Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Երեկ ոստիկանության գլխավոր քննչական բաժանմունքի մոտ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, ում նկատմամբ նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխությունից 5 ամիս անց, առաջադրվել է քրեական մեղադրանք՝ խուլիգանության հատկանիշներով: Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ՀԱՐՑ. Սպառողներին մտատանջող մի խնդիր կա. երբ շուկաներում կամ առեւտրի սպասարկման կետերում օգտագործվող կշեռքները թերակշռում են ապրանքը: Հետաքրքիր է իմանալ, թե ով է իրավասու ստուգել դրանք:
Լաուրա Հովսեփյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր չափման միջոցները, այդ թվում կշեռքները տարին մեկ անգամ ենթակա են ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից, որի դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա եւ (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական: Իսկ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, այդ թվում չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշման պետական չափագիտական վերահսկողությունն իրականացվում է շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:
Շուկայի վերահսկողության պետական տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված պատասխանին, որ վերահսկող մարմինները սահմանված կարգով իրականացնում են համապատասխան ստուգումներ, այնուամենայնիվ առեւտրականները՝ հատկապես փողոցային առեւտրով զբաղվողները, ապրանքի թերակշռումը, կարելի է ասել, դարձրել են սովորություն:
ՀԱՐՑ. Եթե ամուսիններն ապրում են մի հարկի տակ, բայց որպես ամուսիններ գրանցված չեն (զագսավորված), ապա այդ դեպքում ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն նրանք:
Արայիկ Ստեփանյան (38 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսինները, միմյանց հետ գույքային վեճ ունենալիս, յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը՝ երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով:
«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի տեղեկատվության համաձայն, 2013թ. ՀՀ-ում ամուսնությունների թիվը (18.363) նվազել է 6,1 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը բարձրացել 15,7 %-ով: Դրան զուգահեռ Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2012 թվականի համեմատ նվազել է 1.7%-ով: Հավելենք, որ յուրաքանչյուր հազար բնակչից ամուսնացել է 5-6 զույգ:
ՀԱՐՑ. Ես որոշ ժամանակ մեքենաս վստահել եմ 2 ընկերներիս, որի արդյունքում նրանցից մեկը վարչական իրավախախտում է կատարել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել եւ արձանագրել է 30000 դրամ տուգանք: Հիմա ես չգիտեմ, թե նրանցից ո՞վ է եղել խախտում կատարողը: Տուգանքի կտրոնի հետ ստացել եմ լուսանկար, բայց դրանում չի երեւում վարորդի դեմքը: Խնդրում եմ ասեք, ում կարող եմ դիմել, որպեսզի տրամադրեն այն լուսանկարը, որում երեւում է ընկերներիցս մեկը:
Տիգրան Նավասարդյան (31 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կատարվածից հետո լրացել է պատասախանում նշված ժամկետը՝ երեք օրը, ապա մեզ դիմողը դժվար թե կարողանա այս հարցը լուծել իր օգտին: Այստեղից հետեւություն. կամ պետք է խնդրի լուծման համար ժամանակին դիմել համապատասխան մարմին, կամ էլ նման դեպքերից խուսափելու համար անձնական գույքը պարզապես չտրամադրել ոչ ոքի: