ՀԱՐՑ. Անցած տարի մեկնել էի Հունաստան, որտեղ ծանոթացա մի հույն աղջկա հետ, որը որոշել է գալ եւ Հայաստանում կրթություն ստանալ: Մեկ ամսից նա արդեն Հայաստանում կլինի, բայց դեռ չգիտենք՝ ուր եւ ինչ փաստաթղթեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության բուհերում սովորել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
ա) հարցաթերթիկ,
բ) դիմում՝ հասցեագրված ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
գ) ինքնակենսագրություն,
դ) նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը՝ նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
ե) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
զ) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
է) լուսանկար (3×4 չափի` 6 հատ):
4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից եւ լեգալացվում տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:
եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանյան բուհերի հանդեպ օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը, անշուշտ, մեծ է: Տեղացիներս հիացած չենք մեր բուհերի կրթական որակով, մինչդեռ այն այլ երկրների քաղաքացիների համար շարունակում է հրապուրիչ մնալ, ու ամենատարբեր երկրների երիտասարդներ ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվում` այստեղ սովորելու նպատակով: