅԴ ղեկավարները հրաժարվել են մասնակցել այդ հանդիպմանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իրենց քայլը մեկնաբանել է. «Քառյակի հանդիպումներում ՀՅԴ ներկայացուցիչները հանդես են եկել կուսակցական հստակ դիրքորոշմամբ, եւ իմաստ չկա ղեկավարների մակարդակով նման հատուկ հանդիպում կազմակերպել»:
ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» կուսակցությունների անունից համատեղ հայտարարության համաձայն. «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի եւ գործողությունների ծրագրի ձեւավորման հարցեր»: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ոչ պաշտոնապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եռյակի «ուղեղը» համարվող Լ. Տեր-Պետրոսյանն իր գործընկերներին բացատրել է, որ Սերժ Սարգսյանին շատ քիչ է մնացել հեռանալու եւ ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել ճնշումներ գործադրել: Ավելի ուշ, երբ Ծառուկյանն իր մտերիմ կուսակիցների հետ հանդիպել է, վստահեցրել է, թե «դուխով առաջ ենք գնալու», ոչ մի խնդիր չկա: Երբ նրան հարց է տրվել Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին, բարկացել է, թե «անունը չտաք», սակայն հասկանալի է, որ քառյակի հենքը երկու նախագահներն են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱ
Տիգրան Սարգսյանը դեռեւս շարունակում է կատարել վարչապետի լիազորություններ: Չնայած իր հրաժարականից մեկ շաբաթ է անցել, սակայն Տ. Սարգսյանն այս ընթացքում շարունակել է որոշումներ ընդունել. առաջին որոշումը եղել է ապրիլի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին արձակուրդից հետ կանչելու մասին, հաջորդ օրը Տ.Սարգսյանը որոշումներ է ընդունել իր խորհրդականներ Իգոր Զարգարյանին ու Վարդուհի Պետրոսյանին՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատելու մասին, հետո մի քանի պաշտոնյայի ուղարկել է գործուղման եւ այդպես 25 որոշում է կայացրել:
ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե 2013 թվականին Հայաստանի Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է 7, 6 կգ ընդհանուր քաշով ոսկյա իրերով եւ 3.9 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով: Նրա խոսքով՝ Պետպահուստում կա նաեւ մետաղական արծաթ, պլատին եւ մի շարք այլ ակնեղեն: Սա, թերեւս, այն եզակի դեպքերից է, երբ կառավարությունը գոնե մի դրական քայլ է արել: Մանավանդ որ Տիգրան Սարգսյանի՝ ԿԲ նախագահ եղած ժամանակ ՀՀ ոսկու պետական պաշարները վաճառվել էին:
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում:
ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է ասելու, որ գործող իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է լրատվական դաշտի ոչնչացման քաղաքականություն: Արհեստականորեն լրատվական դաշտը լցնելով ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներով ու կեղծ տեղեկություններով, նրանք ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որ լրատվամիջոցներին այլեւս ոչ ոք չվստահի: Օրինակ՝ երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ընտանիքին պատկանող «Հենարան» կայքը լուր հրապարակեց այն մասին, որ դեռեւս չավարտված ՀՀԿ նիստն ավարտվել է եւ այդ ընթացքում որոշվել է, որ վարչապետ կդառնա Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ իրադարձություններն այլ կերպ զարգացան եւ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա միայն երկուշաբթի: Ցավոք, որոշ կայքեր սովորության համաձայն «գողացան» լուրը, իսկ որոշներն էլ թյուրիմացաբար կուլ տվեցին խայծը եւ տարածեցին այդ ապատեղեկությունը:
Ի դեպ, լրատվական դաշտի հեղինակազրկմանը նպաստում է նաեւ, այսպես կոչված, ոչ իշխանական հատվածը: Նրանք էլ իրենց գործողությունների, հանդիպումների մասին տեղեկություն են տալիս բացառապես իրենց կողմից ֆինանսավորվող քարոզչամեքենաներին՝ մյուս լրագրողների համար մնալով անհասանելի: Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ պատերի տակ լրագրողներից դժգոհող բոլոր գործիչները լրատվական դաշտի աղտոտման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն հավասարապես:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ
Ապրիլի 8-ին ՀՀ եւ ՌԴ միգրացիոն ծառայությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել հանդիպում՝ ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության եւ աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները կանոնակարգող փաստաթղթի ստորագրման կապակցությամբ: ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ 168.am-ին պարզաբանել է, որ փաստաթղթով սահմանվել է երկու հարց, որոնց շուրջ արագ բանակցություններ են սկսվել. «Այդ հարցերից մեկը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում հաշվառման կանգնելու ժամկետների երկարաձգմանը: Այսօր նախատեսված է 7 օր, անձը 7 օրվա ընթացքում պետք է հասցնի հաշվառման կանգնել. ուշացնելու պարագայում նա համարվում է օրենսդրությունը խախտող: Համաձայնագրով այդ ժամկետը պետք է երկարաձգվի 30 օրով, այսինքն՝ անձը, քաղաքացին ավելի երկար ժամանակ կունենա՝ զբաղվելու իր այդ հարցերով։ Մյուս հարցը աշխատող միգրանտների իրավական կարգավիճակին է վերաբերվում: Դրանով սահմանվում է, որ կողմերի տարածքներում քաղաքացիներն առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատանքային գործունեություն ծավալել, այսինքն՝ աշխատաշուկան բացվում է մեր երկքաղաքացիների համար, այլեւս կարիք չի լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն, պետական տուրք վճարել, տեղեկանքներ ներկայացնել, միայն աշխատանքային պայմանագրի կարիք է լինելու, եւ դա համարվում է հիմք, որ անձն օրինապես գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում»:
400 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ՔԱՄՈՒՆ
«Երբ հանրապետականներն ասում են, որ Հայաստանի` 4.5 միլիարդ պետական պարտքը ողբերգություն չէ, դա այդքան էլ այդպես չէ. իրականում վիճակը շատ ծանր է»,-armlur.am-ին ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի այն մտքին, թե 4.5 միլիարդ պետական պարտքը տնտեսական իմաստով ծանր վիճակ չէ: «Երբ նայում ենք պետական պարտքի սպասարկման համար տրվող գումարների չափին` մոտ 400 մլն դոլար, ամեն ինչ պարզ է դառնում: Մինչդեռ այդ գումարները խիստ անհրաժեշտ են ամենատարբեր բնագավառներում, դրանք կարելի է ծախսել սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշել է տնտեսագետը:
ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է
Մարտի 7-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող 23-ամյա Արսեն Խոջոյանը վերադարձվել է հայկական կողմին: Երեկ գերի ընկած երիտասարդին տեղափոխել են Երեւան:
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Դեռեւս վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ վարչապետի խորհրդականներ Իգոր Զարգարյանն ու Վարդուհի Պետրոսյանը ազատվել են աշխատանքից՝ սեփական դիմումների համաձայն: