ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող` ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրան հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նախ հիշեցրեց, որ երկու օր առաջ Պուտինը պետական այցով մեկնել է Թուրքիա` հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և շատ է գնահատում Թուրքիայի գործընկերությունը:
«Դուք չպատասխանեցիք այն հարցին, թե, վերջիվերջո, մաքսակետ դրվելո՞ւ է Հայաստանի ու Արցախի միջև: Դուք ասացիք, որ նման հարցեր չեն քննարկվել: Ուրեմն տվեք պարզաբանումներ Ռուսաստան-Թուրքիա-Ղազախստան ռազմավարական, գործընկերային հարաբերությունների մասին, թե ի՞նչ գործ ունի այս հարաբերություններում Հայաստանը: Տվեք պարզաբանումներ Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես, թե ի՞նչ սահմաններով պետք է Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին: Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանին պետք է համոզեք, որ հետ կանգնի այս պրոցեսից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Արտակ Զաքարյանը նշեց, որ Փոստանջյանը գտնվում է «բարեխիղճ մոլորության մեջ», որովհետև ժամանակակից աշխարհում ռազմավարական գործընկերությունը պետությունները կառուցում են` բացառապես իրենց շահերից ելնելով: Նա նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ չէ, որ համընկնում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը: