ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
70-ականների վերջերին առաջ եկան գենային ինժեներիայի արագ եւ արմատական միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է ներմուծել նոր, օտարածին գեներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) համարվում են բոլոր այն օրգանիզմները, որոնք առաջացել են  ոչ թե բնական սելեկցիայի, այլ գենետիկական ինֆորմացիայի փոփոխման, մոլեկուլային կենսաբանության միջամտությամբ:
Արդյոք ԳՄՕ-ները մարդու համար անվտանգ են: “Այսօր դժվար է ասել, թե ինչ քանակությամբ ենք օգտագործում ԳՄՕ պարունակող սնունդ: Քանակական առումով կան դրական արձագանքներ, չէ՞ որ բնակչության աճի հետ անհրաժեշտ է ապահովել սնունդը: Երկրագնդում ապրում է շուրջ 7 մլրդ բնակչություն, որից 1/3-ը  թերսնված է: Ավելին, մարդու կերաբաժնին անհրաժեշտ 50% սպիտակուցներից 15-20% է ապահովված: Ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ փոփոխված օրգանիզմները մարդու առողջության վրա՝ չենք կարող ասել, որովհետեւ դրանց ազդեցությունը մինչեւ վերջ ստուգված չէ: Մենք չենք կարող ասել՝ որն է ավելի վտանգավոր մարդու առողջության համար՝ բնության մեջ բնական խաչասերումից ստացված տեսակների՞, թե՞ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի օգտագործումը: Այն ավելի գլոբալ եւ վտանգավոր կարող է լինել գենոֆոնդի, էկոհամակարգի վրա բացասական ազդեցության առումով”,-հարցի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Արտաշես Զիրոյանը:
“Մենք իրավունք չունենք վստահելու մի բանի, որն ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Վերջապես, մենք գործ ունենք մարդու առողջության հետ, եւ միայն նրա համար, որ հաճոյանանք որեւէ արտադրողի կամ ներկրողի, չենք կարող ողջունել երեւույթը: Մեր ծառայության կողմից գաղտնիության սկզբունքով կատարվում է տնտեսվարողի կողմից հանրապետություն ներկրվող սննդամթերքի փորձաքննություն: ԳՄՕ պարունակության առկայության դեպքում տնտեսվարողին պարտադրվում է կատարել համարժեք մակնշում: Վստահեցնեմ, որ  ծառայությունը հետեւողական է լինելու եւ ոչ մեկի բիզնեսը կանխամտածված առաջ չի տանելու: Սննդի ոլորտում յուրաքանչյուր խախտում, համապատասխան մակնշման բացակայություն  հայտնաբերման դեպքում պատժվելու է: Փաստեմ, որ հայաստանյան շուկայում հայտնաբերված է ԳՄՕ-ներ պարունակող բազմատեսակ սննդամթերքի շրջանառություն եւ սպառումե-նշում է ՀՀ սննդի անվտանգության ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Ի հավելումն վերոնշյալի՝ “Ստանդարտ դիալոգ” ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի վարիչ Կ. Դարբինյանը նույնպես փաստում է, որ կատարվել են բազմաթիվ փորձարարական ուսումնասիրություններ տարբեր կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց առաջարկով, եւ շուրջ 59 տեսակի մթերքի մեջ հայտնաբերվել են ԳՄՕ-ներ: Ի հավաստումն այս ամենի` վերջինս ներկայացրեց արդեն կազմված արձանագրությունների փաթեթը, որտեղ առկա էին մասնավորապես նրբերշիկի, սառեցված հավի մսի, ձկան կերի եւ այլնի մեջ ԳՄՕ պարունակության դրական արդյունքները:
Նշենք, որ այս խնդրի դեմ պայքարում Հայաստանը սկսնակ է, միայն 2004թ-ին է մեր երկիրը միացել Կենսաանվտանգության մասին կարթագենյան արձանագրությանը, որը ԳՄՕ-ների տրանսսահմանային տեղաշարժը կարգավորող իրավական առաջին փաստաթուղթն է: 
Ամփոփելով՝ ասենք, որ շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում ԳՄՕ: Առայժմ մեր խանութներում գրեթե չեն հանդիպում մթերքներ, որոնց վրա նշված լինի ԳՄՕ պարունակության մասին: Դա սպառողի իրավունքի խախտում է: Եվրոպական երկրների սպառողը, ի տարբերություն մեզ, ունի ընտրության  հնարավորություն:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս