Հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, ով այդպես էլ հայտնի չէ, միջազգային հետախուզման մեջ գտնվելով հանդերձ՝ երբ է ժամանել Հայաստան, մոտ 2 ամիս է՝ կալանքի տակ է հայրենիքում:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 30-ին: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել Անդրանիկ Սողոյանի և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու համար:
Ինչում է իրականում մեղադրվում լենինականցի Զապը
Մեղադրական եզրակացության համաձայն` «օրենքով գողեր» Զապն ու Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի՝ ոմն Արմանին: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում դանակահարել է մեկ այլ մարդու` կրկին հայի` շփոթելով նրան «զոհի» հետ: Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել: 14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա, ով վարում էր հենց այն մեքենայից, ինչ հայ գործարարը:
Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը: Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը:
Նրան, ինչպես նաև համախոհ Գիլան Ալիևին ավելի վաղ մեղադրանքն էր առաջադրվել սպանության պատվիրման և մահափորձ կատարելու համար: Իսկ վերջնական մեղադրանքը համալրվել է նաև շանտաժ անելու մասով: Սպանության մեղադրանքով մյուս դատապարտյալներն են Մուհամեդ Ալիևը, Արսեն Կակոսյանն ու Արսեն Առաքելյանը: Դատավճռից առաջ ամբաստանյալները հրաժարվել էին ցուցմունք տալ. միայն հայտարարել էին, որ մեղադրանքներն անիմաստ են և իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները, որոնք «գողին» լենինականցի Զապ են կոչում, բազմիցս հայտարարել են, որ Անդրանիկ Սողոյանը հետախուզման մեջ գտնվելու ընթացքում մշտապես գտնվել է Հայաստանում. այս մասին հայտնել են նաև տեղի ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «Նուբերաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանն ավելի վաղ «Ժողովուրդի» հետ զրույցում ասել էր, թե «օրենքով գողը» դեռևս պահվում է «կարանտինում»: Քրեական աշխարհում հեղինակություն վայելող կալանավորները, սովորաբար, «կարանտինում» շատ կարճ են մնում` մեկ օր, այն էլ` ձևական` օրենքի պահանջը չխախտելու համար: Ուստի այս դեպքում էլ կարող ենք ասել, որ «Զապը» հատուկ «ուշադրության» է արժանացել: Իսկ թե նման վերաբերմունքը նրա անձի համար լավ, թե վատ հետևանք կունենա, ցույց կտա ժամանակը:
Ո՞վ է հայազգի գործարար Արմանը
Միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «օրենքով գողեր» Զապն ու ադրբեջանցի Սեդոյը ցանկանում էին «պատժել» հայազգի գործարարին այն բանի համար, որ նա, իբր, «խախտել է գողերի օրենքները»: Սրանից բացի Սողոյանը ենթադրել է, որ այս սպանությամբ նրան կհաջողվի վախեցնել Պրահայի հայկական խմբավորմանը, վերցնել նրան իր անմիջական տիրապետության տակ, սրա հետ մեկտեղ հասնել չեչենական օբշինայի համախոհը լինելուն:
2009-ի մարտին բոլոր կասկածյալները հայտնաբերվեցին և պարզվեց, որ նրանց չի հաջողվել վերացնել հայազգի գործարարին, ավելին՝ նրանք պլանավորել էին կազմակերպել գործարարի առևանգումը: Այս գործարարը, նրանց վստահեցմամբ, մեղավոր էր նաև նրա համար, որ խախտել էր քրեականների մասին օրենքները՝ չտալով նրանց կողմից ձեռք բերված եկամուտից 1 մլն դոլարը: