Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընթերցեց կալանավորներից մեկի նամակը, ով հետաքրքրվում էր, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանն ապրելու վայր է դարձել միայն ընտրյալ մարդկանց համար:
Նա մեջբերեց կալանավորի այն խոսքը, որ այժմ ամբողջ բնակչությունը ճռռում է վարկերի տակ, սակայն այդպես էլ չի կարողանում գոյատևել: Որպես համեմատություն՝ Զարուհի Փոստանջյանը բերեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով նույնպես քրեական անցյալ ունի, բայց հիմա մարզպետ է:
«Նա նշում է՝ «գողական ձևով «աբրաշատ ըլնեմ»՝ ինձ էլ կնշանակե՞ն մարզպետ: Քրեական անցյալ ունի այդ մարդը, եթե նրան նշանակել են, ինձ էլ նշանակեն», – մեջբերեց կալանավորի խոսքերը Զարուհի Փոստանջյանը:
Ընթերցելով նամակը պատգամավորը նաև անեկդոտ պատմեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասին: «Նա իր ամուսնուն ասում է, այ մարդ, արի մեր իրերը հավաքենք, գնանք երկրից, բոլորը գնում են: Ամուսինն էլ ասում է՝ թե մենք գնանք, բոլերը ետ կգան»: