ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն իրենց զորակցությունն են հայտնում Նաիրիտի աշխատակիցների արդար բողոքին` ցավով արձանագրելով, որ խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում չի ստացել պատշաճ արձագանք և հետևողական վերաբերմունք, հակառակ նրան, որ հարցը պետք է լուծվեր իրավական, սոցիալ-տնտեսական դաշտում:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը բազմիցս անդրադարձել է խնդրին` վեր հանելով դրա հետ կապված կասկածելի գործարքների, աշխատակիցների և ղեկավար կազմի անհամաչափ աշխատավարձերի, ինչպես նաև արտադրական հսկայի վերագործարկման հիմնահարցերը:
Մենք, որ մեր ակտիվ դերակատարությունն ենք բերել տարիներով կուտակված և անարդարության աննախադեպ նշաձող սահմանած այս խնդրի լուծմանն ուղղված ձեռնակումներին, այժմ էլ պատրաստ ենք մեր բոլոր կարելիություններով սատար կանգնելու Նաիրիտի աշխատակիցների բողոքի հերթական ցույցին:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացու իրավապաշտպանությամբ մտահոգ բոլոր կազմակերպություններին, և հատկապես պետական պատասխանատու մարմիներին վերջապես զբաղվել խնդրո առակայով և Նաիրիտի աշխատակիցներին վերադարձնել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և լուծել անհետևողականության արդյունքում կուտակված խնդիրները:
ՀՅԴ ՀԵՄ, ՀՅԴ ՆԱՈՒՄ