Վիճաբանություն, ծեծ, խոշտանգումներ… երբ տղան ամուսնացավ ոչ աղանդավոր կնոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 33-ամյա բնակիչ Գուրգենը, արդեն 2 տարի է, պատիժ է կրում մորն ու 82-ամյա տատին պարբերաբար ծեծի ենթարկելու, նվաստացնելու և խոշտանգելու մեղադրանքով:

Արտառոց այս դեպքն ուշագրավ է նրանով, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գուրգենը հարազատներին խոշտանգել է կնոջ` Սյուզաննայի հետ:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, առաջադրված մեղադրանքներում ամուսիններն իրենց մեղավոր չեն ճանաչել. վստահեցրել են, թե մայրը` Թագուհին, հոգեկան հիվանդ է, և նրա պատմածները, թե իրենք ամեն օր ծեծել են նրան ու մորը, թքել են նրանց վրա, վռնդել տնից և այլն, իրականությանը չեն համապատասխանում:

Գուրգենի խոսքով` մայրն այս ողջ պատմությունը սարքել է այն պատճառով, որ տարիներ առաջ ինքը հրաժարվել է ամուսնանալ «Հիսուս Քրիստոսի եկեղեցի» կրոնական կառույցի անդամներից մեկի հետ: Այս հանգամանքը զայրացրել է մորը, և վերջինս որոշել է վրեժ լուծել որդուց: Նախ իրենց ամուսնության հենց հաջորդ օրը մայրը հայտարարել է, թե նոր եկած հարսն աղջիկ չէ, ապա վռնդել է նրանց տնից, հետո երբ վերադարձել են, ցանկացել է հարսին ներգրավել կրոնական կառույցի մեջ, ավելի ուշ` նաև «սուրոգատ մայր» հավաքներին: Հարսին հաջողվել է դուրս գալ այս կառույցներից, ինչն ավելի է զայրացրել սկեսրոջը, և ընտանիքում լարված իրավիճակն ավելի է սրվել: Սկեսուրն անգամ տաք ջուր է լցրել թոռան վրա. վերջինիս հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երկար ժամանակ բուժում է ստացել: Ամուսինները Առողջապահության նախարարություն են դիմել, բուժաշխատողներ կանչել` խնդրելով պարզել` Թագուհին հոգեպես առողջ է, թե` ոչ: Բնակարան այցելած բուժաշխատողները ներարկումներ են կատարել և հեռացել: Որդու և հարսի այս «նախաձեռնությունն», իհարկե, իր հետքը ևս թողել է:

Իսկ գործով տուժող հանդիսացող Թագուհին դատարանում հավաստիացրել է, թե 4 անգամ ամուսնացած որդին «ընկել է կնոջ խելքին», ծեծել է իրեն ու մորը` գործով մյուս տուժողին, թքել երեսին, հայհոյել, հրմշտել, քաշքշել, ապա` տնից դուրս արել: Սկեսուրի պատմելով` հարսն անգամ որդուն ասել է.ե «Էս անգամ դու գործ չունես, թող ես կլուծեմ դրա հարցերը», ապա հարձակվել է վրան, պոկել մազերը: Իսկ ավելի սահմռկեցուցիչ տեսարան է սկսվել այն ժամանակ, երբ ինքը գնացել է ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին:

Ինչևէ, ընտանեկան անմեկնելի այս պատմությունն ավարտվեց այն ժամանակ, երբ հարսի նկատմամբ 2 տարվա փորձաշրջանի վճիռ կայացվեց, իսկ որդին դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:




Լրահոս