ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե եթե Տիգրան Սարգսյանը որոշել է, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, ուրեմն հասկացել է, որ ՀՀ-ում առկա խնդիրներն անզոր է լուծել: Մեր զրուցակիցն այս պահին չի տեսնում ՀՀ վարչապետի հարմար թեկնածու եւ չի կարող ասել, թե ով կլինի հաջորդ վարչապետը:
-Պարոն Շիրխանյան, նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անակնկալ կերպով հրաժարական տվեց, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա հենց այս պահին գնաց նման քայլի: Դուք դա կապո՞ւմ եք ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի համախմբման հետ, արդյոք Տ. Սարգսյանը մտավախություն ունե՞ր, որ 4 ուժերը կկարողանան արդյունքի հասնել, եւ հենց այդ պատճառով որոշեց ինքը հրաժարական տալ:
-Գիտեք ինչ, հարցը ոչ թե մարդու մեջ է, այլ այն խնդիրների, որոնք կանգնած են ՀՀ-ի առաջ: Հայաստանի վարչապետը պետք է կարողանա լուծել երկրում ծառացած խնդիրները: Պահանջը դա էր: Ըստ երեւույթին, հասել է մի հանգրվան, որ հասունացել է հրաժարականի հարցը ու մարդն էլ հրաժարական է տվել: Կարծում եմ՝ իրականում սա է: Այլ բան փնտրել ճիշտ չէ:
-Իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո արդյոք ՀՀ-ում լուրջ փոփոխություններ տեղի կունենա՞ն:
-Ընդհանրապես մի բան հստակ է. իշխանությունից է կախված իրավիճակը երկրում կփոխվի, թե չէ: Եվ քանի որ վարչապետը տնտեսական հատվածի ղեկավարն է, իսկ Հայաստանում տնտեսական խնդիրները շատ են եւ ժողովուրդն էլ սպասում է դրանց լուծմանն, իհարկե երկրի վարչապետից շատ բան է կախված: Ու այդ փոփոխությունից, կարծում եմ, նկատելի կդառնան ակնհայտ տեղաշարժեր:
-Ձեր գնահատմամբ` վարչապետի փոփոխությունից հետո հնարավո՞ր են շրջադարձային ու անսպասելի տեղաշարժեր ՀՀ ներքաղաքական կյանքում: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:
-Պայծառ ապագա: Դեռեւս որեւէ բան հստակ չէ, ու ես այս պահին չեմ կարող որեւէ բան ասել: Կլինեն շրջադարձային փոփոխություններ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:
-ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը պատրաստվում էին ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել: Ըստ Ձեզ՝ այժմ պե՞տք է նրանք պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:
-Դա իրենց պահանջն է ու իրենք պետք է պատասխանեն այդ հարցին: Ես նշեցի, որ խնդիրը շատ ավելի բարդ էր, հասունացած հարցեր կան, որոնք պահանջում են լուծումներ: Եթե վարչապետը գտել է, որ ինքն ի զորու չէ այդ խնդիրները լուծել ու հրաժարական է ներկայացրել, ուրեմն գտել է, որ այդպես է ճիշտ: Ես այլ բան չեմ կարող ասել: Ու այդ հարցերն արդեն կանգնելու են հաջորդ վարչապետի առաջ:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ընդամենը «զոհել» է Տիգրան Սարգսյանին` իր իշխանությունը փրկելու համար: Անգամ նշվում է, որ դա եղել է ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի որոշումը:
-Զոհ տալու խնդիր չկա, որովհետեւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այդքան էլ սրված չէ, որպեսզի նախագահը գնար նման զոհաբերության:
-Ըստ Ձեզ՝ ո՞վ է փոխարինելու Տիգրան Սարգսյանին: Կա՞ նրան արժանի փոխարինող:
-Ես որեւէ մեկին չեմ տեսնում: Ես մի բան կարող եմ ասել՝ վարչապետի փոփոխությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ կմտցնի, եթե վարչապետն իր առջեւ խնդիր դնի ու դա լինի Հայաստանի զարգացման խնդիրը:
–Իսկ ըստ Ձեզ՝ ՀՀ ընդդիմադիր ուժերը կարողանո՞ւմ են իրենց առջեւ դրված խնդիրները լուծել: Իսկապե՞ս մենք ուժեղ ընդդիմություն ունենք:
-Ոչ, մենք չունենք լուրջ ընդդիմություն, առավել եւս, որ ընդդիմությունը չգիտի, թե ինքն ինչ փոփոխություններ է ցանկանում: Ինքը փոփոխություն ցանկանում է միայն անձերի մեջ, իսկ այժմ հիմնավոր, խորքային փոփոխություններ են պետք Հայաստանի համար: Որպեսզի Հայաստանը դուրս գա այս ծանր վիճակից, պետք է լուրջ փոփոխություն: Իսկ նման առաջարկ ես ընդդիմության կողմից չեմ տեսել:
ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ «ՏԱՐԵԼ» Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ` ԲԱՐԵԽՈՍԵԼՈՒ
Երեւան ժամանած ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդույժան երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու մեծ ցանկություն ունի, ինչի համար էլ Ն. Բորդյուժային հրավիրել է Հայաստան` Ս. Սարգսյանի մոտ իր համար «բարեխոսելու»: Բայց` ապարդյուն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջերս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը շուտով «օպոզիցիա» է դառնալու, քանի որ իշխանության շարքերում մնալով` որեւէ բանի չի հասնում: Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Ա. Բաղդասարյանն օրերս հանդիպել է Ս. Սարգսյանի հետ եւ ասել, որ 3 նախարարների պորտֆելներն իրեն պետք չեն: Նշվում է, որ Ա. Բաղդասարյանը նպատակ է դրել առաջիկայում շատ ակտիվ քաղաքականություն վարել, լինել ժողովրդի մեջ` փորձելով մարդկանց սիրաշահելով վերադարձնել իր երբեմնի ընտրազանգվածը:
Երեկ էլ Ա. Բաղդասարյանը ՀԱՊԿ քարտուղարին հրավիրել էր Հայաստան: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ս. Սարգսյանն ու Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Ս. Սարգսյանին զեկուցել է «համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաեւ ս.թ. ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին` Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ երկրի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե Ա. Բաղդասարյանն ինչու է Ն. Բորդյուժային հրավիրել Հայաստան. «Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է եւ, բնականաբար, պարոն Բորդյուժան այցելում է Հայաստան` տեղում քննարկելու Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ նախանշված միջոցառումներին վերաբերող հարցեր»:
Իսկ տեղեկատվությանը, թե Ա. Բաղդասարյանը ցանկանում է ՀՀ վարչապետ դառնալ, ինչի համար էլ Բորդյուժային հրավիրել է Հայաստան` Ս. Սարգսյանի մոտ «բարեխոսելու», ՕԵԿ մամլո խոսնակը հակադարձեց. «Ինչ կապ ունի պարոն Բորդյուժան երկրի վարչապետ նշանակելու հետ: Երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի: Դա բացառապես մեր երկրի ներքին քաղաքական խնդիրն է, որի հետ պարոն Բորդյուժան բացարձակապես կապ չունի»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն անձամբ շրջել է ոսկերչական արտադրամասերով եւ ոսկերիչներին առաջարկել պայմանագիր կնքել տաղավարների բարձր վարձավճարների մասին: Սակայն ոսկերիչները բոյկոտել են ու հրաժարվել պայմանագիր կնքել նրա հետ: Իսկ նրանք, որոնց վարձավճարներն ավելի վաղ էր բարձրացված, չեն կարողանում վճարել, քանի որ առեւտուր չկա: Շուկայի տնօրենը խուսափելու համար տհաճություններից, ոսկերիչներին առաջարկել է ժողով կազմակերպել եւ քննարկել այս հարցերը: Իսկ թե ինչպես կավարտվի ժողովը կամ այս պայքարում ով կհաղթի՝ ոսկերիչները, թե Վաղարշ Աբրահամյանը, «Ժողովուրդ»-ը այս մասին կտեղեկացնի առաջիկայում:
ԿՈՉ ԽՐԻՍՏԵՆԿՈՅԻՑ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին նամակ է ուղարկել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վ. Խրիստենկոն նամակում նշել է. «Հարգելի Տիգրան Սուրենի, հիմնական Ձեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց կատարել չափազանց բովանդակային աշխատանք եվրասիական տնտեսական կոմիտեի եւ ՀՀ կառավարության միջեւ: Ու այս ընթացքում ստեղծվել է բոլորի համար վստահության եւ երկկողմ հարգանքի մթնոլորտ: Մեր կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր բարեկամական հարաբերություններն ինձ համար մեծագույն արժեք են ներկայացնում: Ես միշտ ասել եմ, որ ստրատեգիական հարաբերությունները մեր կողմերի միջեւ, կայանում է ոչ թե սուր խնդիրների առկայության ժամանակ, այլ՝ ունակության մեջ՝ բաց եւ կառուցողական քննարկումների ժամանակ: Եվ դրա ունակությունը մենք ունեցել ենք: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը կկարողանա ամբողջությամբ օգտվել այն առավելություններից, որը ստեղծելու է միասնական համակարգը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, խաղաղություն Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամներին»:
ՍԹՐԵՍԻ ՄԵՋ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծես թե շատ ծանր է տանում Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Թերեւս, սթրեսը կապված է Նիկոյանի որդու՝ արդեն նախկին վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի՝ դեռեւս անորոշ կարգավիճակի հետ: Armlur.am-ի հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք իր որդին մնալ Տիգրան Սարգսյանի խորհրդական, Նիկոյանը վրդովված պատասխանել է, որ այսօր ու այս պահին դա կարեւոր հարց չէ: «Մտածում ես ամենակարեւոր հարցն էսօր որ կա դա՞ է»,- ասել է Նիկոյանն ու անջատել հեռախոսը: