ԳԵՏԱՀՈՎԻՏԸ ՍԱՀՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանին կից, քաղաքին գրեթե կպած Գետահովիտ գյուղի հին գերեզմանատան թաղամասում շուրջ 50 տուն գտնվում է սողանքային վտանգավոր գոտում:
Օրեցօր սողանքն ակտիվանում է, մարդիկ քնում են՝ ահը սրտում, երկյուղելով, որ ամեն գիշեր կարող է փլուզում լինել, եւ իրենք մնան փլատակների տակ: Թաղամասի սկզբնամասում ճանապարհը մոտ կես մետր փոս է ընկել: Ընդերքում կատարվող տեղաշարժի պատճառով ջրատար խողովակները հայտնվել են գետնի երեսին, տեղ-տեղ գետինը պատռվել է, խոր փոսեր են առաջացել: Գետահովտում սողանքային երեւույթներն ի հայտ են եկել 1988թ. երկրաշարժից հետո, ստորգետնա ջրերի hոսքի պատճառով հողի սահքն ակտիվացել է:
Առավել վատթար վիճակում է միայնակ ապրող կենսաթոշակառու Հերիքնազ Առաքելյանի տունը: Վերջին 2 ամիսներին նրա տունն ու բակը սկսել են փլվել: Տարեց կնոջ տան պատշգամբը, կառույցի սյուներն ու աստիճաններն իջել են: Տան հիմքը «նստում է», հենապատերն անկարող են եղել դիմանալ բնության տարերքին: Հ. Առաքելյանը ստիպված փլված պատշգամբի վրայով փայտե կամրջակ է անցկացրել, որով շրջանցում է փլատակները: Նա չի ուզում լքել իր տունը կամ զավակների մոտ՝ արտերկիր տեղափոխվել: Իսկ նույն թաղամասի բնակիչ Վալերի Ղազարյանը ստիպված լքել է իր նորակառույց երկհարկանի տունն ու բազմանդամ ընտանիքը տեղափոխել վարձով բնակարան:
Նշենք, որ դեռեւս 90-ականներին Գետահովտի 6 ընտանիք սողանքի համար փոխհատուցում են ստացել եւ տեղափոխվել: Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանն այս թաղամասի խնդրի, աստիճանաբար ուժեղացող սողանքի եւ մարդկանց սպառնացող իրական վտանգի մասին բազմիցս հայտնել է Տավուշի մարզպետարան եւ կառավարություն: Գյուղապետն ասում է, որ սողանքի հետեւանքով ջարդվում են ջրատար խողովակները, եւ իրենք ստիպված են լինում դրանք փոխել: Մինչ կառավարության օգնությունն ուշանում է, Աստված մի արասցե, Գետահովտում կարող են ցավալի կորուստներ լինել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս