Տիգրան Սարգսյանի հրաժարականը լիովին տեղավորվում է երկրում հաստատված քաղաքական տրամաբանության շրջանակներում: Հատկանշական է, որ նախկին վարչապետի պաշտոնանկության լուրերը նախորդ 6 տարիների ընթացքում քանիցս պտտվում ու մարում էին՝ ի հեճուկս հասարակական սպասումների: Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց առավելագույնս օգտագործել Տիգրան Սարգսյանին ու նրան հրաժեշտ տալ ճի՛շտ ժամանակին: Ստորեւ փորձենք հասկանալ իշխանությունների քայլերի տրամաբանությունը եւ այն, թե դրանց ինչով կարող է պատասխանել ոչ իշխանական Քառյակը:
Անշուշտ, վարչապետի հրաժարականի գլխավոր շարժառիթը լարված ներքաղաքական իրավիճակն է, որի հանգուցալուծման համար Սերժ Սարգսյանը գնաց նման հարկադիր քայլի: Հայտարարվել էր, որ Քառյակը մտադիր էր հանրահավաքային բողոքի գործողություններ սկսել՝ կառավարության հրաժարականի պահանջով, ինչը, կանխատեսելի է, թե ինչպիսի իրավիճակ կարող էր առաջացնել հանրապետությունում՝ հատկապես հաշվի առնելով ժողովրդական հարաճուն դժգոհության մակարդակը: Ի դեպ, կառավարության հրաժարականը պահանջող ուժերի համատեղ պոտենցիալը թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունների համար նման պայմաններում բավականին բարդ էր լինելու պահել Սահմանադրական դատարանի որոշմամբ խստագույնս թուլացած վարչապետին: Հրապարակային պայքարի մեծ փորձ ունեցող ՀԱԿ-ի, ֆինանսա-տնտեսական հսկայական լծակներ ունեցող ԲՀԿ-ի, սփյուռքյան աջակցությունը վայելող ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միասնական գործակցությունը, համալրված քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությամբ, հազիվ թե հնարավոր լիներ կասեցնել առանց բիրտ միջոցների: Մյուս կողմից էլ՝ Տիգրան Սարգսյանն այն ֆիգուրը չէր, որի համար կարելի կլիներ դիմել բռնության, էլ չասած, որ դա ահռելիորեն թուլացնելու էր անձամբ Սերժ Սարգսյանին: Ահա այս ամենը հաշվի առնելով՝ միանգամայն սպասելի էր Տիգրան Սարգսյանին հրաժարականի փաստի առջեւ կանգնեցնելու Սերժ Սարգսյանի որոշումը:
6 տարի շարունակ իր կողքին պահելով Տիգրան Սարգսյանի պես քաղաքական հենք չունեցող դերակատարին՝ Սերժ Սարգսյանն այժմ հարկ համարեց ազատվել նրանից: Այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսությանը մեծ վնաս հասցրեց, որեւէ լուրջ տնտեսագետի մոտ կասկած չի հարուցում: Բայց վարչապետի պաշտոնը մեծապես սքողված է քաղաքական պատմուճանով, ուստի միայն տնտեսական հանգամանքների շեշտադրումը հաստատապես մոլորություն է: Տիգրան Սարգսյանին զոհաբերելով՝ Սերժ Սրագսյանը 1) կատարված փաստի առաջ կանգնեցրեց Քառյակին, որի հանրահավաքային գործողությունները փաստացիորեն դարձան անիմաստ, եթե, իհրակե, չեն վերաբերում Սերժ Սարգսյանի հրաժարականին, 2) հնարավորություն ստացավ ժամանակ շահել եւ շարունակել իր կառավարումը 3) լրացրեց թիկունքում առաջացած ճեղքը՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ի դեպ, այս վերջին պարագան խիստ կարեւորվում է, քանի որ դեռ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հպարտորեն պաշտպանում էր վարչապետին եւ նրա «բարեփոխումները»: Արդ, եթե այժմ կառավարության օրենքը հակասահմանադրական է, ապա այդ կառավարության գործողություններն ու գործունեությունն էլ ինքնաբերաբար հակասահմանադրական են: Եվ եթե երկրի նախագահը համաձայն է դրանց, ավելին՝ հրապարակայնորեն սատարում է հակասահմանադրական օրենքը, ապա ինքն էլ է հակասահմանադրական: Այս տրամաբանությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանին այլ քայլ չէր մնում, քան մի հարմար քավության նոխազ փնտրելն ու պատասխանատվությունը նրա գլխին կոտրելը:
Իշխանության գործողությունների տրամաբանության շրջանակներում առավել հետաքրքրական են դառնում Քառյակի քայլերը: Որքան էլ վերջինիս ներկայացուցիչները պնդեն, թե սպասում էին վարչապետի հրաժարականին, բավական է ասել, որ նույնիսկ ինքը՝ վարչապետը, ակնհայտորեն չէր սպասում սեփական հրաժարականին: Նման իրավիճակում Քառյակի հիմնական գործը պետք է լինի Սերժ Սարգսյանին պարտադրելը, որ նշանակի իրե՛նց վարչապետին: Ըստ էության, վարչապետի հրաժարականին հասնելն ավելի դյուրին է, քան վարչապետ նշանակել պարտադրելը: Արդ, գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանին որեւէ քայլ պարտադրելն է, ինչը կլինի վերջինիս թուլության առհավատչյան: Եթե Սերժ Սարգսյանը կրեց նման պարտություն, ապա վստահաբար կարելի է պնդել, որ նրա պաշտոնանկությունն իրեն երկար սպասեցնել չի տա:
Այս համատեքստում արդեն անկարեւոր է դառնում վարչապետի անձը: Կարեւորվում է այն հանգամանքը, թե ինչպես է նշանակվում այդ վարչապետը՝ Սերժ Սարգյսանն իր կամքո՞վ է գնում այդ նշանակմանը, թե՞ հարկադրաբար: Տիգրան Սարգսյանի հրաժարականը հարկադրական քայլ էր, բայց որքանո՞վ կկարողանա Քառյակն ամրապնդել իր դիրքերը եւ հասնել առարկայական արդյունքի: Հարկ է միաժամանակ նկատել, որ երկրում ստեղծված վիճակին հակառակ՝ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետի պաշտոնում մի ձեւական դերակատարի նշանակել: Այս պարագայում, սակայն, արդյոք բացառված չէ՞, որ նա նոր զոհողության գնալու ժամանակ եւ հնարավորություն կարող է չունենալ: Այս կապակցությամբ ցանկանում ենք մեջբերել Վանո Սիրադեղյանի՝ տարիներ առաջ արած կանխատեսումը. «Սերժ Սարգսյանին կործանելու է ագահությունը: Վերջին ամսի վերջին միլիոնին հետամուտ՝ նա այս անգամ բաց է թողնելու դավաճանելու պահը»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԽԴՐԱՆՑԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ Է
ՀՀ Սյունիքի մարզի Խդրանց համայնքն, ինչպես մեր հանրապետության մյուս համայնքները, օր օրի դատարկվում է: Այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Խդրանցի համայնքի ղեկավար Գնել Սարգսյանի հետ:
-Այս պահին քանի՞ բնակիչ է ապրում Խդրանցում:
-59 մարդ: Գյուղի 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում եւ աշխատում, իսկ մի մասն էլ՝ Քաջարանում: Գյուղում միայն թոշակառուներ են ապրում ու իրենց թոշակով են յոլա գնում: Զբաղմունք չկա, որ ասեմ մի հիմնարկություն կա, չէ, դա էլ չկա: Մարդիկ ուզում են հողագործությամբ զբաղվել, բայց ջուր չկա:
-Իսկ խմելու ջուր ունե՞ք:
-Ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր ունենք: 100 տարվա հնացած, ժանգոտած խողովակի ջուրն ենք խմում, որից հող է թափվում, աղբ է թափվում: Բերենք տանք մեր պաշտոնյաներին տեսնենք կխմե՞ն այդ ջուրը, թե՞ ոչ:
-Իսկ ցանքսով զբաղվո՞ւմ են մարդիկ:
-Համապատասխան տեխնիկա չունենք, որ մարդիկ գոնե դրա միջոցով ցորեն եւ գարի ցանեն: Արոտի հողեր ունենք, բայց էլի տեխնիկա չունենալու պատճառով չեն կարողանում խոտ հավաքեն, որ անասունին տան: Տրանսպորտ չկա: Գյուղում դպրոց չկա: Չենք էլ ունեցել երբեւէ:
-Իսկ աշակե՞րտ:
-Ընդամենը երկուսն են: Այն էլ իմ երեխաներն են: Իսկ դպրոցն էլ գտվում է 3 կմ հեռավորության վրա՝ հարեւան Ագարակ համայնքում: Իսկ նախկինում Խդրանցն ունեցել է 60-65 աշակերտ: Ո՞նց եք պատկերացնում՝ երեխան 3կմ ինչպե՞ս է վաղ առավոտ գնալու, որ հասցնի դասերին:
-Այս խնդիրներին մարզպետ Վահե Հակոբյանը տեղյակ չէ՞:
-Տեղյակ է, մենք էլ սպասում ենք: Ասում է՝ կաջակցենք, կօգնենք: Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ:
-Ինչո՞ւ, ո՞ւր եք ցանկանում գնալ:
-Բա մնամ ի՞նչ անեմ, գյուղում ոչ մի բան չկա:
-Ե՞րբ եք հանձնելու Ձեր մանդատը:
-Դե, հարմար թեկնածուի եմ սպասում: Գտնեմ՝ կհանձնեմ:
-Հիասթափվե՞լ եք:
-Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս եւ մորս հետ: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ:
-Իսկ ո՞ւր եք գնալու: Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի՞:
-Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ: Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՎԿԻԹՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել Երեւանի 11 մանկապարտեզներում: Դրանց մեջ եղել է մեկ մասնավոր եւ 10 պետական մանկապարտեզ: Վերջիններում սանիտարահիգիենիկ պայմանների եւ սննդի որակի հետ կապված որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Խախտումներ են հայտնաբերվել Դեմիրճյան փողոցում գտնվող թիվ 53 մասնավոր մանկապարտեզում, ուր, ըստ մեր տեղեկությունների, այցելում են նաեւ պաշտոնյաների երեխաներ, իսկ ուսման վարձը հասնում է մինչեւ 200 դոլարի: Այստեղ սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, հայտնաբերվել են ժամկետանց ձվեր, սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժական տարրական փորձաքննությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ: Այդ խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել տվյալ ընկերությունը, տրվել են հանձնարարականներ՝ առկա խախտումները շտկելու համար: Ինչպես armlur.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, այս պահին արդեն շտկված են բոլոր թերությունները:
50.000 ՏՈՆՆԱ ՁՈՒԿ ԵՆ ԱՃԵՑՆՈՒՄ
Երեկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հայտնել է, որ Սեւանա լճի խնդիրները դեռ նույնն են մնում: Ողջունելի է, որ իշխան ձկնատեսակի վերականգնման փորձ է արվում, այսինքն` մանրաձկներ են բաց թողնում, մի կողմից էլ՝ ապօրինի որս է արվում: Ինչ վերաբերում է Սեւանա լճում ձկնաբուծարան կառուցելու ծրագրին, բանախոսն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում: «Ձկնաբուծական այս տնտեսության ստեղծումը ցանցավանդակների ձեւով կարեւոր է, քանի որ լինելու է պետության հովանավորության տակ: Ձկնային այդ տնտեսությունում լինելու են ստուգված ձկներ եւ աճեցվելու է մաքուր իշխանի երկու տեսակ: Մենք պետք է ունենանք իշխանի երկու տեսակի գենոֆոնդ պետության աջակցությամբ»,- նշել է նա: Ի դեպ, նախատեսվում է աճեցնել 50.000 տոննա ձուկ, որից 1,5 տոկոսը օգտագործվելու է արհեստական բազմացման համար, մնացածը վաճառվելու է: Ծրագրի բացասական կողմն այն է, որ ձկների արտաթորանքների միջոցով Սեւանա լիճ են մտնելու օրգանական նյութեր: Խնդիրը լուծելու համար կարող են պայմաններ ստեղծել, որ այդ տնտեսության մեջ խեցգետիններ լինել, որոնք օրգանական այդ նյութերի սպառողը կլինեն: Անդրադառնալով ձկներին մոդիֆիկացված կերով սնելուն՝ Բ. Գաբրիելյանը հայտնել է, որ ՀՀ-ն օրենք ունի մոդիֆիկացված կերի մասին: Կերը ներմուծվելու է Դանիայից եւ պետք է ձկներին տրվի թույլատրելի սահմանով: