Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում այսօր՝ հունիսի 7-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ինչպես Էջմիածնից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ առավոտյան ժամը 9.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի եզրին՝ փոքրիկ փոսորակում, տղամարդու դի կա:
Ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցներից:
Գ.Շամշյանը հայտնում է, որ կրակոցները արձակվել են կրծքավանդակին, մեջքին, որովայնին և գլխին: Կարճ ժամանակում ոստիկանությունը պարզում է, որ մահացածը հանդիսանում էր Զվարթնոց 8 շենքի բնակիչ, 55-ամյա Աբգար Սիմոնյանը: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը զբաղվում էր անասնապահությամբ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի