ՀՀԿ ներսում կրքերը շարունակվում են լարված մնալ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի հաշտվում Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իր պարտության հետ: Ընդ որում, Գյումրիում ՀՀԿ-ն ԲՀԿ-ին էր պարտվել ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ում պարտության հիմնական մեղավոր համարում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ավելի քան 12 հազար ձայնով ԲՀԿ-ին պարտվելու պատճառը եղել է այն, որ Վարդան Ղուկասյանը ամբողջությամբ չի բաժանել նախատեսված գումարները, եւ արդյունքում նրանից հիմա ետ են ուզում մոտ 3 մլն դրամը:
Եւ ահա երեկ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի եղել նրան ուղեկցող շքախմբի կազմում: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Արմեն Գեւորգյանը մշտապես համարվել է Վարդան Ղուկասյանի «թիկունքը», նրա մտերիմը: Նույնիսկ ժամանակին մամուլը գրեց, որ Վարդան Ղուկասյանն իր դեմ հարուցված քրեական գործերը կարողացել է ջրել Արմեն Գեւորգյանի միջոցով. նախագահի օգնական եղած ժամանակ հենց Գեւորգյանն է Ռոբերտ Քոչարյանի մոտ բարեխոսել Ղուկասյանի համար: Ու այսքանից հետո քաղաքապետի բացակայությունը չէր կարող չնկատվել:
Քաղաքապետարանից երեկ լրատվական կայքերին մեկնաբանել են, որ Ղուկասյանը փոխվարչապետին չի դիմավորել Գյումրիում չլինելու պատճառով: Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լ. Աղեկյանի խոսքերով՝ Ղուկասյանը բացակայել է քաղաքից, բայց գտնվել է երկրում: Այս մեկնաբանություններն, իհարկե, ծիծաղելի են հնչում: Բանն այն է, որ ցանկության դեպքում քաղաքապետը, լինելով Հայաստանում, կարող էր շտապ վերադառնալ՝ պաշտոնական պատվիրակությանը դիմավորելու համար: Սա նրա համար առանձնապես մեծ դժվարություն չէր ներկայացնում: Ուրեմն մնում է միայն կռահել քաղաքապետի բացակայության իրական պատճառների մասին: Տեսակետ կա, որ նա խուսափում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ առերեսումներից:
Հիշեցնենք, որ նույն Վարդան Ղուկասյանը, լինելովս ՀՀԿ խորհրդի անդամ, վերջին շրջանում չի մասնակցում ՀՀԿ խորհրդի նիստերին: Ընդ որում, խոսքը ամենեւին էլ հերթական, սովորական նիստերի մասին չէ. ՀՀԿ խորհուրդը վերջերս քննարկեց ԱԺ ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների, այնուհետեւ՝ կառավարության ղեկավարի հարցերը: Ու տրամաբանական էր, որ Ղուկասյանը պետք է մասնակցեր դրանց:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ