ԱԺ-ում իր ելույթի ժամին, Էդուարդ Շարմազանովը խոսեց ԵՏՄ-ի դրական և բացասական կողմերից:
«Հարցը, որն այսօր քննարկվում է մեր խորհրդարանում, անչափ կարևոր է, ուստի դրա շուրջ հնչող երբեմն նաև զգացմունքային գնահատականները բնական են, սակայն բնական չեն չափից ավել իրականության ուռճացումները և մեղադրանքները մեր իշխանությունների և ոչ միայն նրանց հասցեին»,- ասաց Շարմազանովը:
Վերջինս իր ելույթում մի քանի տնտեսական մեջբերումներ արեց: «Ցանկացած միությանն անդամագրվելուց առաջ, պետության իշխանությունը ծանր ու թեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները: Այսօրվա գլոբալացող աշխարհում չկա մի տեղ, որտեղ միայն պլյուսներ լինեն: Նշեմ մի քանի պլյուսներ, որոնք կունենանք ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում: Օրինակ` մեր տնտեսվարողի համար բացվում է շուրջ 170 միլիոնանոց շուկա: Սրա բացասականը ո՞րն է: Երկրորդը` սպառել գազ սահմանին 180 ԱՄՆ դոլարով: Ո՞րն էր այլընտրանքը: 400 կամ 500 ԱՄՆ դոլարը՞»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Վերջինս անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ելույթին`այն անվանելով չհաջողված համեմատություն: «Ինքս պատմաբան եմ և սխալ եմ համարում Ձեր այն ասածը, որ մեր քաղաքական մտածողությունն Իսրայել Օրուց այս կողմ էվոլուցիայի չի ենթարկվել: Իրականում այդ ժամանակները բոլորովին այլ էին» ,- եզրափակեց Շարմազանովը: