ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԱՀԱՓՈՐՁՆ ՈՒ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործարարների նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 1-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Մինչ այս դեպքի մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ հունվարի 29-ին էլ Արարատի մարզի Այնթափ գյուղում սպանվեց «Լիլի» ռեստորանային համալիրի եւ հարսանյաց սրահի սեփականատեր, 49-ամյա Գրիգոր Խաչատրյանը: Իր աշխատասենյակում կրակոցների թիրախ դարձած գործարարը թեեւ սեփական ուժերով ցանկացել էր շտապել հիվանդանոց, սակայն չէր հասցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի հարազատներն ասել էին, թե Գրիգորի վերջին խոսքը հետեւյալն էր. «Արա, ինձ ոնց խփին է՜»:
Ըստ տեղեկությունների` այս սպանությունը վենդետայի արդյունք էր: Չնայած դեպքից անցել է երկու ամիս, սակայն քրգործով ձերբակալվածներ չկան:
Ինչեւէ, վերադառնանք Իջեւանում տեղի ունեցած մահափորձին: Տեղեկություններ էին տարածվել, որ հյուրանոցի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանն էլ իր հերթին էր որսորդական հրացանից կրակոցներ արձակել, ինչի արդյունքում կրակող տղամարդը դիմել էր փախուստի:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա միակ դեպքը չէ, որ հյուրանոցային համալիրի տիրոջ նկատմամբ մահափորձ է իրականացվել: Դեռեւս 3-4 տարի առաջ եւս նման փորձ եղել է: Ավելին՝ հյունարոցային համալիրի սեփականատիրոջ եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղուլարյանի միջեւ բավականին երկար ժամանակ է, ինչ վիճաբանությունը շարունակվում է: Իջեւանցիները չեն բացառում, որ տեղի ունեցած մահափորձը կարող է կապված լինել քաղաքապետի եւ գործարարի՝ կռվախնձոր դարձած «Սպիտակ լիճ» ջրամբարի հետ:
2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը «Սպիտակ լիճ» տարածքը 40 տարով անհատույց օգտագործման վարձակալության պայմանագիր է կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ: Նշենք, որ Արծրունը «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ, մահափորձի ենթարկված Անդրանիկ Խոջումյանի որդին է: 2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը, ով բավականին մոտ հարաբերությունների մեջ է հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ հետ, պարտվել էր ներկայիս քաղաքապետ Վարդան Ղալումյանին:
Արդյունքում 2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վարդան Ղալումյանի, դիմել էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման (վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով:
Ավելին՝ 2013թ. մայիսի 21-ին քաղաքապետ Վարդան Ղալումյանը դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովում «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին արգելել ջրամբարի նկատմամբ որեւէ գործողություն կատարել՝ մասնավորապես դադարեցնել ավազի ապօրինի արտահանումը եւ ջրամբարի տարածքից դուրս բերել մեխանիզմները: Գործը քննող Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը քաղաքապետարանի այս միջնորդությունը մերժել էր:
Քաղաքապետ Վարդան Ղալումյանը ձեռնունայն չէր նստել եւ դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու դատավոր Աշոտ Խաչիկյանի որոշումը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը բավարարել էր քաղաքապետի հայցը, որից հետո գործարարը դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը: Սակայն, ապարդյուն, քաղաքապետ Վարդան Ղալումյանը հաղթել էր:
Թե ինչ կապ ունի այս դատական պատմությունը գործարարի դեմ իրականացված մահափորձի հետ, թերեւս կպարզի ոստիկանությունը:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց Վարդան Ղալումյանի հետ, սակայն նա ասաց, որ ինքը որեւէ խնդիր չի ունեցել Խոջումյանների հետ: Երբ քաղաքապետին հիշեցրինք դատարանի վճռի եւ իր հաղթանակի մասին, նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Վերջինս մեզ իրենց քաղաք հրավիրեց. «Եկե՛ք Իջեւան, կխոսենք»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի առիթով կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀՅՈՒԸՆԿԱԼԵՑ ՈՒ ԾԵԾԵՑ

Ապրիլի 4-ին Մասիս քաղաքի Հայանիստ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գյուղի բնակիչ Կամոն հյուր է գնացել իր ծանոթ Արամին: Ընկերներով զրուցել են, խմել «մի մի թաս», իսկ ավելի ուշ նրանց միջեւ սկսվել է լեզվակռիվ: Արամը բռունցքներով հարվածել է Կամոյի դեմքին, իսկ Կամոն այն աստիճան հարբած է եղել, որ չի կարողացել պաշտպանվել: Արամն էլ օգտվելով առիթից մի լավ ծեծել է իրեն հյուր եկած Կամոյին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կամոն դիմել է ոստիկանություն եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է քննություն:

 

ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏԱՍԽԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրապարակել էր հոդված՝ նկարագրելով, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին անուղղակիորեն պատկանող հէկ-ի շինարարության համար ԲՆ Արամ Հարությունյանի թույլտվությամբ մասսայական ծառահատումներ են արվել Ջերմուկ քաղաքում:
Երեկ մեր հրապարակմանն արձագանքեց ՀՀ բնապահպանության նախարարությունը (հիշեցնենք, որ նախարարը հրաժարվել էր պատասխանել մեր թղթակցի հարցին), որտեղ, ըստ էության, հաստատել էր հրապարակված լուրի իսկությունը. այն է՝ Ջերմուկում ծառեր են հատվել:
Բնականաբար, նախարար Արամ Հարությունյանը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար ասել էր, թե «ՀՀ ԲՆ եւ առավել եւս նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման թույլտվություն տալ, քանի որ այն նախարարության եւ նախարարի լիազորություններից դուրս է… Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տալիս է հէկ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում եւ թույլտվություն չի ստացել»:
Դե իհարկե, նախարարը պնդում է, որ հէկ-ի կառուցման թույլտվություն չի տաիս, ոչնչից տեղյակ չէ եւ փորձում է շեղել: Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նախարարին ներկայացվել է հէկ-ի շինարարության նախագիծը, որտեղ նշված է, որ 400 ծառ պիտի կտրվի այդ հատվածում: Եվ Հարությունյանը խրոխտ հայտարարություններ անելուն զուգահեռ ոչ թե մերժել է այդ նախագիծը, այլեւ դրական եզրակացություն է տվել:
Ու զավեշտալին այն է, որ այդքանից հետո ԲՆ-ն վստահեցնում է, որ «Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը եւ խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»: Սիրով կսպասենք արդյունքներին:
Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի օգնական Սոնա Տռուզյանի պատասխանին, ապա կարծում ենք՝ ԲՆ հայտարարությունից հետո առնվազն պետք է զանգահարեր խմբագրություն եւ ներողություն խնդրեր՝ ծառահատման մասին մեր տեղեկությանը, սովորության համաձայն, «անհեթեթություն» բառով պատասխանելու համար: Ի վերջո, նույնիսկ նախարարությունը չհերքեց, որ ծառեր են հատվում, ինչը հանցագործություն է:

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում, սա բավարար է, որ ինձնից պրծում չունենաք»:

Արմեն Աշոտյան News.am
Հումորի զգացումն այն եզակի բաներից է, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մոտ երբեք չի պակասում եւ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կարողանում է համապատասխան մթնոլորտ ստեղծել։ Հումորի հետ մեկտեղ, նաեւ գնահատելի է ԿԳ նախարարի անկեղծությունն այն մասին, որ մենք Հանրապետական կուսակցությունից պրծում չենք ունենա։ Հետեւաբար, վարչապետի փոփոխությամբ էլ երկրում վիճակն առանձնապես չի փոխվի, քանի որ, միեւնույն է, իշխանության ղեկին մնում է հանրապետականը։ Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ կրթության ոլորտում փոփոխություններ ակնկալելն անիմաստ է։

 
«Վարչապետերը հո հավիտենական չե՞ն լինում, վեց տարի կառավարել է, երեւի թե նախագահը հարմար է գտել, որ նոր վարչապետ լինի: Իհարկե ճիշտ է, նախագահի բոլոր քայլերն էլ ճիշտ են»:

Համլետ Հարությունյան 1in.am
Դե ինչպե՞ս կարող է սխալվել Սերժ Սարգսյանը։ Նա ընդհանրապես անսխալական մարդ է։ Ահա ՀՀԿ-ական պատգամավորի այս տրամաբանությամբ էլ ամբողջ իշխանությունն է շարժվում, դրա համար էլ երկիրն այս վիճակում է։ Երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակում, բոլորն ասում են՝ ճիշտ է, երբ այդ վարչապետը չի կարողանում կատարել նշանակողի պահանջները, բայց Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, չի ազատում նրան եւ ամեն գնով փորձում է պահել, կրկին ասում են՝ ճիշտ է։ Իսկ երբ արդեն 6 տարի անց հասկանում է ու պարտադրում վարչապետին հրաժարական տալ, կրկին ճիշտ է։ Իսկ ե՞րբ է նա սխալ։

 
«Բա մեկը պիտի պատասխան տա՞ր այս վիճակի համար»։

Միքայել Մելքումյան «Առավոտ»
Եվ այդ մեկը, իհարկե, Տիգրան Սարգսյանն էր, ով ԲՀԿ-ի համար վերջին ամիսներին դարձել էր միակ թիրախը։ Լավ, ասենք թե պատասխան տվեց, բա հետո՞, վիճակը փոխվելո՞ւ է։ Իհարկե ոչ, որովհետեւ վիճակը ստեղծողներն ավելի բարձր են նստած եւ նրանք մնում են անփոփոխ, իսկ վիճակի համար պատասխանատու են բոլորը, այլ ոչ միայն Տիգրան Սարգսյանը։ Հավասարապես պատասխանատու է նաեւ ԲՀԿ-ն, ով եղել է իշխանական կոալիցիայում եւ հիմա էլ առանձնապես դեմ չէ Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Բայց դե պատասխանատվության զգացումը ԲՀԿ-ականների մոտ կարծես թե այդքան էլ լավ չի արտահայտվում։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս