Ինչպես ԱԳ նախարարը թույլ տվեց իր թշերը քաշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հանդես է եկել հայտարարությամբ.

«Օրեր առաջ ետկուլիսային քննարկումների ժամանակ Չեխիայի և Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչներ` սենատորներ, պառլամենտի պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ իրենց տարակուսանքն էին հայտնում Պրահայում տեղի ունեցած` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված սիմպոզիումի ավարտից հետո:

Նրանք միաբերան կրկնում էին այն միտքը, թե ի՞նչու է Ադրբեջանի դեսպանատան խիստ ակտիվ ֆոնի վրա այսքան խայտառակ թույլ տեղի ՀՀ դեսպանատունը: Այս դեսպանությունը ծածկում է նաև Սլովակիան, սակայն ներկաներից որևէ մեկը լսած չկար հայկական դեսպանատան քաղաքական գոնե մեկ գործի արդյունքի մասին, ինչպիսին տվյալ սիմպոզիումն էր և նրա թողած տպավորությունը:

Չեխիայում թուրք-ազերական տանդեմն իրեն զգում է ջերմոցային պայմաններում, ավելի ճիշտ ինչպես խոզը ցեխի մեջ և մեր դեսպանության անգործության ֆոնին մեր հակառակորդները կարողացել են չեխական քաղաքական վերնախավին խեղաթյուրված ներկայացնել ողջ պատմության ընթացքը ու ներկա իրականությունը: Դրան են նպաստել չեխ-ազերական և չեխ-թուրքական խառն հանձնաժողովների բազմաթիվ փոխադարձ այցերը ու դրա համար էլ սենատում ստեղծվել է հայկական հարցերի շուրջ զավեշտալի սառը մթնոլորտ: Եվ ցավալի է, որ այս “մեռելային” վիճակը Չեխիայում տիրում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Շատերը կհիշեն վերջերս Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցելության ընթացքում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի պրոհայկական արված հայտարարությունը, սակայն նույն Չեխիայի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ իմ զրույցի ընթացքում պարզվեց, որ դա նախագահի զուտ անձնական կարծիքն է և կապ չունի չեխական արտաքին քաղաքականության հետ ու նուրբ դիվանագիտորեն այն որակվեց որպես Չեխիայի շահերին հակասող հայտարարություն:

Այո, սա է դառը իրականությունը… Եվրոպայի ոչ մի երկրում երևի թե հայ դատի խնդրիներն այսքան թույլ չեն պաշտպանված, որքան Չեխիայում: Մյուս կողմից էլ խղճիս առաջ չմեղանչելու համար հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել դեռ գրանցում չստացած չեխահայ համայնքի հայրենասեր ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ժամերգություններին և պատարագներին, սեփական նախաձեռնություններով կազմակերպում են կիրակնօրյա դպրոց, հայրենասիրական-մշակութային միջոցառումներ Պրահայում և այլ քաղաքներում… Այսինքն իրենց խաչը լուռ ու մունջ կրում են…

Սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չունեն քաղաքական հզոր հենարան, իսկ հայ դեսպանն էլ շատ ակտիվ է միայն սեփական առևտրական հարցում, ինչպես նաև սրբորեն կատարում է իր պարտքը հանցագործ ՀՀԿ-ի և վարչախմբի մնացած պարագլուխների ու նրանց ընտանիքների նկատմամբ` դիմավորել-ճանապարհելով եվրոպական ճամփորդությունների ժամանակ…
Դե Նալբանդյանի կադրերից ի՞նչ ազգային գործունեություն պետք է սպասել որ… Ոչինչ: Իսկ ԱՄՆ-ում օֆշորամոլ, “Նաիրիտասպան”, Հայաստանի արդյունաբերությունը և հայաստանցիներին վարկերի մեջ թաղած ՀՀ դեսպանի կերպարը հայտնի է ողջ ազգին…
Ինքս միշտ նվաստացած եմ զգում, երբ հիշում եմ, թե ինչպես ՀՀ ԱԳ նախարարը թույլ տվեց իր երեսի թշերը քաշել հենց իր “կոլեգային” և դա այն պահին, երբ թուրքերի հետ արձանագրությունների շրջանակներում գրկախառնվելով, ողջ աշխարհի առաջ ծախվեցին հայկական շահերը, պղծվեցին 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը…
Հանուն արդարության պետք է նշել, որ մեր երկիրն ունի նաև համարձակ և արհեստավարժ դեսպաններ, որոնք անում են ավելին համայնքներում, քան միայն դեսպանատան պարտականություներն են, սակայն նրանք էլ փոքրաթիվ են և եղանակ չեն ստեղծում ընդհանուր այն պիղծ մթնոլորտում, որը տիրում է ԱԳ նախարարի տկարամիտ և վախկոտ գործունեության արդյունքում:
Ի՞նչ էի ուզում ասել…

Արձանագրենք անհերքելի փաստ` չլինեն սփյուռքի հայկական կազմակերպությունների և անհատ հայրենասերների ակտիվ գործունեությունը, Ադրբեջանը և Թուրքիան չեն ունենա ոչ մի խնդիր… Որպես ասվածի ապացույց՝ մեկ այլ տխուր փաստի առջև ենք կանգնած ազգովի` մինչ օրս հայկական կառավարությունը դեռ չունի Հայոց Ցեղասպանության հարցի վերջնական լուծմանն ուղղված հստակ ծրագիր, գոնե հայեցակարգային վիճակում… Եվ նորից այս խայտառակ վիճակը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ…

Հ.Գ. Որ Հայաստանը դիվանագիտական ճակատում բոբիկ է, պարզ երևաց զոհված օդաչուների աճյունը 10 օր շարունակ դաշտի մեջ մնալուց, և երբ զինվորական հրամանատարությունը վերջնականապես համոզվեց, որ դիվանագիտական ճակատում քաոս է ու նրանք զբաղված են հիմնականում իրենց սև PR-ով, հետևաբար այդ ճանապարհով հնարավոր չէր հարցը լուծել, դրա համար էլ ստիպված դիմեցին համապատասխան ռազմական պրոֆեսիոնալ գործողության…

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյան»




Լրահոս