Այս տարի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կիզակետում «կայուն զարգացում. տեխնոլոգիայի ներուժը» թեման է:
Տեխնոլոգիան փոխել է աշխարհը՝ հասանելի դարձնելով գիտելիքն ու ընդլայնելով հնարավորությունների շրջանակը: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հսկայական օգուտ քաղել այսպիսի առաջխաղացումից, սակայն նրանցից շատ շատերին հասանելի չեն այս կարևոր գործիքները:
Մինչ միջազգային համայնքը ձգտում է ձևավորել 2015 թ. հետո զարգացման հավակնոտ և ոգեշնչող օրակարգ, որով ոչ ոք անտեսված չի լինի, մենք պետք է տեխնոլոգիայի ուժը ծառայեցնենք բոլորի համար զարգացման նպատակին:
Հարմարողական, աջակից և ներառական տեխնոլոգիայի միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ներուժն առավելագույնս կարող են իրացնել իրենց համայնքներում և աշխատավայրերում: Գործատուները տեխնոլոգիան կարող են կիրառել՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որը հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտա արտադրողական աշխատանք գտնել և լիարժեք օգտագործել իրենց հմտություններն ու կարողությունները:
Տեխնոլոգիան կարող է նաև օգնել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասանելի լինեն բնական աղետների ժամանակ՝ երաշխավորելով, որ նրանք ստանան կարևոր տեղեկությունները: Նույնքան կարևոր է նաև, որ տեխնոլոգիայի օգնությամբ կարող ենք հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները ներառել աղետների պատրաստվածության և արձագանքման հարցում:
Եկե՛ք ջանք չխնայենք՝ ապահովելու, որ քաղաքականությունները, ծրագրերը, ուղեցույցները և 21-րդ դարի տեխնոլոգիաները հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և զգայուն՝ նրանց դիտանկյունների ու ապրումների նկատմամբ: Եկե՛ք միասին աշխատենք հանուն ավելի լավ ապագայի, որը կլինի ներառական, արդարացի և կայուն՝ բոլորի համար: