Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը պատասխանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հատուկ զեկուցողի` Ֆաբիան Սաբիոլիի նամակին:
Նշենք, որ նամակում երկու կարևոր հարցերի անդրադարձ էր կատարվել:
Պատգամավորի խոսքով` հարցերը հետևյալն են` ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել 2008 թվականի մարտի մեկի անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատուների նկատմամբ, և ինչպիսի՞ միջոցներ են կիրառվել` երաշխավորելու համար, որ 2008 թվականի մարտի 1-ի տուժողները ստանան իրենց արժանի փոխհատուցումը:
ՀՀ Կառվարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, նշեց. «Որպես կանոն, նիստի սկսզբում հայտնում են, թե որ նախարարներ են բացակայում և չգիտեմ` ինչքանով է նպատակահարմար տալ հարցեր, որոնք ակնհայտորեն հարգելի պատճառներով բացակայող գործընկերներին ոլորտին են վերաբերում: Այնուամենայնիվ, կփորձեմ պատասխանել: Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, բայց վստահեցնում եմ, որ ցանկացած պատասխան կտրամադրվի Ձեզ: Ես կպարզեմ, թե ինչպիսի պատասխան է եղել և կտրամադրեմ Ձեզ»,- ասաց նախարարը:
Արամ Մանուկյանն էլ իր հերթին կարևորեց պատասխանի գրավոր տարբերակի տրամադրումը: