Օրերս ոստիկանների շնորհիվ կանխվել է հերթական ինքնասպանության դեպքը:
Մայիսի 18-ին՝ ժամը 20-անց 40-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 2-րդ դասակի տեսուչ, լեյտենանտ Մովսես Ավետիսյանն աշխատանքային ծառայություն կատարելիս նկատել է, որ մի աղջիկ արդեն անցել է Կիեւյան կամրջի հակառակ կողմը եւ պատրաստվում է իրեն ցած նետել: Ավագ տեսուչն իր գործընկեր, նույն դասակի ավագ տեսուչ, մայոր Աշոտ Գեւորգյանի հետ ձեռնարկել է օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում կանխվել է 21-ամյա աղջկա ինքնասպանության փորձը: Հետագայում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Լոռու մարզի Լեռնանցք համայնքի բնակիչ, 1991թ. ծնված, գործազուրկ Ռուզաննա Մկրտիչի Մացակյանն է: Նախնական վարկածով աղջկա ինքնասպանության պատճառը մերժված սերն է:
Լեռնանցքի համայնքապետ Լեւիկ Աբգարյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ դեպքի մանրամասներից: Վերջինս հավաստեց, որ աղջիկն իրենց համայնքից է, սակայն վաղուց այնտեղ չի բնակվում. «Մոր մահից հետո հայրն իր երեք աղջիկներին հանձնել է մանկատուն: Իմ տեղեկություններով՝ Ռուզանն ու քույրն այլեւս մանկատանը չեն բնակվում: Նրանք Վանաձորում աշխատանք են գտել եւ հիմնականում այնտեղ են լինում: Լեռնանցքում ապրում է նրանց 80-ամյա պապիկը՝ Շահվալադ Մացակյանը, որը խնամքի ու ապրուստի միջոցները հոգում է ինքնուրույն»: Մեր այն հարցին, թե ինչ բնութագիր ունի Մացակյանների ընտանիքը, գյուղապետն ասաց. «Շատ խառը, բարդ ու անկանխատեսելի ընտանիք է: Հայրը՝ Մկրտիչը, զբաղվում է հողագործությամբ, սեր ունի ոգելիցի նկատմամբ, քանի կինը կար, էլի մի բանի շարում էին, իսկ հիմա…»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ռ. Մացակյանը բնակվել է Կոտայքի մարզի Կոտայք համայնքի SOS մանկական գյուղում: SOS մանկական գյուղերի հայաստանյան բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Կոստանյանն ասաց, որ չնայած Ռ. Մացակյանը շուրջ մեկ տարի է եղել իրենց մոտ, բայց այդ ընթացքում հասցրել է դրսեւորել էմոցիոնալ վարքագիծ. «Հիմա նրանք արդեն ներառված են երիտասարդական խմբերում եւ գտնվում են կիսաանկախ վիճակում, այսինքն` բնակվում են Վանաձոր քաղաքում, հիմնադրամի եւ սանի կողմից համատեղ վարձակալած բնակարանում: Հիմնադրամը պարբերաբար կապի մեջ է լինում իր սաների հետ, բայց մենք իրավասու չենք ամբողջապես վերահսկել նրանց կյանքը: Լուրեր ունենք, իբր Ռուզաննան ամուսնացել է, կամ ավելի ճիշտ` քաղաքացիական ամուսնության մեջ է ինչ-որ տղայի հետ: Ավելին չգիտենք: Ինքնասպանության փորձի մասին էլ Ձեզնից իմացա»:
Ամեն դեպքում նշենք, որ ոստիկանության աշխատակիցների արհեստավարժ մոտեցումը դրվատանքի է արժանի: Գուցե այս նախադեպը հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ ղեկավարությունը հերթապահ ոստիկան նշանակի Կիեւյան կամրջի տարածքում` ինքնասպանության դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով:
ԱՐԺԵ՞ ՄԵՌՆԵԼ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ