Աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել։ Էներգետիկայի նախարարն ասել է՝ փորձելու ենք։ Փորձելը խոստում չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նաիրիտցիների չվճարած աշխատավարձերին:
«Ես, ընդհանրապես, դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը ստանա 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ, և շարունակական այդ պրոցեսը գնա։ Ես դեմ եմ նման պահվածքին։ Առաջինը այդ տնօրենների խորհուրդը պետք է հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, և հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն։
Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչև փետրվար-մարտ ամիս առաջարկը կլինի, և մենք կորոշենք «Նաիրիտ»-ի ճակատագիրը։ Եթե հնարավորություն լինի աշխատացնելու, կառավարությունը կաջակցի այդ պրոցեսին», – հայտարարեց վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահականի առջև և պահանջում էին իրենց մի քանի ամիսների չվճարված աշխատավարձերը: