1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007թ. մարտի 30-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, իսկ վավերացրել է 2010 թ. մայիսի 17-ին: Մեր երկրում հաշմանդամների թիվը կազմում է մոտ 177,000 մարդ:
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են` շրջակա միջավայրի մատչելիություն, հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում և այլն: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում հաշմանդամների նիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների կողմից:
Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ կամ որպես խնամող, կամ էլ որպես ընտանիքի անդամ: Հենց այսօր է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց իրավունքների, դրանց ոտնահարմաև, իրենց նկատմամբ հոգածության պակասի մասին:
Այս իմաստով մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան. սկսած գործատուների վերաբերմունքից մինչև մարդկային շփումներ: «Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ»,- սա, կարելի է ասել, ամեն տարի հնչող` համապատասխան կազմակերպությունների կարգախոսներից է:
Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմաններն` արժանապատիվ կյանքով ապրելու համար: