Վերջին շրջանում եթերում հաճախ են հանդիպում ռեժիսոր ԱՐԵՆ ԲԱՅԱԴՅԱՆԻ կողմից նկարահանված տեսահոլովակները` «Ինչո՞ւ եմ քեզ սիրում» (Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան), «Գործակալներ» («3.33» խումբ), «Յայլավոր յարս» (Արմինկա), «Զով գիշեր» (Արմինկա, Արամե), «Իմ սրտի՛ն ասա» (Լիլիթ Հովհաննիսյան), «Տարօրինակ» (Հռիփսիմե Հակոբյան), «Մամա» (Սոֆի Մխեյան)… Ի դեպ, մասնագիտությամբ Արենը դերասան է, բայց, ինչպես տեսնում ենք, ռեժիսուրան նրան ավելի է գրավել:
-Ի՞նչ է պակասում այսօրվա հայ ռեժիսորին լավ գործ անելու համար:
-Դե, բնականաբար, բյուջեն, որով նկարահանվում է: Գումարային հարցերն են սահմանափակում: Երբ բյուջեն քիչ է, դու էլ քո մտքերն ես սահմանափակում կամ փորձում ստեղծել փոքր մասշտաբների մեջ: Մեզ մոտ նաեւ տեխնիկայի պակաս կա:
-Իսկ լավ տեսահոլովակ նկարահանելու համար որքա՞ն գումար է հարկավոր:
-Որքանը չի կարեւորը, այլ որ ռեժիսորը ֆինանսական հարցերին ընդհանրապես չխառնվի, ազատ իր մտքի թռիչքն իրագործի, չմտածի որոշակի գումարի մեջ հարմարվելու մասին: Դա կրկնակի բարդացնում է ռեժիսորի աշխատանքը: Դրսում ոչ մի ռեժիսոր չի մտածում` սա ինչ արժի, նա ինչ արժի, կարեւորը վերջում լավ արդյունք ստանալն է, իսկ Հայաստանում` ինչքանով կարող ենք ստանալ:
-Որքա՞ն է արժեցել Ձեր նկարած ամենաթանկ տեսահոլովակը:
-Դա եղել է համագործակցություն «Շարմ» հոլդինգի հետ: «Փեսացուն կրկեսից» ֆիլմի սաունդթրեքի հիման վրա նկարահանված «3.33» խմբի «Գործակալներ» տեսահոլովակն էր: Ես գումարայինից տեղյակ չեմ եղել, դա այն բախտավոր պահերից էր, երբ ես չէի հարմարվում ֆինանսին: Բայց որքանով տեղյակ եմ, մի 15.000 դոլար կամ ավել բյուջե է ունեցել:
-Դուք հիմա միայն տեսահոլովակնե՞ր եք նկարում: Ֆիլմ կամ սերիալ նկարելու ցանկություն չկա՞:
-Ես տեսահոլովակներ եմ նկարում զուտ այն պատճառով, որ 5 տարի աշխատելով որպես ռեժիսոր՝ արդեն 4 սերիալ եմ նկարել` «Սարսափ», «Զգուշացե՛ք փողից», «Ժառանգները», «Ո՞ւր է իմ տղամարդը»` առաջին 90 սերիան: Ֆիլմ նկարելու ցանկություն կա, բայց ոչ հեռուստասերիալ:
-Ինչո՞ւ եք հրաժարվել սերիալներ նկարելուց, հոնորա՞րն է քիչ:
-Ասեմ, որ ֆինանսապես հեռուստասերիալը լավ է ռեժիսորի համար, իսկ հրաժարվել եմ այն պատճառով, որ այն բավականին ժամանակատար է, օրվա ընթացքում 20 ժամ աշխատանքի մեջ ես: Որակական մոտեցումով թույլ չի տալիս մտքի ընդլայնում: Հեռուստասերիալն ավելի շատ քանակի է տանում, ոչ այդքան որակի: Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է կարողանա հանգիստ միջավայրում, առանց շտապելու ստեղծագործել ու նկարահանել, ստանալ այն, ինչ ուզում է: Բայց սերիալում դու դա անել չես կարող. կա քանակ, արագություն, հասցնելու խնդիր:
-Լսել եմ, որ Դուք մեծ հոնորարներ եք պահանջում: Կա՞ որոշակի սահմանված գին, որից ցածր երբեք աշխատանք չեք անի:
-Ես իմ աշխատանքը գնահատելով եմ ասում որոշակի գումար: Անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ, թե ուրիշ ռեժիսորներն ինչքան են ուզում: Ոչ էլ հայկական տարբերակով նայում եմ, թե ով ինչքան է ասել, որ ես ավելի շատ ասեմ: 2-3 տարի առաջ ուրիշ գներով էի աշխատում, հիմա բոլորովին այլ է: Այն ժամանակ իմ թիմն ավելի փոքր էր, հիմա թիմս ընդլայնվել է, բոլորն էլ պրոֆեսիոնալ են ու պետք է վճարվեն:
-Դուք այդպես էլ գումարի չափը չասացիք:
-Դե հիմա տեսահոլովակ նկարահանելու մինիմալ գումաը 5000 դոլար է: Դա պայմանավորված է իմ մեծ անձնակազմով, եւ որ մենք ամեն մանրուքի ու դետալի մասին մտածում ենք, հարկ եղած դեպքում` գնում:
-Փաստորեն, այդ 5000 դոլարը միայն Ձեր գրպանը չի մտնում:
-Չի կարող այդպես լինել, քանի որ մի տեսահոլովակի վրա մոտավորապես 15-20 հոգի է աշխատում ու վճարվում: Անձնակազմի մեջ մտնում են՝ նկարահանման խմբի տնօրեն, օպերատոր, տեխնիկ, ռեժիսորի օգնական, դիմահարդար, մոնտաժող, լուսավորողներ…
-Իսկ ինչքանո՞վ եք նկարահանել Մհերի «Վերջին զանգ» տեսահոլովակը, ես լսել էի, որ բյուջեն 3000 դոլար է կազմել:
-Ես էլ եմ լսել, որ ինձ մոտ ուռճացված թվեր են, որ ես իբրեւ թե ավելի էժան էլ եմ նկարում: «Վերջին զանգ»-ի բյուջեն էլ մոտ 6000 դոլար էր: Հնարավոր չէր այդ տեսահոլովակը 3000-ով նկարել, նկարահանել ենք 2 օր, ամեն օր վարձակալել ենք տեխնիկա, այդքան դերասան է նկարվել, մասսայական տեսահոլովակ է:
-Պատվիրատուն ամենից շատ ինչպիսի՞ տեսահոլովակներ է պատվիրում:
-Ես այն ռեժիսորներից եմ, ում քիչ է հետաքրքրում, թե ինչ է ուզում պատվիրատուն: Երբ տեսնում եմ` մի լավ բան է առաջարկում, հնարավոր է՝ վերցնեմ մի մասնիկ ու կառուցեմ իմ տեսակի մեջ: Բայց կան բաներ, որ ես կատեգորիկ չեմ անի, նույնիսկ եթե շատ վճարեն: Ես արդեն հասկանում եմ՝ այսօրվա դրությամբ ինչը կգրավի, ինչը` ոչ:
-Եւ ի՞նչը կգրավի: Ի՞նչ խորամանկ հնարքներ եք կիրառում:
-Այդ տեսակ բաներ չունեմ, անում եմ այն, ինչ զգում եմ: Միշտ ասել եմ ու ասում եմ, որ փորձում եմ ստեղծել մի բան, որ յուրաքանչյուրը, դիտելով տեսահոլովակը, գտնի իրենից մի մասնիկ ու հոգեհարազատ բան` համամարդկային խնդիրներ ու մարդ, ուրիշ ոչ մի բան:
ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ