ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ մինչեւ 2015թ. վերջ Հայաստանի Կառավարությունը կլուծի 1988թ. երկրաշարժից տուժած Գյումրիի բնակիչների բնակարանների հարցերը: Իհարկե, այսպիսի խոստումներ աղետի գոտու բնակիչները շատ են լսել, նույնիսկ դեմ առ դեմ զրույցներում՝ ամենատարբեր մակարդակի չինովնիկների շուրթերից, սակայն դրանք այդպես էլ մնացել են խոստումներ:
Փաստն այն է, որ Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է արդեն 26 տարի (դեկտեմբերի 7-ին կլրանա), սակայն անգամ պաշտոնական տվյալներով՝ բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում 430 տուժած ընտանիք մնացել է առանց նոր բնակարանի:
Իհարկե, ամեն տարի ՀՀ Կառավարությունը պարտաճանաչ կերպով ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի մեջ ներառում է հատուկ տող աղետի գոտու համար, սակայն երկրաշարժի հետեւանքները ոչ մի կերպ չի լինում հիմնովին վերացնել: Ընդհակառակը՝ աղետի գոտում շինարարություն անելն ու «ատկատներ» վերցնելը որոշ պաշտոնյաների ու շինարարների համար դարձել է կենսակերպ կամ պարզապես հարստանալու միջոց: Այնտեղ միշտ շինարարական եռուզեռ է, բայց վագոն-տնակներում ապրողների կյանքում ոչինչ չի փոխվում:
Այս տարի էլ ՀՀ Կառավարությունն արդեն 1 մլրդ 450 մլն դրամ առանձնացնելու որոշում է ընդունել, որպեսզի 2015թ. հունիսին բնակարաններով ապահովվեն տուժածների մոտ կեսը, եւ այդքան էլ կտրամադրվի մինչեւ տարվա վերջ՝ մյուս մասին բնակարանով ապահովելու համար: Ըստ պաշտոնական տեղեկության՝ եւս մեկ տարի անց՝ մինչեւ 2016թ. վերջը, կլուծվի Շիրակի եւ Լոռու մարզերի տուժած գյուղացիների բնակարանների հարցը: Թե որքանով իրական կդառնան հրապարակային խոստումները, որոնք այս անգամ էլ ի պաշտոնե հնչեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, դժվար է ասել, բայց պետք է փաստել, որ աղետի գոտում միայն բնակարանների խնդիրը չէ հրամայական:
Խոնարհված եկեղեցիներից շատերը դեռ չեն վերականգնվել: Շիրակի մարզում պատմաճարտարապետական հուշարձաններն անգամ լիարժեք ուսումնասիրված չեն: Բանն այն է, որ եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել, կան սակայն կառույցներ, որոնք փլուզվել են աղետին հաջորդած տարիներին՝ հետցնցումներից կամ էլ նախկինում ունեցած վնասվածքներից: Այնպես որ, բնակարաններով ապահովելու գործընթացի ավարտով խնդիրը չի լուծվի: Մեր լեզվամտածողության մեջ դեռ կմնա «աղետի գոտի» հասկացությունը: