ԲՅՈՒՋԵԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ՝ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն այլեւս դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով: Սակայն, երբ մանրամասն վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, մտահոգիչ պատկեր է ստացվում:
Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի մուտքի ահռելի բաժինը՝ 96.2 տոկոսը: Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0.1 տոկոսով պակաս: Առաջին հայացքից թվում է, թե – 0.1 տոկոսն առանձնապես մեծ թիվ չէ: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն, 2013թ. համեմատ, 100 մլրդ դրամով ավելի է: Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8.5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի: Այնինչ, դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը:
Սակայն սա դեռ ամբողջը չէ. այս տարի պակաս են հավաքվել ե՛ւ շահութահարկը, ե՛ւ ակցիզային հարկը, ե՛ւ մաքսատուրքերը: Ընդ որում, շահութահարկի հավաքագրումը նվազել է 15 տոկոսով, մաքսատուրքերը՝ 14.9 տոկոսով, ակցիզային հարկը՝ 21.4 տոկոսով:
Նկատենք, որ այս ցուցանիշները լավագույնս բնութագրում են ՀՀ տնտեսության իրական վիճակը. տնտեսագիտական խորը գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու, որ արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազումն իր հերթին բերում է շահութահարկի նվազման, էլ չենք խոսում մաքսատուրքերի մասին: Ու հիմա, եթե այդ հարկատեսակների հավաքագրումը նվազել է, նշանակում է՝ Հայաստանում տնտեսությունը սկսել է մեռնել:
Իսկ ինչպե՞ս են իշխանություններն, այնուամենայնիվ, «բյուջե լցնում»: «Ժողովուրդ»-ը տարբեր, հիմնականում փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտներից բազմիցս է ահազանգեր ստացել, որ հարկային տեսուչներն իրենց ստիպում են կանխավճարներ մուծել՝ մի քանի ամսվա գումարը միանգամից, այլապես՝ սպառնալով նրանց վրա «մի բան գտնել ու տուգանել»: Մյուս կողմից՝ ինչպես «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում էր տեղեկացրել, այս օրերին ՊԵԿ-ի հարկային ծառայության տեսուչները զանգահարում են իրենց գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերին, ընկերությունների ղեկավարներին ու «ախպերականով» համոզում՝ վերսկսել աշխատանքները, որպեսզի իրենք էլ կարողանան «մի քանի կոպեկ փող» հավաքել: Ընդ որում, հարկային տեսուչներն էլ են դժգոհում, որ հարկ հավաքելը գնալով ավելի ու ավելի է դժվարանում: Բայց քանի որ այս մեթոդն այլեւս սկսել է իրեն չարդարացնել (ի վերջո, չի կարող տնտեսվարողը 2014թ. հունվարին վճարել սեպտեմբերի, կամ արդեն 2015թ. հունվարի հարկը), իշխանություններին օգնության են հասել ամենակարող ճանապարհային տեսախցիկները, արագաչափերը, ինչպես նաեւ՝ ամենաչնչին առիթով տնտեսվարողներին ու վարորդներին տուգանելը: Այլ հարկերի անվան տակ հավաքված գումարները, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համեմատ աճել են 67.8 տոկոսով, պետական տուրքերի հավաքագրումը՝ 21.1 տոկոսով: Ասել է թե՝ ՀՀ պետական բյուջեն հիմա գոյատեւում է բացառապես տեսախցիկների, արագաչափերի ու հարկային մարմինների տուգանքների շնորհիվ: Սակայն սա հուսալի միջոց չէ՝ չի կարելի անվերջ հույս դնել ուրիշների «սխալվելու» վրա:
Եվս մեկ կարեւոր փաստ. այս տարի նվազել են նաեւ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները՝ մոտ 9 մլրդ դրամով: Ասել է թե՝ անգամ օտարերկրյա կազմակերպությունները գումար չեն տալիս Հայաստանին:
Այս պատկերը, սակայն, ամենեւին էլ անսպասելի չէ. այս մասին ժամանակին նախազգուշացնում էին ոչ միայն խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ պնդելով, որ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել 2014թ. բյուջեն, այլեւ՝ դեռ 2013թ. սեպտեմբերի 28-ի՝ կառավարության նիստից հետո ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարել էր, թե հարկային վարչարարության մասով ՊԵԿ-ը հասել է մի մակարդակի, երբ յուրաքանչյուր տարի միայն զուտ վարչարարության հաշվին լրացուցիչ հարկային մուտքերի հավաքագրումը դառնում է շատ սահմանափակ: «Մենք ավելի կողմնակից ենք, որ եկամուտների հավաքագրումը իրականացվի միայն տնտեսության աշխուժացման հաշվին»,- ասել էր նա:
Այսքանից հետո, թերեւս, հարկ է նկատել, որ այսօր ով էլ ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը, պետք է նկատի ունենա, թե ինչ խնդիրների առաջ է կանգնելու, երբ բյուջեի հավաքագրումն օրեցօր դառնում է լրջագույն խնդիր: Ու անկախ իր մարդկային, մասնագիտական որակներից, միեւնույն է՝ ինքը կանգնելու է փաստի առաջ: Ինչ-ինչ, բայց իշխանության ներկայացուցիչները շատ ավելի լավ գիտեն իրական վիճակը. հավանաբար, դրա համար էլ շատերը չեն ուզում այդ գայթակղիչ պաշտոնին մոտ գնալ, իսկ այդ պաշտոնն իրականում ուզողը շարժվում է պարզապես փառամոլությունից ելնելով՝ աթոռ ունենալու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՏԽՈՒՐ  ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նոր կառավարության ձեւավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը: Բանն այն է, որ տիկին Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի կադրը, եւ 1997թ. սկսած նա աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավար է եղել Տիգրան Սարգսյանը` Հայաստանի բանկերի ասոցիացիա, Կենտրոնական բանկ եւ վերջապես՝ կառավարություն` էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում: Եվս մեկ կարեւոր հանգամանք. Կարինե Մինասյանն ընդգրկված է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության աշխատանքային խմբում ու ակտիվ գործունեություն է ծավալում այս հարցում: «Ժողովուրդ»-ի հարցին` Դուք ձեզ տեսնո՞ւմ եք արդյոք նոր կառավարության կազմում, թե՞ հնարավոր է` դուք էլ հեռանաք, տիկին Մինասյանը պատասխանեց. «Միթե դա կարեւոր է»:

 

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Չնայած «հրաշալի քառյակ»-ի անդամներից ՀՅԴ-ն ներկա չէր Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը, բայց դաշնակցականները պնդում են` իրենք դուրս չեն գա քառյակի կազմից: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց. «Արդեն բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին պատասխանել եմ եւ ասել, որ քառյակի բաժանում տեղի չի ունենա. ընդամենը ավելացել է մի հետաքրքիր լուսանկար»: Նկատենք, որ խոսքը երեկ կայացած Տեր-Պետրոսյան- Ր.Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման այն լուսանկարի մասին է, որտեղ Գագիկ Ծառուկյանը բազմել էր մեջտեղում, հյուրերը՝ անհամարձակ կեցվածքով՝ կողքերը:

 

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԿՏԻՎԱՑԵ՞Լ Է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի առաջնորդների ու ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ: Այդ շրջանակներում խոսվում է, որ Ռ. Քոչարյանը հանդիպել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից:
-Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Ռ. Քոչարյանը հանդիպում է ունեցել Ր. Հովհաննիսյանի հետ: Ի՞նչ են քննարկել հանդիպման ժամանակ:
-Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում չի եղել:
-Իսկ այլ կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպում նախատեսվա՞ծ է:
-Ես որեւէ տեղեկություն չունեմ, գուցե մամուլն ավելի լավ է տեղեկացված:
-Բայց նշվում է, որ Ռ. Քոչարյանը հանդիպումներ է ունենալու բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների հետ: Նման հանդիպումներ լինելո՞ւ են:
-Առաջիկա շաբաթվա ընթացքում որեւէ հանդիպում նախատեսված չէ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈՂՋՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ողջունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:«Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման եւ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- նշված է ԱԳ նախարարի հայտարարությունում: Հիշեցնենք, որ ընդունված բանաձեւը կոչ է անում Սենատին՝ հարգել հանցագործության հիշատակը, իսկ նախագահին` ապահովել, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի փաստականացված իրողություններն անպատիժ մնացած ցեղասպանության վերաբերյալ:

 

ՇՈՒՏ ՊԻՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԻՆ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ երեկ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, միջազգային փորձը եւ ՀՀ կառավարությանը ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Խմբի առաջիկա նիստը ապրիլի 15-ին է:

 

ԴԱՏԸ ՍԿՍՎԵՑ
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի են ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Հ. Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին:

 

ՊՈՐՏՖԵԼԻ ՀԱՐՑ ՉԿԱ՞
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն, անդրադառնալով «հրաշալի քառյակ»-ի պառակտմանը եւ առաջիկայում ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայում պորտֆելներ ստանալու մասին խոսակցություններին, NEWS.am-ին ասել է. «Չկա նման բան, պորտֆելի հարց առհասարակ ՀՅԴ-ն չի դրել, չի քննարկել եւ այդ հարցի շուրջ առհասարակ որեւէ ձեւաչափով քննարկում չի եղել»: Նա, սակայն, չի բացառել Սերժ Սարգսյանի հետ նոր հանդիպման հավանականությունը:

 

ԷԼԻ ՍԵՐԺՆ ԸՆՏՐՎԵՑ
Երեկ Բյուզանդի 1/3 հասցեում տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ժողովը, որին մասնակցել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:




Լրահոս