Հ3 հեռուստաընկերությունն աշխատավարձերն ուշ է վճարում՝ վկայակոչելով օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ3 հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած կառույցում աշխատավարձերի ուշացումների կամ չվճարման խնդիր գոյություն չունի:

Armlur.am-ի հետ զրույցում տնօրենը նշեց, որ համաձայն օրենքի պահանջի` իրենք ընթացիկ աշխատավարձերը վճարելու իրավունք ունեն մինչև հաջորդ ամսվա 15-ն ու այդպես էլ վարվում են:

Արամ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրենց մոտ աշխատավարձերը բոլորովին էլ ցածր չեն և Հ3-ի աշխատողներին վճարում է այնքան, որքան մյուս լրատվամիջոցները:

Տնօրենը դժվարացավ մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված պարբերաբար լրատվամիջոցներում  տարածվող տեղեկությունները, թե իրենց հեռուստաընկերությունում աշխատավարձերը ոչ միայն ցածր են, այլ նաև զգալի ուշացումներով են վճարվում:

Հիշեցնենք, որ Հ3 հեռուստաընկերությունը նախկին «Երևան»-ն է: Հ3-ն այժմ պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Թեև հեռուստաընկերության տնօրենը մատնանշեց օրենքը՝ նշելով, թե մինչև հաջորդ ամսվա 15-ը գործատուն կարող է աշխատավարձի վճարումը կատարել, բայց թե՛ Հ3-ի դեպքում, թե՛ ՕԵԿ-ին պատկանող թերթի ու մի քանի կայքերի դեպքում գրեթե ամեն ամիս մամուլը նշում է աշխատավարձերի խնդրի մասին: Նույնիսկ փող բերելու առաքելությամբ Արթուր Բաղդասարյանը վերջերս Մոսկվա էր մեկնել: Ու որքան էլ ՕԵԿ-ականները հերքեն, թե իրենց լրատվամիջոցներում աշխատավարձերի խնդիր երբևէ չի առաջանում, միևնույնն է, պատահական չէ, որ հատկապես այս լրատվամիջոցների մասին է պարբերաբար խոսվում, իսկ «փորձաշրջան» կոչվածը տվյալ դեպքում լրագրողներին մի քանի ամիս աշխատեցնելու առումով այստեղ վաղուց ընդունված պրակտիկա է:

Լուսանկարը՝ Bravo.am-ի




Լրահոս