ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Այս երեք երիտասարդներն ամեն օր փոքրիկ «համերգ» են ներկայացնում Աբովյան փողոցի տարբեր հատվածներում: Նրանք փորձում են գոնե այս կերպ որոշակի գումար վաստակել եւ մարել իրենց վերցրած վարկը:
ՀԱՐՑ. Հատկապես վերջին շրջանում տարածված են դարձել տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների քարոզները, որոնք արդեն, մեղմ ասած, հոգնեցնում են հասարակությանը: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարելի է խուսափել նման անիմաստ զրույցներից եւ նրանց սպառիչ պատասխան տալ:
Արմինե Պողոսյան (27 տարեկան, պարուսույց)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աղանդներից պաշտպանվել կկարողանաք, եթե Եկեղեցու դավանանքը լավ իմանաք եւ Պատարագին մասնակցեք ամեն կիրակի, եթե մկրտված չեք՝ մկրտվեք, որպեսզի Պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդությունը ճաշակել կարողանաք: Անհրաժեշտ է ճշմարտությունը իմանալ եւ կատարել, իսկ սուտը հեռու կնահանջի: Պետք չէ նրանց սպառիչ պատասխան տալ: Ապրեք ճիշտ քրիստոնեական կյանքով, գուցե այդպես նրանց կհամոզեք:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը 67-ն է, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու կազմակերպությունները: Իսկ ՀՀ-ում աղանդներում ներգրավված անձանց թիվը տարբեր տվյալներով` 300-350 հազար է կազմում:
ՀԱՐՑ. Անհրաժեշտ է իմանալ, թե գրավի առարկայի վրա ի՞նչ կարգով է բռնագանձում տարածվում, եթե դատարան չեն դիմել:
Ռաֆայել Մելիքյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է կարգը: Մնում է դիմած քաղաքացին ծանոթանա գործող կարգին եւ հարկ եղած դեպքում պաշտպանի իր իրավունքները:
ՀԱՐՑ. Աշխատանքային ծանրաբեռնվածության փոփոխությունների դեպքերում յուրաքանչյուր ամսվա վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկը ի՞նչ ձեւով է կատարվում:
Երանուհի Գաբրիելյան (34 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Գաբրիելյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համաձայն 2013թ. հունվարի 25 ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տրված N2 պաշտոնական պարզաբանման, 1)եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2012թ. ընթացքում եւ 2013թ. աշխատողը աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա պաշտոնայի դրույքաչափային աշխատավարձը որոշվում է ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 692-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` հիմք ընդունելով 2012 թվականի միայն այն ամիսները, որոնց ամբողջ ընթացքում աշխատողն աշխատել է իր վերջին ծանրաբեռնվածությամբ, 2) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2013թ. սկզբից կամ ընթացքում եւ աշխատողը 2013թ. ընթացքում աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա 2013թ. յուրաքանչյուր ամսվա անվանական աշխատավարձի վերահաշվարկված մեծությունը որոշելու համար նախ պետք է հաշվարկել 2013թ. ծանրաբեռնվածությանը համապատասխանող աշխատավարձի անվանական մեծությունը (աշխատավարձի նախկին անվանական մեծությունը ճշգրտելով նոր ծանրաբեռնվածությամբ) եւ այն վերահաշվարկել այնպես, որ պահպանվի այդ անվանական մեծությունից 2012 թ-ին ստացված (ստացման ենթակա) տնօրինվող աշխատավարձի մեծությունը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած փոքր-ինչ խուճուճ պատասխանին, պարզ է դառնում, որ վերահաշվարկի դեպքում հնարավոր է աշխատավարձի փոփոխում: