ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ` ԱՌԱՆՑ ՀԵՏ ՆԱՅԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոսկերչությունը համարում էր տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը, այդուամենայնիվ, ոսկերիչները պնդում են, որ Սարգսյանի պաշտոնավարման տարիներն իսկական մղձավանջ են եղել իրենց համար: Նրանք նշում են, որ 2008 թվականից սկսած՝ տարեցտարի ավելի ու ավելի ծանրացավ իրենց հարկային բեռը, ինչին զուգահեռ «նստեց նաեւ ոսկու առեւտուրը»:

Դեռեւս նախորդ տարի` ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երեւան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը նախկին վարչապետ Տ. Սարգսյանն իր խոսքն ուղղելով ոսկերիչներին հայտարարել էր. «ՀՀ կառավարությունը ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու եւ ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ի դեմս ՀՀ կառավարության, դուք ունեք հուսալի գործընկեր: Պատրաստ ենք համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ հայ ժողովուրդը շարունակի հպարտանալ այն հաջողություններով, որ ունեցել ենք եւ պետք է ունենանք»: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեցին ոսկերիչները, ամեն ինչ ուղիղ հակառակն է:
58-ամյա Սամվել Թորոսյանն արդեն 19 տարի է, ինչ զբաղվում է ոսկերչությամբ եւ քաջատեղյակ է այս արհեստի բոլոր նրբություններին: Նրա պնդմամբ` ոսկերիչների մոտ դժվարություններն ի հայտ եկան 2007-ի վերջերից. «Իսկ 2008-ի սկզբից տարեցտարի ավելի վատացավ մեր վիճակը: Հարկային վճարումներն ավելացան, առեւտուրը նվազեց, ինչին խթանեց նաեւ արտագաղթը: Ոսկերիչների գերակշիռ մասը վարկեր վերցրեց բանկերից եւ պարտքերի տակ ընկավ: Իսկ կառավարությունը ոչինչ չարեց մեզ օգնելու համար»: Ու թեեւ մեր զրուցակիցը չշտապեց կանխատեսումներ անել նոր կառավարության հետ կապված, այդուամենայնիվ հույս հայտնեց, որ նոր վարչապետի նշանակմամբ ոլորտում առկա խնդիրներն ինչ-որ չափով կկարգավորվեն:
Մեկ այլ ոսկերիչ, ով աշխատում է Երեւանի ոսկու շուկայում, վստահեցրեց, որ համեմատած նախորդ տարիների հետ, ոսկու վաճառքը շատ է նվազել: Չնայած սրան, ոսկերիչներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեցին, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո այս ոլորտում ինչ-որ չափով դրական տեղաշարժ կլինի: Իսկ թե ինչու են նրանք հայտնվել նման անելանելի վիճակում, ոսկերիչ Կառլեն Հակոբյանը պարզաբանեց. «Ընդհանուր ժողովրդի վիճակն է վատ, մերը ոնց լավ լինի: Ամեն ինչ շաղկապված է իրար: Էս վերջին երկու տարիներին հայերն այդքան էլ շատ ոսկի չեն գնում: Օրինակ` իրենց հարազատների հարսանիքին ոսկե մատանի կամ մեկ այլ իր նվիրելու համար 5-6 հոգի միանում են ու գնում մեկ կտոր ոսկի: Իսկ նախկինում այդպես չէր: Մեր հայ ազգը սիրում է ոսկի գնել, հավաքել: Բայց հիմա, մարդիկ հնարավորություն չունեն, նրանց գնողունակությունն ընկել է»: Նա նաեւ ասաց, որ հիմա մարդկանց մեծ մասը հարսանիքը «պարտքով» է անում, ինչի համար էլ շատերը ոսկի նվեր տանելու փոխարեն գումար են տալիս: Կամ էլ` ինչ-որ անհրաժեշտ կենցաղային իր, որն ավելի մատչելի է, քան ոսկին: Բացի այդ, մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունում առկա դոլար-ռուբլի հարաբերակցությունն էլ է ազդում ոսկու վաճառքի վրա, նաեւ` Ադրբեջանում բացված ոսկու ազատ շուկան:
«Դուք որ փողոցով քայլում եք, չե՞ք նկատում, որ քաղաքում գործող խանութների մեծ մասն արդեն փակվել է: Գյուղացու գործերը վատ են. թե նախկինում տատիկը թոռան համար պարտադիր ոսկուց մատանի կամ վզնոց էր գնում, որն ավանդույթ էր, հիմա` դա չկա: Խեղճերը նույնիսկ չեն կարողանում իրենց կոմունալ ծախսերը հոգալ, ուր մնաց թե ոսկի գնեն: Իսկ եղած ոսկին էլ կամ վաճառում են կամ էլ` բանկերում գրավադրում: Չէ, ամեն ինչն էլ ազդել է ոսկու առեւտրի վրա»,-հուսահատված ասաց երիտասարդ ոսկերիչ Արտյոմը:
Այն, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ոսկերիչների համար վատ են եղել, փաստում են բոլոր ոսկերիչները: Բավական է հիշել նախորդ տարի Ամանորից առաջ Երեւանի ոսկու շուկայում տեղի ունեցող իրադարձությունները. ոսկերիչների բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի մոտ, ոսկու շուկայում պարբերաբար եւ երկարաժամկետ ստուգումները, ինչից հետո շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը կլորիկ գումարով տուգանվեց: Արդյունքում շուկայի տնօրենը շեշտակիորեն բարձրացրեց տաղավարների վարձավճարները:
«Սարգսյանի օրոք չէ՞ր, որ ոսկերիչների տաղավարների վարձավճարները 40 հազար դրամից բարձրացան` դառնալով 120 հազար դրամ: Չե՞ք նկատել պատերին փակցված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանում ոսկերիչներ են պահանջվում, ու նրանք էլ գնում են առանց հետ նայելու, որովհետեւ այնտեղ պայմանները լավ են: Այնտեղ եկամտաբեր է աշխատելը, իսկ այստեղ` ոչ: Ոչ մի աջակցություն»,-ցավով նշեց երիտասարդ ոսկերիչ Արտյոմը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ԲԱՎԱՐԻԱ»-Ն ԿԽԱՂԱ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

«Չելսի»-ն, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն շարունակում են պայքարը Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր, իսկ մինչ այդ քառորդ եզրափակիչ հանդիպումների վերաբերյալ կարծիք հայտնեց հայտնի մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը.

-Քառորդ եզրափակիչ հանդիպումներում, իմ կարծիքով, ոչ մի անակնկալ չգրանցվեց. իրականում հաղթեցին նրանք, ովքեր այս պահի դրությամբ ուժեղ էին, եւ մասնագետներն էլ այդպես էին կանխատեսում։ Իհարկե, իր՝ հաջորդ փուլ դուրս գալու հարցը մի պահ կասկածանքի տակ դրեց «Ռեալ»-ը, բայց այսօր դա այն թիմն է, որն էմոցիաների ազդեցության տակ չի ընկնում։ Ու, երբ 0։2 հաշվով զիջում էր «Բորուսիա»-ին, տեսաք, թե ինչպես դրանից հետո՝ երկրորդ խաղակեսում, լրիվ ուրիշ ֆուտբոլ խաղաց։ Հիմա, իհարկե, ոմանք կարող են ասել, որ Հենրիխ Մխիթարյանը չխփեց 100 տոկոսանոց գոլը, այլ պատճառներ կբերեն, բայց ռեալ իրականությունն այն է, որ արքայական ակումբը միանգամայն օրինաչափորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որովհետեւ «Բորուսիա»-ի այսօրվա խաղը, մեղմ ասած, տպավորիչ չէ։ Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ի՝ հաջորդ փուլ դուրս չգալուն, ապա, չնայած անձամբ ես նրա երկրպագուն եմ, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ դա միանգամայն օրինաչափ էր։ Դիեգո Սիմիոնեի գլխավորությամբ «Ատլետիկո»-ն շատ գրագետ, հստակ գործեց եւ իր անելիքն արեց։
-Երեւի դա ավելի շատ մարզիչների դիմակայություն էր։
-Այո։ Եվ իզուր չէ ասված, որ մարզիչը թիմի կեսն է։ Ինչ վերաբերում է «Չելսի»-ին, կարծում եմ՝ եթե այդ թիմը կիսաեզրափակիչ դուրս չգար, Չեմպիոնների լիգայի մրցաշարը դրանից կտուժեր. առանց դերասանական արվեստի վարպետ Ժոզե Մոուրինյոյի ու «Չելսի»-ի կիսաեզրափակիչն այն չէր լինի։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա մի անգամ էլ համոզվեցինք, որ այն մի թիմ է Իբրահիմովիչի հետ եւ բոլորովին այլ թիմ՝ առանց նրա։ Հենց դա էլ իր դերը խաղաց։ «Բավարիա»-«Մանչեսթր Յունայթեդ» զույգում, իմ խորին համոզմամբ, «Բավարիա»-ն պարզապես հաշվի վրա էր խաղում առաջին խաղակեսում. իրեն 0։0 արդյունքն էլ ձեռնտու էր։ Այսինքն՝ ավելի ռացիոնալ, պրագմատիկ ֆուտբոլ էր խաղում։ Մենք համոզվեցինք, որ հենց պետք է լինում, գերմանական այդ հստակ, ժամացույցի նման գործող մեխանիզմն աշխատում է, ու գերմանական ակումբն այսօր պարզապես մրցակցությունից դուրս է։
-Ըստ Ձեզ՝ ո՞ւմ հաղթելու շանսերն են ավելի մեծ։
-Իմ կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բավարիա»-ն անպայման կխաղա երափակչում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ

Երբեմն ինքներս մեզ հարց ենք տալիս. «Ճիշտ է արդյոք հավատալ ճակատագրին…»:
Ստորեւ ներկայացվելիք շատ կոնկրետ դեպքում հավատը կամ վերապահումներն այլեւս ոչինչ չեն փոխի: Այն, ինչն արդեն պատահել է, ցավալի է եւ արդյունք է բժիշկների անզգուշության եւ անուշադրության:

2006 թվականն էր, կարծես սովորական մի օր, որը, սակայն, գրեթե ճակատագրական նշանակություն ունեցավ Արտակ Արամայիսի Նորեյանի համար: Նա աշխատելիս սուր կտրող գործիքով վնասեց մատը եւ դիմեց մոտակա բուժհաստատություն, որը, դժբախտաբար, 6-րդ հիվանդանոցն էր («Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ) եւ տվյալ պահին ստացավ շտապ օգնություն:
Հարց կտաք, թե ինչո՞ւ դժբախտաբար: Քանի որ այդ օրվանից որոշ ժամանակ անց վերոհիշյալ բուժհաստատությունում ստացած ոչ մաքուր բուժօգնության պատճառով Արտակ Նորեյանի մոտ ի հայտ են գալիս անընդմեջ ընդհանուր թուլություն, աղիքային խնդիրներ եւ սաստիկ հոդացավեր: 7 տարի շարունակ, պարբերաբար նա դիմել է բժիշկների օգնությանը, կատարվել են բազմաթիվ եւ բազմապիսի հետազոտություններ, ծախսվել, իսկ, ըստ էության, վատնվել են մեծ միջոցներ, սակայն այդպես էլ չի բացահայտվել նրա վատ զգացողությունների պատճառը: Միայն 7 տարի անց՝ 2013թ-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում աշխատանքի ընդունվելու նպատակով հիվանդանոցի կողմից կատարած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրա մոտ առկա է հեպատիտ C վիրուսը:
Հիվանդություն, որի հետ երիտասարդ տղան պայքարում է արդեն յոթ տարի. ինչեր է ապրել նա իր ընտանիքի հետ, որքան չարչարանք, անքուն գիշերներ, անկյալ տրամադրություն, որքան միջոցներ. եւ այս ամենն ընդամենը անփույթ մոտեցման պատճառով: Առավել տառապալից էր վիրուսի հայտնաբերմանը հաջորդող 1 տարին, որի ընթացքում ծախսելով ահռելի մեծ գումարներ եւ անցնելով չափազանց ծանր բուժում, փորձեց պայքարել հիվանդության դեմ, սակայն ապարդյուն: Այժմ ստիպված բուժումը պետք է կազմակերպվի ավելի թանկարժեք դեղամիջոցներով: Աջակցության համար դիմել են նաեւ վերոնշյալ N6 հիվանդանոցի տնօրինությանը, բայց անգամ պատասխան չեն ստացել:
Տուժողը ստիպված դատական գործընթաց է սկսել, գիտակցելով, սակայն, որ դրանից առողջությունը չի վերականգնվի:
Խնդրում ենք ձեզ, բժիշկներ, մի՛ մոռացեք, որ աշխատում եք մարդկանց հետ, նրանց կյանքն ու առողջությունը ձեր ձեռքերում է, եւ վերջապես մի՛ մոռացեք ձեր կողմից տրված Հիպոկրատի երդումը: Մարդուն բուժելու փոխարեն մի հասցրեք այնպիսի վիճակի, որում այժմ իր կամքից անկախ հայտնվել է Արտակ Նորեյանը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս