ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն արդիական չէ, և քաղաքական օրակարգում այդպիսի պահանջարկ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ըստ նրա՝ որն է պատճառը, որ Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջող փաստաթղթի տակ ընդամենը երեք ստորագրություն դրվեց:
«Ակնհայտ է, որ ՀՀ նախագահի բացառիկ լիազորություններն են արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը, երկու դեպքերում էլ ընդդիմադիր հիմնական կամ այլընտրանքային ոչ իշխանական ուժերը կիսում են նախագահի տեսակետները՝ փաստացի սատարելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր որոշմանը և անվտանգության հետ կապված հարցերը»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ նախագահի բուն լիազորությունների քաղաքականությունը վայելում է Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր կողմերի աջակցությունը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր նրա հրաժարականը պահանջը ներառել նիստերի օրակարգ, սակայն անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն հավաքվեց միայն երեքը՝ Ալեքսանդր Արզումանյանինը, Զարուհի Փոստանջյանինը և անձամբ Նիկոլ Փաշինյանինը: