Երևանի ու ֆրանսիական քաղաքների միջև կընդլայնվի համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացում:

«Երևան քաղաքը անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիային, և պետք է փաստեմ, որ ունենք սերտ համագործակցույթուն ֆրանսիական խոշոր քաղաքների՝ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ: Մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը հայ–ֆրանսիական համագործակցության զարգացման համատեքստում, և համոզված եմ, պարոն դեսպան, որ Դուք ևս մեծապես կնպաստեք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու ֆրանսիական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

«Ձեր մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար, ինչպես տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ կրթական, մշակութային ոլորտների ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը և, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում:




Լրահոս