Հայաստանի դատարաններում արդեն շուրջ երկու տարի է՝ ընթանում է «Ժողովուրդ» օրաթերթի եւ «X գրուպ» ընկերության նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի միջեւ ծավալված դատավարությունը: Խաչիկ Խաչատրյանը դատարանից պահանջում է օրաթերթից 3 միլիոն դրամ բռնագանձել՝ իբր թե իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար:
Հայցը ներկայացվել է անցած տարվա սկզբին: 2013-ի դեկտեմբերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը մերժեց գործարարի հայցադիմումը` այն համարելով չհիմնավորված: Խաչիկ Խաչատրյանը 2014 թվականի հունվարին բողոքարկել էր առաջին ատյանի վճիռը, ինչի արդյունքում այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ այն ուղարկել նույն՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Նոր քննությունը ստանձնել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Վերջինս դատական առաջին նիստն անցկացրել է նոյեմբերի 11-ին: Իսկ երեկ արդեն տեղեկացանք, որ Ներսիսյանը նոյեմբերի 25-ին երկրորդ դատական նիստն է անցկացրել եւ վճիռ կայացրել` որոշելով մասնակի բավարարել Խաչիկ Խաչատրյանի հայցը: Ներսիսյանը որոշել է, որ «Ժողովուրդ»-ը Խաչիկ Խաչատրյանին պետք է վճարի մեկուկես միլիոն դրամ` մեկ միլիոնը զրպարտության, 500 հազար դրամը վիրավորանքի համար, իսկ եւս 283 հազար դրամ էլ, ըստ վճռի, օրաթերթը պետք է վճարի Խաչիկ Խաչատրյանին՝ իբրեւ փաստաբանական ծախսեր:
Այն հանգամանքը, որ Ռուբեն Ներսիսյանը կարող է մամուլի դեմ անհեթեթ վճիռ կայացնել, զարմանալի չէ, քանի որ սույն դատավորը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում եւ լրագրողների նկատմամբ հատուկ հակակրանք ունի, քանզի վերջիններս նրան պարբերաբար հիշեցնում են իր ով լինելու մասին (նկատի չունենք դատավորի պաշտոնը):
Ինչպես հայտնի է՝ այս վեճի առիթը դարձել էր այն, որ Խաչիկ Խաչատրյանը հանդգնել էր վիրավորել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին` տհաճ հարց տալու համար: Հաջորդ օրն օրաթերթը հրապարակային պատասխանել էր գործարարին: Դրանից հետո գործարարը դիմել էր դատարան` իրեն իբր վիրավորելու եւ զրպարտելու համար: Այսինքն՝ սկզբում հայհոյել էր, հետո պատասխանը ստանալուց հետո որոշել վիրավորվել: Հայցվորը կամ նույն է՝ Խաչիկ Խաչատրյանը, վիրավորանք է համարում օրաթերթում, ի պատասխան վիրավորանքի, տպագրված նյութում տեղ գտած հետեւյալ արտահայտությունները. «…իսկապես, ճիշտ էլ անում է, որ մտածում է, թե իրեն «մարդու տեղ» չեն դնում: Մարդու տեղ դնելու համար մարդը նախ պետք է տարբերվի կենդանուց: Իսկ Վալենսիայի Խաչիկն առանձնապես չտարբերվեց:
Եւ իսկապես ողբալի է, որ Խաչիկի նման «պրաստիտուտկան» այսօր ներկայացնում է «գործարար էլիտան», «գործարար էլիտայի բացիլ», «ձվերի Խաչիկ», «ջրերի Խաչիկ» եւ «պրաստիտուտկաների մասնագետ»: Կոնտեքստից կտրված այս մտքերը Ներսիսյանն իր վճռում շարադրել է ու հավելել. «… արտահայտությունները, որոնք դատարանի գնահատմամբ արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»: Բերված արտահայտություններից թե ո՞րն է վիրավորանք, դատավորը չի հստակեցրել: Եթե անգամ ընդունենք, որ վճիռը գրելիս դատավորը խմբագրական սխալ է թույլ տվել եւ բոլոր արտահայտություններն է վիրավորանք համարել, ապա միեւնույն է՝ նա պարտավոր էր պարզաբանել, թե յուրաքանչյուր արտահայտությունն ինչու է համարում վիրավորանք: Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու, թե ինչո՞ւմ են իրեն մեղադրում: Օրինակ՝ «ձվերի Խաչիկ» կամ «ջրերի Խաչիկ» արտահայտություններից ինչն է վիրավորական` «ձվերի»-նը, «ջրերի»-նը, թե` «Խաչիկ»-ը:
Սակայն առավել դիտարժան է Խաչիկ Խաչատրյանի՝ իբր թե զրպարտված լինելու առնչությամբ բերված հիմնավորումը: Որպես զրպարտություն դատարանն ընդունել է «Ժամկետանց ձվեր վաճառող այս չարչին» արտահայտությունը: Դատարանը չի հերքում, որ գործում առկա է ապացույց այն բանի, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու փաստն ապացուցվել է, քանի որ ժամկետանց ձվեր վաճառելու համար ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ տույժի է ենթարկվել:
Սակայն Ռուբեն Ներսիսյանը գրել է, թե իբր ընկերության հիմնադիրն ընկերության հետ կապ չունի: Ի դեպ, այս պնդման հեղինակը հայցվոր կողմն է, իսկ դատավորն այն պարզապես դրել է իր վճռի հիմքում: Իհարկե, Հայաստանը ձվի արտադրության շուկային ծանոթ ցանկացած ոք գիտի, որ եթե ասում են ԵԹՖ, ապա դա նշանակում է՝ Խաչիկ Խաչատրյան, եւ հակառակը: Բայց, դե, դատավորը ջանք չի խնայել Խաչիկ Խաչատրյանին եւ ԵԹՖ-ին իրարից տարանջատելու համար, որպեսզի կարողանա հիմնավորի իր` օրաթերթից գումար բռնագանձելու որոշումը:
Ի դեպ, այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու է Ռուբեն Ներսիսյանն այդքան շահագրգռված եղել օրաթերթից գումար բռնագանձելու հարցում: Կարծում ենք՝ դժվար չէ կռահել: Բոլոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի դատարանները հանրապետության ամենակոռումպացված կառույցներն են:
Հ. Գ. Հավանաբար Խ. Խաչատրյանը «ծանր է տարել» փաստը, որ իրեն հասանելիք 10 հազար դրամը «Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով վճարեց: Նա խնդիր է դրել ավելի մեծ գումարով «պատժել» թերթին: Սակայն իզուր է հույսեր տածում. վճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարան:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ