Ծանր իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մի խումբ քաղաքացիներ զանգահարել են ֆոտոլրագրողին եւ պատմել, թե ինչ ծանր իրավիճակ է ստեղծված Բագրատաշենի մաքսակետում:
Քաղաքացիների խոսքերով, իրենք զբոսաշրջիկներ են եւ ավտոբուսով, որի մեջ 42 մարդ կա, եռօրյա շրջագայությունից հետո վերադառնում են Թուրքիայից: Մաքսակետին հասել են 12 ժամ առաջ, սակայն մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս իրենց սահմանն անցնել: Մաքսակետում ավտոբուսների հերթ է գոյացել, իրենցը երրորդն է, սակայն առաջին ավտոբուսում, որը 12 ժամ առաջ մտել է անգար, դեռևս չի ավարտվել մաքսային ստուգումը:
Քաղաքացիները դժգոհում են հատկապես մաքսայինի աշխատող ոմն Սաֆարյանից (թեև ճշգրիտ չգիտեին վերջինիս պաշտոնը), քանի որ ըստ քաղաքացիների, հենց վերջինս է արտակարգ իրավիճակի գլխավոր մեղավորը. հատ-հատ ստուգում է բոլոր հնարավոր իրերը:
 “Աստ” և “Ռոբտուր” ընկերությունների կազմակերպած զբոսաշրջային ավտոբուսի ուղևորները ֆոտոլրագրողին բողոքում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ հաց չեն կերել, քանի որ չէին էլ ենթադրում, որ սահմանին կարող է այսքան երկար մնան և այլևս կանխիկ գումար չունեն: 42 ուղևորների մեջ կան երկու երեխաներ և երկու տատիկներ, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող հայազգի ամուսիններ:
 
Քաղաքացիների մոտավոր հաշվարկներով, իրենք ևս մեկ օր մնալու են մաքսակետում, քանի որ դեռևս 2-րդ ավտոբուսը չի էլ մտել ստուգման համար նախատեսված ,անգարե, իսկ դա էլ նշանակում է, որ իրենց վիճակը գնալով օրհասական է դառնալու:




Լրահոս