ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ գիշերը, կրկին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով  նախօրեին ձեռնարկած գործողությունը, փորձել են հատել ՀՀ պետական սահմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Սակայն ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նշենք, որ հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել էր 3 եւ վիրավորվել 6 զինծառայող: «Ժողովուրդ»-ը զրուցեց հայ գեներալների հետ՝ պարզելու, թե ինչքանով է պատրաստ հայկական կողմը նման անակնկալ գործողությունների:
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, հակառակորդը կարողանում է շատ հեշտ ներխուժել Հայաստանի տարածք եւ իր հետեւից զոհեր ու վիրավորներ թողնել: Որպես նախկին նախարար՝ խնդրում եմ ասե՛ք՝ ինչն է պատճառը, որ հայկական կողմը չի կարողանում զսպել դիվերսիոն խմբերի գործողությունները:
-Նրանք փորձում են ցույց տալ իրենց հնարավորությունները, բայց սխալվում են, եւ այսօր (երեկ-Ս.Գ.) իրենք ստացան այն, ինչը պետք է ստանային: Բոլոր տեղերում էլ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք մեզ հաղթել են: Մենք ուզում ենք, որ իրավիճակը շփման գծում հանգիստ լինի, բայց, ինչպես երեւում է, նրանք այդպես չեն ուզում:
-Բայց մինչեւ մենք որոշում ենք՝ ուզում ենք, թե չենք ուզում, նրանք սպանում են…
-Շատ վատ է, որ մենք նրանց նման չենք, բայց նրանք իրենց այդ վարքագծով շատ ավելի կորուստներ են ունենում: Մեզ համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քան իրենց տասնյակինը: Եւ, իհարկե, մենք չենք ուզում, որ հայ զինվորները եւ քաղաքացիները մահանան այդ սահմանների վրա: Իսկ եթե նրանք այդ քայլին են գնում, նշանակում է՝ համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հետ եւ կարծում են, որ իրենք ուժեղ են եւ կարող են ԼՂ հակամարտությունն ինքնուրույն լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի երեք պատճառով. առաջին՝ նրանք պատրաստ չեն դրան, երկրորդ՝ մենք Ադրբեջանից թույլ չենք, երրորդ՝ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ԼՂ հակամարտության հարցը լուծվի ուժային ճանապարհով: Իլհամ Ալիեւն ինքն էլ է գիտակցում, որ այդ մեթոդներով ինքը ոչնչի չի հասնի, եւ բանակցությունների կարիք կա: Միայն բանակցությունների արդյունքում է հնարավոր խնդիրը լուծել:
-Տպավորությունն այնպիսին է, որ մեր հակառակորդին հաջողվում է գործողություններ իրականացնել, քանի որ հայոց բանակի ղեկավար կազմն իր «տեղում» չէ:
-Մենք միշտ պետք է զգոն լինենք, բայց դեպքերն ամեն կերպ կարող են պատահել, դա անկանխատեսելի է:
-Նշվում է նաեւ, որ տարածքն ականապատ չի եղել, դրա պատճառով է ադրբեջանական կողմը հարձակվել:
-Մեր սահմաններն ականապատված են, բայց մեթոդ կա, երբ կարող են հանել այդ ականները, իրենք կարող են դա անել:

ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյան
-Պարո՛ն Բրուտյան, փաստորեն, հակառակորդը ուզում է ապացուցել, որ ուժեղ է եւ ամեն կերպ կարող է մեր սահմանը գրավել ու սպանություններ գործել:
-Հակառակորդը ուժեղ չէ, գիշերը ադրբեջանցիներին նույնարժեք պատասխան տվել ենք, ո՞վ է ասում, որ մենք թույլ ենք: Իրենք էլ բազմաթիվ խոցելի տեղեր ունեն, բայց ես կրկնում եմ, որ մեզ մոտ ավելի ուժեղ է, քան իրենց մոտ:
-Իսկ գուցե մենք զգո՞ն չենք, որ հակառակորդը կարողանում է դիվերսիոն խմբեր ուղարկել՝ համոզված լինելով, որ իրենց գործողությունները հաջողությամբ կպսակվեն:
-Չէ՛, չէ՛, դա բացառված է, լավ էլ զգոն ենք, իրենք գետերի, ձորերի, ջրերի միջով են անցնում:
-Դուք համաձա՞յն չեք կարծիքին, որ հայրենի գեներալները, գնդապետերը իրենց գործը լավ չեն կատարում, իրենց տեղում չեն, այլ ավելի կարեւոր գործեր ունեն՝ անձնական բիզնես, շռայլ կյանք…
-Գիտեք ինչ, դրանք ընդամենը սուտ խոսակցություններ են, դրանց մասին խոսողներն անընդհատ ուզում են խառնել: Ինչո՞ւ տեղում չեն, ո՞ր մեկը տեղում չէ, էդ ասողները հլը թող գան ստեղ, տեսնեմ՝ ինչ են անելու: Չի կարելի չէ՞, ի վերոջ… Ես խնդրում եմ՝ ով որ նման հայտարարություն է անում, թե գեներալները, սպաները տեղում չեն, ես շատ կուզեի առերեսում անեիք, տեսնեմ, թե ովքեր են դրանք, ու էս ազգի մեջ ինքը տեղ ունի, թե չէ:
-Առերեսում պետք չէ, պետք է պարզապես տեսնել բանակում զոհված զինծառայողների ծնողների սուգը:
-Զոհերի քանակը տեսնելով… մենք դեռեւս պատերազմի մեջ ենք, հլը խաղաղություն չկա: Մենք անընդհատ զինվորի հետ ենք, ամեն ինչ արվում է մեր զինվորի համար: Ես այստեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս