Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Ղրիմում զինավարժություններ են անցկացվել մարտական դելֆինների մասնակցությամբ: Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանությունը նման միջոցների կարիք չունի:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, աշնանային-ձմեռային ժամանակահատվածում Սևծովյան նավատորմը մեծ ծավալի ուսումնամարտական խնդիրներ պետք է իրականացնի, սակայն մարտական դելֆինների մարզումներն այդ ցանկում չկան: Ավելին, կենդանիների մարտական պատրաստության անհրաժեշտություն չկա, քանի որ նավատորմի պաշտպանությունն իրականացվում է տեխնիկական հակադիվերսիոն միջոցներով:
Սևաստոպոլում է գտնվում մարտական դելֆինների պատրաստման՝ աշխարհում գոյություն ունեցող երկու կենտրոններից մեկը: Սեպտեմբերին դելֆինները հանձվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Կենդանիներըը տեղափոխվել են դելֆինաթերապիայի կենտրոն և նրանց օգնությամբ իրականացվում է մանկական ցերեբրալ կաթվածի և այլ հիվանդությունների բուժումը. տեղեկացնում է vesti.ru-ն: