ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՆՔԸ ԿԱՍԻ
Կառաջադրվի արդյոք Ռոբերտ Քոչարյանը 2013թ. նախագահի ընտրություններում։ «Ա1+»-ի այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` դուք դեռ առիթ կունենաք իրեն հարցնելու»: Սակայն նա այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք նախկին նախագահը պատրաստվում է ասուլիսով հանդես գալ: Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցում Քոչարյանը չէր բացառել իր վերադարձը:
ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի ատենապետ Հայկ Քոթանջյանը դիմում է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ-պետություններին` կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները. «Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ մեծարգո պետություններին խստագույնս դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ Ալիեւի վարչակարգի վրա ազդեցություն գործել` կողմերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար իր վրա վերցված պարտավորությունները անվերապահորեն կատարելու նպատակով»: Հետաքրքիր է՝ որն էր պատճառը, որ հարգարժան քաղաքագետն այդ դիմումը չհրապարակեց նախօրեին, երբ Քլինթոնը դեռ Երեւանում էր:
ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ
Նալբանդյան 106-ի շրջակա շենքերի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա եւ Ավագ Պետրոսյան փողոցների մի խումբ բնակիչներ հանդես են եկել բաց նամակով ՝ ուղղված ՀՀ Ազգային Ժողովի նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանին, որով առաջարկում են վերականգնել քանդված մանկապարտեզն ու եւս 1-2 հարկ կառուցել բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: «Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը եւ այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել` մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով»,-ասված է նամակում:
ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՆՄԻ՞Տ ԵՆ
Ռամկավար ազատական կուսակցության առաջնորդ, համատեղությամբ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծում է, որ Հայաստանը փոքր կուսակցությունների կարիք ունի` 5-6 հազարանոց թվաքանակով: «Մեծ կուսակցությունները «ոչ թե կեղծում են անդամների քանակը, այլ նրանք մակերեսային են»: 200-300 կամ նույնիսկ 20 հազար անդամներից բաղկացած կուսակցությունը կարիք ունի մեքենաների, գրասենյակների, իսկ որտեղի՞ց նման միջոցներ»: Ըստ Ավետիքյանի՝ եզրակացությունն այն է, որ Հայաստանում խոշոր կուսակցություններն անմիտ են եւ անհեթեթ:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ԵՄ-ին Ադրբեջանի դեմ բանաձեւ ներկայացնել, որպեսզի դադարեցվի Հարավային Կովկասի միլիտարիզացիան: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ European Voice թերթին տված հարցազրույցում: Նա ակնկալում է, որ ԵՄ-ն պետք է սպառնա Ադրբեջանին պատժամիջոցներով` ուժի կիրառման դեպքում, ինչպես նաեւ բացատրի, թե կոնկրետ ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը:
ԷԼԻ ՍՈՒՐՃ ԿԽՄԵՆՔ
Արձագանքելով «Ժողովուրդ»-ի երեկվա համարում հրապարակված տեղեկությանը, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների սենյակից հանել էր անվճար սուրճի սարքը, ԱԺ նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը Tert.am-ին հայտնել է, որ թեյի ու սուրճի սարքը վերադարձվել է: