Toyota կոնցերնը հայտարարել է 185 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, խնդիրը Takata ընկերության կողմից արտադրված անվտանգության բարձիկների անսարքությունն է:
Կոնցերնին հայտնի է դարձել, որ 2003թ. ընկերության սպասարկման կետերից մեկում Corolla ավտոմեքենան քանդելու պահին պայթել է ուղևորատեղի բարձիկի ինֆլյատորը: Պայթյունի պատճառները չեն պարզվել, սակայն Toyota-ն հայտարարել է, որ անվտանգության նպատակներից ելնելով՝ հետ է կանչում նույն ժամանակահատվածում (2002-2003թթ.) արտադրված բոլոր ավտոմեքենաները: Ընդհանուր առմամբ՝ հետ կանչման է ենթակա 19 մոդել:
Ողջ աշխարհում հայտնի է Takata-ի անվտանգության բարձիկների հետ կապված 5 դեպքի մասին: Դեֆեկտը կայանում է նրանում, որ վթարի ժամանակ անվտանգության բարձիկը կարող է պայթել և նրանից մեծ արագությամբ կարող են դուրս թռչել մետաղյա պահեստամասեր, որոնք վտանգավոր են վարորդի և ուղևորի համար:
Վերջին նման դեպքը կատարվել է Մալայզիայում այս տարվա հուլիսին: Բարձիկի պայթյունի հետևանքով մահացել էր ղեկին եղած կինը: