ԽՈՍՏՈՎԱՆԵՑ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնապես ընդունել է կառավարության հրաժարականն ու ստորագրել այդ մասին համապատասխան հրամանագիր: Հիմա մեկ ամսվա ընթացքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն:
ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետի համաձայն, Ս.Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում պետք է նոր վարչապետ նշանակի, իսկ դրանից հետո 20 օրվա ընթացքում պետք է կազմավորի կառավարություն: Մինչ այդ, սակայն, նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, հենց հաջորդ շաբաթվանից Ս.Սարգսյանը կսկսի խորհրդարանական խմբակցությունների հետ վարչապետի թեկնածուի վերաբերյալ Սահմանադրությամբ նախատեսված խորհրդակցությունները:

Փաստորեն, վատ էր աշխատում

Կառավարության հրաժարականին անդրադարձել է Ս.Սարգսյանը: Իր սովորության համաձայն, նա երեկ այցելել է հերթական պետական գերատեսչություն, այս անգամ` Կենտրոնական բանկ: Ի դեպ, ԿԲ-ն Տիգրան Սարգսյանի նախկին աշխատավայրն է, որտեղից նա եկել էր կառավարություն: Եվ ահա, ԿԲ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ Ս.Սարգսյանը փորձել է ամեն կերպ համոզել, որ կառավարության հրաժարականն ամենեւին էլ խորհրդարանական չորս ուժերի ճնշման հետեւանք չէր: Այսօր հազիվ թե գտնվի որեւէ միամիտ մարդ, որ հավատա Ս.Սարգսյանի այս խոսքերին, բայց նաեւ հասկանալի է, որ նա այլ կերպ չէր էլ կարող վարվել ու չէր կարող հակառակը խոստովանել:
«Ուզում եմ մեկ անգամ եւս ավելացնել` իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե` պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, եւ ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք` տեսեք՝ մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել»,-ասել է Սարգսյանը՝ հայտնվելով բավականին անհարմար վիճակում, քանի որ հենց այս պահին է, որ 4 ուժերի ճնշումն առավել ակնհայտ է:
Ինչեւէ, կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ, Ս.Սարգսյանն այսպիսի ակնարկ է արել. «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որոնք նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»: Այլ կերպ ասած, Ս.Սարգսյանը խոստովանել է՝ Տ.Սարգսյանի կառավարությունը չէր վայելում քաղաքացիների վստահությունը, չէր կարող ապահովել տնտեսական աճ, այսինքն` նա ասել է այն ամենը, ինչ պնդում էր ընդդիմությունը:

Դուբայ-Երեւան տրանզիտ

Ակնհայտ է, որ կառավարության հրաժարականից հետո Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել. հիմա «հրաշալի քառյակը» նաեւ որոշակիորեն պետք է վերանայի իր գործողությունները: Այս առումով պատահական չէր, որ Դուբայից վերադառնալուց հետո երեկ առավոտյան ԱԺ էր եկել ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը: Վերջինս հանդիպել է ԱԺ նախագահ, իր խնամի Հ.Աբրահամյանի հետ, իսկ հետո նա եղել է նաեւ նախագահական նստավայրում` հանդիպել Ս.Սարգսյանի հետ: Ավելի ուշ տարածվեց Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ նա վստահեցրել է՝ իրենց օրակարգում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձեւավորվել եւ արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ինչ է, իմ թվարկված խնդիրները լուծվե՞լ են. իհարկե` ոչ»,- հայտարարել է նա: Ծառուկյանը նաեւ կարեւորել է ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումներն ու ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: «Նախատեսված բոլոր հանդիպումներն ուժի մեջ են: Իմ օրակարգում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ այ` ժողովրդի հոգեբանության մեջ փոխվել է կարեւոր մի բան` երբ քաղաքական ուժերը եւ հասարակությունը ձեւավորում են հստակ օրակարգ եւ հստակ, հասկանալի նպատակներ, ապա չկա որեւէ ուժ, որը կարողանա խոչընդոտել դրա իրականացմանը»: Նկատենք, որ հարցազրույցի մեջ, սակայն, Ծառուկյանն այդպես էլ «թթու խոսք» չի ասել Սերժ Սարգսյանի հասցեին: Թեեւ, «Ժողովուրդ»-ի ԲՀԿ-ական աղբյուրները նաեւ վստահեցնում են՝ իրենք որեւէ դեպքում չեն վերադառնա կոալիցիա, չեն առաջադրի վարչապետի թեկնածու, շարունակելու են իրենց գործողությունները՝ քառյակի ձեւաչափով: Բայց մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ կառավարության հրաժարականն իրականություն դարձնելուց հետո հիմա որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի ոչ իշխանական ուժերի օրակարգը. եւ ժամանակն է, որ նրանք պահանջեն նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արդյոք ԲՀԿ-ն կպահանջի՞ նաեւ Ս. Սարգսյանի հրաժարականը:

Հանրահավաքն ուժի մեջ է

«Հրաշալի քառյակի» երեկվա նիստը սովորականից երկար տեւեց՝ ավելի քան երեք ժամ: Սակայն քառյակն իր հետագա գործողությունների առնչությամբ հստակ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառյակի հետագա գործողությունները հայտնի կդառնան առաջիկայում` Ս.Սարգսյանի հետ վարչապետի թեկնածուի շուրջ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդիպումներից հետո: Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կմասնակցեն Ս.Սարգսյանի հետ հանդիպմանը, իսկ ՀԱԿ-ը` ի սկզբանե հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում ընդունել ոչ լեգիտիմ նախագահի հրավերը, «Ժառանգություն»-ը դեռ որոշում չունի: Քառյակի հանդիպումից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ.Հակոբյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերը հաստատակամ են միասին շարունակել իրենց հետագա միասնական աշխատանքները: «Բնականաբար, նոր իրավիճակ է. յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, կառաջարկի իր մոտեցումները, եւ առաջիկա հանդիպումներով մենք կձեւավորենք միասնական նոր օրակարգը»,- ասել է նա` չբացառելով, որ ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի ունենա: Ըստ Հակոբյանի՝ եթե չորս ուժերը կարողանան ճիշտ օգտագործել պահը, ապա վարչապետի հրաժարականը կարող է նպաստել ամբողջական իշխանափոխությանը:

Շախմատային տախտակ

Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանը, զոհաբերելով Տ.Սարգսյանին, հիմա փորձելու է «հրաշալի քառյակին» անհարմար դրության մեջ դնել եւ հնարավորինս նրանց թուլացնել: Իսկ դա կարող է անել այնպիսի կառավարություն ձեւավորելով, որը լինի քառյակի՝ եթե ոչ բոլոր կուսակցություններին, ապա գոնե մի մասի համար ընդունելի: Միգուցե չափազանցված թվա, բայց, շատերի կարծիքով, քառյակից երկուսն իրենց վրա տանում են հիմնական բեռը. դա ՀԱԿ-ն է ու ԲՀԿ-ն: Ու հիմա իշխանության գերխնդիրն է նրանցից որեւէ մեկին խաղից հանելը: «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս առումով հավանական են համարում վարչապետի պաշտոնում ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի նշանակումը` որպես շախմատային պարտիայի լավ քայլ: Արդյունքում միգուցե հնարավոր լինի լռեցնել գոնե ԲՀԿ-ին. ի վերջո, հազիվ թե Ծառուկյանը թույլ տա, որ իր կուսակցությունը հարձակվի ու անխնա քննադատի իր խնամի Հ.Աբրահամյանին, նրա հետ վարվի այնպես, ինչպես վարվում էր Տ.Սարգսյանի հետ:
Իհարկե, չի բացառվում, որ իրադարձությունները բոլորովին այլ հունով ընթանան: Այնպես որ` կապրենք, կտեսնենք:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՉԵՆ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ

Հրազդանում այսօր 13 գործող մանկապարտեզ կա: Մեկ երեխայի օրավարձը 200 դրամ է: Սակայն ջեռուցման շրջանից սկսած, որն ընդգրկում է հոկտեմբերից մինչեւ մարտ ամիսը, ծնողներից պահանջվում է լրացուցիչ գումար: Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա ձմռան հոգսը նույնպես ծնողների ուսերին էր: 13 մանկապարտեզից միայն մի քանիսն է, որ դեռեւս նախորդ տարիներից ապահովված է լոկալ ջեռուցմամբ, իսկ մյուսներում ավանդական դարձած փայտե վառարաններն են՝ վառելափայտի խնդիրներով: 2013-2014-ի ձմռան համար քաղաքապետարանը յուրաքանչյուր մանկապարտեզի հատկացրեց 90.000 դրամ: Էտվեցին նաեւ քաղաքի ծառերը, որոնք դեռ չէին հասցրել ուշքի գալ անցած տարվա էտումից, եւ դրանց թաց ճյուղերը տրամադրվեցին մանկապարտեզներին: Մինչդեռ հարկ է նշել, որ 2013թ. փետրվարին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտարարել էր. «Հրազդանն այն եզակի քաղաքներից է,որտեղ գործում է 13 մանկապարտեզ: Լոկալ ջեռուցում չի եղել, քանի որ եղել են առաջնային խնդիրներ: Մենք նախատեսել ենք այս տարվա ընթացքում քաղաքի մանկապարտեզներից 5-ը ջեռուցել: Մեր բյուջեի մեջ արդեն արտացոլել ենք այդ գումարների չափը»: Տարին վաղուց ավարտվել է, սակայն խոստացված 5 մանկապարտեզներից եւ ոչ մեկը չի ապահովվել լոկալ ջեռուցմամբ:
Ի հավելումն այս ամենին՝ ծնողների դժգոհության լրացուցիչ առիթ է վարձավճարների նոր համակարգը, որը գործում է ապրիլի մեկից: Եթե նախկինում երեխայի բացակայության դեպքում բացակայած օրերի գումարը չէր գանձվում, նոր որոշման համաձայն՝ երեխաները բացակայեն-չբացակայեն, ծնողները պետք է վճարեն սահմանված 4400 դրամը: Քաղաքապետարանում վարձավճարների գանձման այդ տարբերակը ճիշտ են համարում՝ բացատրելով, որ դա խթան կհանդիսանա, որպեսզի երեխաներն անհարկի չբացակայեն եւ հետ չմնան ուսումնական տարվա նախատեսած ծրագրից: Իսկ ծնողները համոզված են, որ սա հերթական անարդար եւ ոչ տեղին որոշումն էր:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 
15 ՕՐ ԱՆՑ

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկման ժամանակ «IPSC» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը ներկայացրեց իր կողմից կատարված Երեւան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղեւորահոսքի ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունների հիմքում ընկած են սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց` Երեւանում տրանսպորտի ուղեվարձը չի կարող 100 դրամ լինել: Ի դեպ, «IPSC»-ի ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ եւ տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից: Ուղեւորահոսքի եւ ծախսերի տվյալներն ուսումնասիրելով` ընկերությունը ուղեւորափոխադրումների համար որոշակի սակագներ է առաջարկել: Ըստ այդ հաշվարկի՝ գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 196.2, իսկ դիզվառելիքով աշխատող ավտոբուսների դեպքում` 252.3 դրամ: Հանձնաժողովի անդամները կարող են 15-օրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկները:




Լրահոս