Վարչապետն աճպարարություն է արել. «Դեմ եմ»-ը դիմել է Գագիկ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԴԵՄ ԵՄ» թիմը դիմել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ահազանգելով, որ 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները որեւէ կերպ չեն բավարարում ՀՀ Սահմանադրական դատարանի ս․թ ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման պահանջները. այդ փոփոխությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ հերթական վարչապետի եւ կառավարության հերթական կաբինետի արհեստավարժ աճպարարության արդյունք ընդամենը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Նոր օրինագծով խտրականությունը ոչ միայն չվերացվեց, այլ ավելի խորացվեց՝ սահմանելով նոր տարիքային շեմ՝ 1996 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնվածների մուտքը համակարգ, ինչպես նաեւ անհիմն ժամանակային սահմանագիծ, այն է՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վարձու աշխատող լինելու հանգամանքը։

Ավելին, 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-67-Ն օրենքով դրվեց մեկ այլ խտրականություն, որով արգելք տրվեց հրաժարվելու սոցիալական վճարներ կատարելուց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողների եւ մի շարք այլ գերատեսչությունների աշխատողներին՝ պարտադիր եղանակով ընդգրկվելով նրանց կուտակային համակարգ։ Բացի դրանից՝ օրենքի 01․07․2014 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով, մասնավորապես օրենքի 81-րդ հոդվածով, նախատեսվեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը պահված գումարները ենթակա են վերադարձման 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը համապատասխան դիմումը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո։

Այստեղ, խախտվելով ՀՀ քաղաքացիական օրենդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը, խախտված է նաեւ անհիմն հարստացման ինստիտուտի դրույթները եւ վերջինից բխող հետեւանքների վերականգնումը, քանզի Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոնի կողմից հայտարարվեց, որ գումարները ենթակա կլինեն վերադարձման 2-3 տոկոս գործառնական ծախսերի պահումներով։

Այսպիսով, սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, համաձայն հաշվիչ հանձնաժողովի հաշվետվության, «67 կողմ» ձայնով, իսկ իրականում խորհրդարանական մեծամասնության կողմից ցինիկաբար թույլ տրված ընթացակարգային բացառիկ խախտումներով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանելով հերթական հակասահմանադրական դրույթներ, կոպտագույնս շրջանցեց ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը եւ արհամարհեց հասարակության մեծամասնության օրինական պահանջներն ու դիրքորոշումն այս չարաբաստիկ օրենքի վերաբերյալ։ Հանրության օրինական պահանջները ոչ միայն արհամարհվեցին ՀՀ կառավարության եւ վերջինիս ինքնամոռաց սպասարկող խորհրդարանական մեծամասնության կողմից, այլեւ հանրությունը զրկվեց նոր օրենքի մշակման գործընթացին ներգրավված լինելու իր իրավունքից:

Մասնավորապես, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների, նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ պարտավոր է կազմակերպել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաեւ նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խախտվեց իր իսկ կողմից ընդունված՝ 2010 թվականի մարտի 25-ի թիվ 296-Ն որոշմամբ հաստատված «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգի» պահանջները։

Ավելին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ընթացավ մեկ այլ իրավական ակտի պահանջի կոպիտ խախտմամբ, այն է՝ ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 174-Ն հրամանագրի 42-րդ կետ, համաձայն որի մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի։

Համաձայն Մարդու Իրավունքների Պաշտպանի խորհրդականի այդ պահին կատարված պաշտոնական հայտարարությանը, նախագիծը ՄԻՊ գրասենյակ է ներկայացվել նշված հրամանագրով սահմանված ժամկետների կոպիտ խախտումով, այն է՝ ՀՀ ԱԺ ներկայացման հետ զուգահեռ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն ամրագրում է առ այն, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը եւ անմիջական գործողությունը:

Մեր համոզմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանը պարտավոր է ստանձնել երկրում օրենքի գերակայության մթնոլորտի ձեւավորման գործընթածի լոկոմոտիվի դերը, որի շրջանակներում անաչառ գնահատական կտա վերը նշված երեւույթնեսրին եւ կառավարության եւ քաղաքական մեծամասնության կողմից դրսեւորված վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներին։

Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի օբյեկտիվ գնահատականը ոչ թե ՀՀ կառավարության աճպարարությանը, այլ կատարած իրական աշխատանքին, այն է՝ 2014 թվականի ապրիլի 2-ին ՍԴՈ-1142 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման կատարմանը»:




Լրահոս