Կոմպոզիտոր, կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին մեղադրում էին այն բանում, որ նա միայնակ է ղեկավարում միությունը, երիտասարդությանը տեղ չի տալիս, հոբելյաններ չի նշում, չի ցանկանում Դիլիջանի կոմպոզիտորների տունը կոչել Էդուարդ Միրզոյանի անվամբ եւ այլն: Միության նոր նախագահի՝ Արամ Սաթյանի ընտրությունից անցել է գրեթե հինգ ամիս, այդ ընթացքում ի՞նչ է փոխվել միությունում։
-Ես չէի ցանկանա խոսել այդ թեմայի շուրջ, բայց քանի որ հարցը կա, յուրաքանչյուր հարցի մեջ պատասխանն էլ կա։ Չեմ էլ խուսափել խոսել՝ թեպետ կուզենայի ավելի հանրագումարային շրջանում դա անել։ Ինձ համար միշտ կարեւորը ոչ թե իմ՝ միության ղեկավար, այլ միության լինելն է եղել։ Իսկ իմ լինելը իմ երաժշտության մեջ է։ 22 տարիների ընթացքում միությունը հսկայական գործունեություն է ծավալել իրեն պահելու եւ չփոշիանալու հրամայականների ներքո, որի վտանգը մեծապես կար. մեր շուրջ բազմաթիվ նման կառույցներ կորցրին ինքնությունը, վերջացան։ Կոմպոզիտորների միությունը պահել եմ մեծ սիրով, հպարտությամբ, եւ ինձ համար կարեւոր է եղել, որպեսզի պրոպագանդվի յուրաքանչյուր անդամի ստեղծագործությունը։ Իհարկե, միության շարքերում նաեւ բազմաթիվ մարդիկ կան, որոնց ստեղծագործությունն էական գեղագիտական արժեք չունի, բայց ես մտածում եմ՝ սարի գագաթի բարձր քարը տեսնելու համար մշտապես դրա կողքին պետք է լինեն այլ քարեր, որոնք կգոյացնեն այդ սարը։ Եվ միությունն այս առումով անհրաժեշտ էր մեր երկրի պրոֆեսիոնալ երաժշտական դաշտը պահպանված տեսնելու համար։ Հիմա եկել են ուրիշ մարդիկ, որոնց պատկերացումներն այլ են, եւ ես չեմ ուզում խանգարել նրանց։ Եթե կարող են միությունը պահպանել, եւ ես այդ հարցում կարող եմ օգտակար լինել, մեծ սիրով պատրաստ եմ աջակցել, ոչ մի ամբիցիա չունեմ։ Բայց, ցավոք սրտի, մինչեւ հիմա այդ համագործակցությունը չկա։ Նրանց մեղադրանքներից ոչ մի բան չապացուցվեց, դրանք ստահոդ դարձան, բայց դրա մասին էլ չեմ ուզում խոսել. ինձ համար բոլորի արժանապատվությունը, վաղվա օրը շատ ավելի կարեւոր արժեքներ են։ Միայն գիտեմ, որ աշուն է գալու, իսկ ճտերն էլ աշնանն են հաշվում։ Մի բան է պարզ. շատերի ոգեւորությունը գնալով նվազում է։
-Այսօր ստեղծագործական առումով թեթեւություն զգո՞ւմ եք։
-Ես ժամանակները չեմ համեմատում իրար հետ. դրանք մեկը մյուսի շարունակությունն են, եւ ես ապրում եմ անհոգ ստեղծագործական գործունեության ճանապարհով։ Շուտով իմ ստեղծագործությունը կհնչի Վրաստանում՝ փառատոնի շրջանակում, դրանից հետո Երեւանում կունենամ հեղինակային երեկո, գրում եմ Գյումրիի անօգնական երեխաների կազմակերպության համար սաղմոսների շարքը, ամբողջացրեցի իմ՝ «Սիրո կոնտատ»-ը նաեւ նոր հատվածներով, որը շուտով կհնչի։ Տարբեր ծրագրեր կան՝ կապված խմբերգային երաժշտության հետ, հրատարակության եմ պատրաստում նոր ժողովածու։ Այո, շատ-շատ բաներ չէի հասցնում անել։ Դու չես կարող ջրի ափի քարերին նստել ու մտածել, թե լողում ես։ Եթե լողում ես, ուրեմն ջրի մեջ ես եւ այլ բան չես կարող անել։ Ես չեմ ցանկացել մի բանի հաշվին անել մի ուրիշ բան։ Երկար տարիներ նույնիսկ իմ CD-ն չէի տպագրել. ինձ համար կարեւոր էր, որ հնչի միության անդամի ստեղծագործությունը, եւ նա իր տարածությունը չզիջի ռաբիսական իրականությանը, մեր կենցաղային երաժշտության այն խոյանքին, ինչ որ մեզ մոտ հիմա տեղի է ունենում։ Չզիջի փողային մտածողությանը, երգի միջոցով դրամաշորթության, փող ձեռք բերելու եւ մեր մշակույթի մեջ օտարամուտ բաներ մտցնելու այն խրախճանքին, որ այսօր հեռուստատեսությամբ եւ կենցաղային երաժշտության այլ ասպարեզներում տիրում է մեզ մոտ։ Ինձ համար կարեւոր է այդ մաքրության զգացողությունը։
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԳՈՐՇ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ գրող Վահրամ Թաթիկյանի, ոչ միայն նրա, այլեւ Սերժ Սարգսյանի վհատության, հուսահատության եւ անօգնականության հետեւանք էր:
«Ես՝ որպես իրոք բնապահպանությանը նվիրված մարդ, այլ ոչ թե որպես գրանտներ ստացող բնապահպան, բազմիցս քննադատել եմ Տիգրան Սարգսյանի շատ գործողություններ՝ կապված Հայաստանի բնության շահագործման հետ»,- անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց գրող Վահրամ Թաթիկյանը։
«Ավելին, ես այն մարդկանցից մեկն եմ, որ վարչապետին շատ լավ իմանալով արմատից՝ իր ամեն ինչով, ոչ միայն չեմ ընդունել, այլեւ նույնիսկ «Ֆեյսբուք»-ում նրան նվիրված մի ծաղրական ալբոմ ունեմ։ Հանուն ճշմարտության ասեմ՝ մի քիչ անողոք, զգաստացնող ալբոմ էր, եւ եթե այսօր որեւէ պաշտոնյայի վերաբերյալ նման բաներ գրես, քեզ կտան-կսպանեն, բայց ինքը բավականին լոյալ եւ հանդուրժող էր»,- հավելեց մեր զրուցակիցը։ Ապա որպես գրող կարեւորեց այն հանգամանքը, որ վարչապետը «խոսում էր բավականին կիրթ հայերենով, բավականին խորը գիտելիքներ ուներ»։ Իսկ թե ինչ նպատակի է ծառայեցրել այդ գիտելիքները, կախված է եղել պետական համակարգից. «Այսինքն՝ դրանք կուղղվեն ժողովրդի բարօրությա՞նը, թե՞ կծառայեն անձնական հարստացմանը։ Եվ երբ իշխում է անձնական հարստացման հրամայականը, վարչապետը նույնպես, ունենալով բոլոր հնարավորությունները, մի քիչ էլ գնացել է այդ ճանապարհով»։ Մեր զրուցակիցը համոզված է, որ եթե այսօր պետական համակարգը պեղեն, շատ կդժվարանան կիրթ, ներկայանալի մարդ գտնել նրան փոխարինող, եւ «նշանակվելու է հերթական շարքային, բավականին գորշ, աններկայանալի, չընդունված անձնավորությունը»։ Ըստ մեր զրուցակցի՝ հրաժարականն իր համար բավականին անսպասելի էր։ «Ես գուշակ չեմ, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ ազդակներով պայմանավորված որոշում էր։ Ես «Ֆեյսբուք»-ի էջում գրել եմ մի կարեւոր միտք, որ գետն անցնելիս ձին չեն փոխում անկախ այն բանից՝ հոգնա՞ծ է ձին, անկարո՞ղ է, թե՞ հզոր։ Ես այդ քայլը նաեւ վարչապետի խորին վհատության, հուսահատության, գուցե անօգնականության հետեւանքն եմ համարում։ Ու նաեւ՝ նախագահի։ Դա ինձ համար լուրջ ահազանգ է, ու ես ենթադրում եմ, որ վարչապետի հրաժարականն ավելի շատ առնչվում է, ասենք թե, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կատարյալ աբսուրդին եւ ձախողմանը։ Նա ու նաեւ նախագահը փորձում էին ինչ-որ մի բալանս գտնել, սակայն դա նրանց չհաջողվեց։ Իսկ դա այսօր Հայաստանի հարց չէ, համաշխարհային հարց է։ Ամեն դեպքում, եթե Հայաստանի նման բավականին օրհասական վիճակում գտնվող երկրի այս կարգի բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ կան նաեւ որոշակի ներքին ուժեր, որոնք բավականին ակտիվ պայքարում են հանուն իշխանության եւ ուժեղ են գտնվել իրենց համառ պայքարում»։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՊՐԻԼՅՈԹՅԱՆ ՆՎԵՐԸ
Ապրիլի 7-ին երգիչ Միհրան Ծառուկյանը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր երգի տեսահոլովակը: Այն կոչվում է «Ծնունդդ շնորհավոր»: Երգիչը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսահոլովակի թրեյլերը եւ գրել. «Սիրելի կանայք եւ աղջիկներ, ապրիլի 7-ին, որպես նվեր, Ձեզ կներկայացնեմ իմ նոր՝ «Ծնունդդ շնորհավոր» տեսահոլովակը»: Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կոկչյանը: Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հայաստանում հունիսին առաջին անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոն: Այն նոր, հետաքրքիր ձեւաչափի, բացօթյա ֆիլմերի փառատոն է, որն անցկացվելու է ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում: Փառատոնի նպատակը ոչ միայն հոգեւոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլ՝ նաեւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Քննարկումներին կմասնակցեն ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլեւ հոգեւորականներ, հոգեբաններ եւ ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ եւ ոլորտի պատասխանատուներ: Շուրջօրյա բացօթյա ցուցադրությունները լինելու են անվճար: Փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը եւ «Ծիածան» հկ-ն, այն կտեւի տասը օր: Նախատեսվում է, որ փառատոնը կլինի ամենամյա:
ԿԱՌԼԱ ԲՐՈՒՆԻԻ ՀԱՄԵՐԳԸ
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին հունիսի 2-ին առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայում: Բրունին ռուս հանրության համար կերգի իր՝ արդեն հայտնի երգերը, կհնչեն նաեւ նոր ստեղծագործություններ: Տոմսերը վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթվանից եւ կարժենան 1200-7000 ռուբլի: