ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը խոշոր դիվերսիոն գործողություն իրականացրեց, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ունեցանք 3 զոհ եւ 6 վիրավոր: Բնականաբար, ժամկետը հատուկ էր ընտրված եւ իր մեջ որոշակի մեսիջ էր պարունակում` ուղղված թերեւս առաջին հերթին ամերիկյան կողմին: Ընդ որում, չի բացառվում, որ դիվերսիան հենց Քլինթոնի` տարածաշրջանային այցի ընթացքում իրագործելով՝ Բաքուն նպատակ ունի փորձարկել ամերիկյան կողմի արձագանքն ու հակազդեցության դրսեւորումները: Իսկ այդպիսիք, ինչպես տեսանք, սովորականի նման` չափազանց մեղմ էին, եթե չասենք` բացակայում էին: Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում տիկին Քլինթոնը բավարարվեց ընդամենը հերթական ոչինչ չասող հայտարարությամբ, որով դատապարտեց ,ցավալիե միջադեպն ու ,կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ուժի կիրառումիցե: Նախ՝ ի՞նչ ասել է` ցավալի միջադեպ, ի՞նչ է` բնական աղե՞տ է տեղի ունեցել, թե՞ վթար: Տեղի է ունեցել հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում, որը միջազգային իրավաքաղաքական հստակ բնորոշում ունի՝ եւ այն ,ցավալիե կոչելը պարզապես ծիծաղելի է: Էլ չասած, որ Քլինթոնը հերթական անգամ կոչ է անում ,կողմերինե այն դեպքում, երբ գոնե այս դեպքում այդ կոչի միակ հասցեատերը Ադրբեջանն է: ԱՄՆ պետքարտուղարի ,դիվանագիտություն խաղալնե այս դեպքում պարզապես զավեշտի է վերածվում. փաստորեն, քիչ է թե` խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը՝ ադրբեջանական կողմը հարձակվել է մեզ վրա, դեռ մի բան էլ տիկին Քլինթոնը մեզ է կոչ անում ուժ չկիրառել: Իհարկե` նաեւ հավելելով, որ նույն կոչով հանդես է գալու նաեւ Բաքվում: Ինչպիսի մեծահոգությո՜ւն:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` անվերջ օգտագործելով այդ չարչրկված ,երկու կողմերըե եզրույթը: Նույն իրավիճակն էր նաեւ անցյալ տարի մարտին, երբ տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը կրկին ,կողմերինե կոչ արեց դիպուկահարներին հեռացնել շփման գծից` այն դեպքում, երբ դրանից ոչ շատ առաջ եւ Սոչիում ընդունված հայտարարությունից ոչ շատ հետո ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից զոհվել էր հերթական հայ զինվորը: Ու նաեւ այն դեպքում, երբ հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն էր հայտնել դիպուկահարներին շփման գծից դուրս հանելու հարցում: Սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ երեկ, հայրենի իշխանություններն այդպես էլ որեւէ կերպ չհասկացրին “խիստ օբյեկտիվ” օտարերկրյա պաշտոնյաներին, որ չի կարելի հավասարության նշան դնել այնտեղ: Բնականաբար, նման խիզախություն ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երեկ իրեն չէր կարող թույլ տալ Էդվարդ Նալբանդյանը: Առավելագույնը, որ նա եւ հայրենի ,ռազմահայրենասերե իշխանությունները կանեն, Քլինթոնի հեռանալուց հետո պոստֆակտում հաթաթաներ հնչեցնելն է: