ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՎՏԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 48-ամյա Ասադ Յուսուբովի բնակարանային խնդրի մասին: Նա ազգությամբ քուրդ է, մասնակցել է Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: Ասադի ընտանիքը 2001թվականից բնակվում էր Գետահովտի գյուղապետարանի շենքի մոտ գտնվող երկրաբանական վարչությանը պատկանող շենքում: 2003թ. Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել է այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դրա արդյունքում Տավուշի մարզպետարանից նամակ է ստացել, որտեղ նրան հայտնել են, որ բնակարան հատկացնելու հնարավորություններ չկան, սակայն Գետահովտի գյուղապետարանի եւ երկրաբանական վարչության հետ պայմանավորվածության համաձայն, եթե այդ շենքը օտարվի, ապա Յուսուբովին այնտեղ տարածք կհատկացվի: Ներկայում այդ շենքը տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը, որպեսզի այնտեղ գործի Իջեւանի գրանցման քննական բաժանմունքը: Ազատամարտիկի խոսքերով՝ 1997թ. մարտական դիրքերում իրեն կարիճը կծել է, ինչի հետեւանքով նա 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ներկայում նա պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները։ Յուսուբովն ասաց, որ 2014թ. փետրվարի 23-ին իրեն, կնոջ, 22 եւ 18 տարեկան աղջիկների հետ միասին վտարել են իրենց զբաղեցրած տարածքից: Նրա ընտանիքին բնակվելու համար տարածք են հատկացրել Գետահովիտ գյուղում գտնվող պայմանագրային զինծառայողների գումարտակի շենքի ազատ հատվածում: Ասադն ասաց, որ իրենց 3 սենյակ են հատկացրել, սակայն այնտեղ բնակվելու համար տարրական պայմաններ չկան: Երբ Ասադը ցանկացել է այնտեղ վերանորոգում իրականացնել եւ կոմունալ հարմարություններ՝ մասնավորպես բաղնիք կառուցել, զինվորական պատասխանատուները թույլ չեն տվել՝ նորոգում կատարելու համար գրավոր թույլտվություն պահանջելով: Ազատամարտիկ Ասադ Յուսուբովի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Գետահովիտ գյուղում՝ վարձակալության համար ամսական վճարելով 20 հազար դրամ: Քուրդ ազատամարտիկն ասաց, որ փետրվարի 23-ին իրեն բնակարանից վտարում էին երկրաբանական վարչության աշխատակից Մանվել Հարությանյանի ներկայությամբ, սակայն իր վտարումից ավելի քան մեկ ամիս անց այդ շենքում չի գործում ոստիկանության Իջեւանի գրանցման քննական բաժանմունքը: Ասադի խոսքերով՝ այնտեղ հիմա այլ ընտանիք է ապրում, որը նաեւ անասուններ է պահում: Քուրդ ազատամարտիկը մեզանից խնդրեց ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի պատասխանատուի հեռախոսահամարը, որպեսզի նրան հայտնի իր տնանկ վիճակի մասին:
«Ես իմ ողջ կյանքը Հայաստան հայրենիքին եմ նվիրել, միթե սխալ եմ վարվել»,-մեզ հետ զրույցում դառնացած ասաց Ասադը:
Այս խնդրով զանգահարեցինք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետն ասաց, որ ինքն այդ հարցով զբաղվում է, կապ է հաստատել զինվորական ղեկավարության հետ, առաջիկայում այդ շենքում վերանորոգում կկատարվի եւ Ասադ Յուսուբովի ընտանիքը բնակարան կունենա: Մենք կհետեւենք խնդրի լուծման ընթացքին:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս