Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Հանրապետական կուսակցությունն այդպես էլ չհրապարակեց, թե ով է լինելու ՀՀ վարչապետի թեկնածուն: Գործադիր մարմնի անդամները լռում են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամներն էլ հայտարարում, որ վարչապետի հարց չի քննարկվել ու իրենք սպասում են, թե երկուշաբթի օրը ինչ որոշում կկայացվի: ՀՀԿ-ականներն անգամ մերձավոր շրջապատում խոստովանում են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել՝ արդյոք Ս. Սարգսյանն իրենց հետ քննարկել է ՀՀ վարչապետի հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարոն Մինասյան, ի վերջո ի՞նչ է ՀՀԿ գործադիր մարմնում քննարկվել, եթե ոչ ՀՀ վարչապետի թեկնածուի հարցը: Դուք, լինելով ՀՀԿ-ական, տեղյա՞կ եք, թե ՀՀԿ ԳՄ-նիստում ի՞նչ քննարկում է եղել:
-Արդեն դրա մասին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է:
-Բայց ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի կարողանում կողմնորոշվել վարչապետի ընտրության հարցում, ինչու է ձգձգում իր որոշումը:
-Ես չեմ կարծում, որ նախագահը չի կարողանում որոշում կայացնել, որոշում կայացնելը Սերժ Սարգսյանի բացառիկ իրավունքն է: Ինքը որոշել է մի քանի օր հետո հայտարարել, կարծում եմ՝ դրանում ինչ-որ բան չկա: Օրենքը, ՀՀ Սահմանադրությունն այդ իրավունքը տալիս են, իսկ ժամկետներն էլ դեռ չեն լրացել:
-Եթե ասում եք, որ Սերժ Սարգսյանը որոշել է մի քանի օր հետո հայտարարել, նշանակում է` նա արդեն որոշումն ունի, պարզապես չի շտապում այն հրապարակել: Որն է պատճառը, որ նա իր կուսակիցներից անգամ թաքցնում է իր որոշումը:
-Իսկ ով է ասել, որ պետք է հենց այդ պահին հայտարարվեր վարչապետի մասին: Մեր կուսակցությունում ամեն հինգշաբթի օրը նախատեսված է գործադիր մարմնի նիստ, բայց ով էր ասել, որ գործադիր մարմնի նիստի ժամանակ պետք է հայտարարվեր: Այդ հարցը դեռ կքննարկվի նաեւ ՀՀԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ ու արդեն կհայտարարվի այդ մասին: Ի դեպ, արդեն հայտարարվել է, որ վարչապետի հարցը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ չի քննարկվել:
-Եթե մեկուկեսժամանոց ԳՄ նիստում վարչապետի հարցը չի քննարկվել, ստացվում է ՀՀԿ-ում վարչապետի հարցից ավելի հրատապ հա՞րց է եղել քննարկելու:
-Այլ հարցեր են քննարկվել այդ ժամանակ: Իսկ քաղխորհուրդը կլինի ու արդեն կհաստատվի վարչապետի թեկնածուն:
-Իսկ ո՞վ է ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն, կուսակցությունում հստակ որոշում կա,՞ որպեսզի այն հետագայում քննարկվի եւ հաստատվի:
-Համոզված եմ, որ կա, բայց դա, մի մոռացեք, որ իմ կամ որեւէ մեկի բացառիկ իրավունքը չէ, նախագահը կներկայացնի վարչապետի թեկնածուին:
-Տեղյա՞կ եք, թե Ս. Սարգսյանն ինչ է քննարկել քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
-Երկուշաբթի կհանդիպենք` կասի, թե ինչ են քննարկել ու ինչ ընդհանուր հայտարարի եկել: Այս պահի դրությամբ, բացի բանակցության ընդհանուր տեքստից, ուրիշ բանի հետ ծանոթ չեմ, տեղեկություն չունեմ:
-Պարոն Մինասյան, ՀՀԿ-ում ցանկանո՞ւմ են, որպեսզի Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնա:
-Դա երկրի նախագահի բացառիկ իրավունքն է, Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության մեջ, մեր պետության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձանցից մեկն է: Ես այդ իրավունքը երբեք ինձ վրա չեմ վերցնում, որպեսզի ասեմ… Երբ որ թեկնածուին կառաջադրեն, այդ ժամանակ էլ ովքեր ցանկություն կունենան, ելույթ կունենան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկին Աճեմյան, ինչո՞ւ իշխող կուսակցությունը որոշում չի կայացնում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցում: Ի՞նչու այդ հարցը չհստակեցվեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստում:
-Երկուշաբթի խորհրդի նիստ է գումարվելու, որի ժամանակ էլ կարող եմ խոսել: Իսկ ՀՀԿ ԳՄ նիստի մասին ես որեւէ տեղեկություն չունեմ:
-Նշվում է, որ վարչապետի հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել, ներկայում ՀՀԿ-ում ի՞նչ քննարկումներ են ընթանում:
-Նախագահը կոնսուլտացիաներ է անցկացնում բոլոր ուժերի հետ եւ դրանք ընթացքի մեջ են, իսկ արդյունքների մասին մամուլում տեղեկություններ հրապարակվում են:
-Կարծես թե ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Նա Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է:
-Հովիկ Ահրահամյանը ԱԺ նախագահ է, կուսակցության փոխնախագահ է, այսինքն՝ շատ երկար տարիներ է, որ կուսակցությունում է ու բոլորն էլ գիտեն ու ընդունում են: Իսկ կոնկրետ այդ պաշտոնի առումով` չեմ կարող ասել, որովհետեւ ժամանակը կգա՝ կիմանաք: Նման հարցերը մենք քննարկում ենք խորհրդի նիստի ժամանակ: Քանի որ դեռ չենք քննարկել, ես ոչինչ չեմ կարող ասել:
-Տեղեկություններ կան, որ որոշումը չի կայացվում այն պատճառով, որ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն շատ պաշտոններ է ուզում: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Իրենց կուսակցականներն այդ մասին լուրերն անընդհատ հերքել են, ու անգամ նշել, որ իրենք կոալիցիա չեն մտնելու: Ուստի ես չեմ կարող չհավատալ կուսակցության դիրքորոշմանը, որը պաշտոնապես հայտարարվում է: Իսկ իրենց ցանկությունների մասին պետք է իրենք խոսեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները շունչները պահած սպասում էին, թե ինչ անուն է հրապարակվելու Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, որը տեղի ունեցավ նախօրեին: Սակայն «սերիալն» ընդմիջվեց ամենակարեւոր պահին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, առանց հիմնավոր, հոդաբաշխ բացատրության, հայտնեց, թե երկուշաբթի օրը նոր կորոշվի ՀՀ ապագա վարչապետի անունը: Ինչո՞ւ հետաձգվեց այդ որոշումը:
Փորձենք տրամաբանել՝ հենվելով իշխանական խողովակներից armlur.am-ին հասած տեղեկությունների վրա: Այն, որ իշխանական թեւում վարչապետի հիմնական թեկնածուն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, այլեւս աներկբա է: Իսկ ինչո՞ւ հենց նա: Պատճառը ոչ թե այն է, որ Աբրահամյանն անփոխարինելի գործիչ է, այլ նա ունի ընդամենը մեկ հմայք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանի առավելությունն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է, ով վերջին շրջանում սկսել է անհարմարություններ պատճառել Սերժ Սարգսյանին: Այսօր Սարգսյանը ռեալ վտանգ է տեսնում, որ Ծառուկյանը սկսել է «հրաշալի քառյակ»-ի անվան տակ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Լեւոն Տեր-Պետրոսյանի դուդուկի տակ պարել՝ փորձելով իշխանությունն ամբողջությամբ վերցնել: «Հովի՛կ, քեզ վարչապետ եմ նշանակում, բայց պիտի այլեւս «Բարգավաճ»-ի ձայնը չլսեմ». armlur.am-ի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի պահանջ է Սերժ Սարգսյանը դրել Հովիկ Աբրահամյանի առջեւ: Համենայնդեպս, Աբրահամյանն իր թիմակիցներին այսպիսի բացատրություն է տվել՝ ասելով, որ խնդիր ունի լուծելու մինչեւ հաջորդ շաբաթ: Ահա թե ինչու է վարչապետի հարցը մինչեւ երկուշաբթի օրը հետաձգվել. այս ընթացքում կա՛մ պետք է Աբրահամյանը լուծի իր խնամու հարցերը, որպեսզի հրաժարվի վճռական ու արմատական գործողություններից՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության, կա՛մ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու հարցը կմնա օդում կախված: Եթե չհաջողվի, չի բացառվում՝ միանգամայն այլ թեկնածու ի հայտ գա՝ նաեւ դրսից: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի մանկության երազանքը՝ վարչապետի աթոռին նստելու մասով, ժամանակավորապես հետաձգվում է: Նրա ճակատագիրը խնամի Ծառուկյանի ձեռքում է:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁՎԵՐ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի ձու արտադրող ընկերությունները որոշ չափով իջեցրել են իրենց արտադրանքի գինը: Սակայն երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում դեռ հավկիթի գնի փոփոխություն չի արձանագրվել: Սրան զուգահեռ, մարտի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մեր հանրապետություն է ներկրվել 302 հազար 400 հատիկ սննդային հավկիթ: «Ժողովուրդ»-ը ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից տեղեկացավ, որ Սուրբ Զատկի համար ձվի շուկան ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու: Հիշեցնենք, որ մինչ այս ձվի շուկայում անցկացվել է երկու դիտարկում. առաջինը փետրվարին՝ 6-օրյա տեւողությամբ, իսկ երկրորդը՝ մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում: Երեւանում, Լոռիի եւ Շիրակի մարզերում առաջին դիտարկման ժամանակ հայտնաբերվել է մոտ 600, իսկ երկրորդ դիտարկման ժամանակ՝ 4860 ժամկետանց եւ թերի մակնշված հավկիթ: Ի դեպ, երկրորդ դիտարկումներն անցկացվել են նաեւ հավկիթ ներկրող ընկերությունների պահեստային մասերում: Հայտնաբերված խմբաքանակը ոչնչացվել է:
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ
ՕԵԿ-ականները երեկ բավականին ակտիվ կերպով շրջանառության մեջ էին դրել տեղեկություններ այն մասին, թե Սերժ Սարգսյանը մտադիր է վարչապետ նշանակել Արթուր Բաղդասարյանին: Ավելին՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ հարցազրույց էր տվել news.am-ին՝ ասելով. «Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն… Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը… Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին»: Այս խոսքերը Հեղինե Բիշարյանն ասել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:
Ուշագրավն այն է, որ այս օրերին որպես վարչապետի ամենահավանական թեկնածու, նշվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, եւ ՕԵԿ-ն այս պահվածքով, ըստ էության, խախտում է քաղաքական կոռեկտությունը՝ մոռանալով, որ ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարեցին ՀՀԿ-ի եւ նրա շտաբի պետ Հ. Աբրահամյանի շնորհիվ: Հիմա Բիշարյանն անուղղակի կերպով ցեխ է շպրտում նաեւ Աբրահամյանի վրա՝ նրան ներկայացնելով որպես անկիրթ, անգրագետ, նախագահին ոչ հավատարիմ մարդ:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա վարչապետի պաշտոնը նրա համար եւս, ինչպես երազախաբ եղած Հովիկ Աբրահամյանի դեպքում, մշտապես եղել է բաղձալի երազանքներից մեկը: Նույնիսկ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, ՕԵԿ-ականները, հանդիպելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել էին, թե կսատարեն նրան, եթե վերջինս խոստանա Արթուր Բաղդասարյանին նշանակել վարչապետ: