Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս: Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային:
Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն` մինչև հեռախոսների գումարները չվճարելը:
Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են` հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:
Կատարվում է նախաքննություն: