ԵՏՄ պայմանագրի հիմքը դրվել է 1994 թվականին. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:

ՀՅԴ-ականի խոսքերով` Հայաստանի կողմից 1993 թվականին կնքվել և 1994-ին վավերացվել է տնտեսական միություն ստեղծելու մասին մի պայմանագիր, որը գործում է առ այսօր և վերաբերում է համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականությանը, որը հիմնված է լինելու ռուսական ռուբլու վրա:

«Այդ պայմանագիրը գործում է առ այսօր, այդ պայմանագիրը նկատի առե՞լ եք ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ: Երկրորդ` առևտրի համաշխարհային կազմակերպությանն էինք անդամակցում և եվրոասոցացման բանակցություններ էին վարում, ի՞նչ ուժ ունի այս պայմանագիրը, որտեղ պայմանները շատ ավելի խիստ են և ինքնիշխանությանը վնասող, քան այն, ինչ որ բերվել է: Ի՞նչ իրավական ուժ ունի այդ պայմանագիրը»:

Նա նշեց նաև, որ հավելվածներից մեկում նշված է 29 համաձայնագրերի վավերացման անհրաժեշտության մասին, և արդյոք այդ պայմանագրի վավերացումով վավերացվում են նաև այդ 29 համաձայնագրերը: Սուրեն Կարայանն ասաց, որ պատգամավորի կողմից նշված պայմանագիրը, որը վավերացվել է 1994-ին, իրականում գոյություն ունի: «Ճիշտ է, այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել, որն է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանգիրը»,- ասաց Սուրեն Կարայանը:

Ինչ վերաբերում է 29 համաձայնագրերին, ապա միանալով ԵՏՄ-ին` մեխանիկորեն վավերցվելու են այդ 29 համաձայնագրերը: Արծվիկ Մինասյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Այսինքն` կարող ենք արձանագրել, որ այս պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին»:




Լրահոս