ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԵՌԵԼ, ՈՐ ՓՈԽԱՐԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը կառավարության այն «բացառիկ» անդամներից է, ում պաշտոնավարման ողջ շրջանում եղել են սկանդալային պատմություններ, ի հայտ են եկել բազմաթիվ չարաշահումներ, պետական ֆինանսական միջոցների փոշիացումներ եւ այլն: Տիկին նախարարի դեմ մշտապես  մեծ դժգոհություն է եղել նաեւ մշակութային անվանի գործիչների շրջանում:
Երբ նրան շնորհվեց «Մովսես Խորենացու» մեդալ, շատերն իրենց ցասումն արտահայտեցին, իսկ երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ դժգոհությունն արտահայտեց այնպիսի ձեւակերպմամբ, որ կրկնելու դեպքում կարող ենք թողնել դաստիարակությունից զուրկ մարդու տպավորություն:
Նախարարի անվանն առնչվեցին մի շարք խոշոր մշակութային օջախներում իրականացված ջարդարարությունը, անվանի արվեստագետների հալածանքները: Ժամանակ առ ժամանակ լուրեր տարածվեցին, թե վարչապետ Տ. Սարգսյանը շատ վատ է տրամադրված  Հասմիկ Պողոսյանի հանդեպ, անգամ կառավարության նիստի ժամանակ շատ կոպիտ է արձագանքել նախարարի ելույթներից մեկին, եւ մշակույթի գործիչները մի պահ ցնծություն ապրեցին, թե ահա ուր որ է Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին… Բայց հանկարծ ի հայտ եկավ Մինաս Ավետիսյանի որմնանկարների պատմությունը, վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե  այդ որմնանկարները պետք է վաճառել թեկուզ մեր օլիգարխներին, եւ տեղի ունեցավ գաղտնի գործարք «Զվարթնոց» օդանավակայանի եւ մշակույթի նախարարության միջեւ: Ընդ որում մինչեւ օրս  հայտնի չէ, թե որքան է վճարել Էռնեկյանը որմնանկարներից մեկին տիրանալու համար: Այդ  ժամանակ էլ լուրեր տարածվեցին, թե Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ են անելու, բայց այդ գործարքին հաջորդեց նախարարին «Մովսես Խորենացու» մեդալով պարգեւատրումը:
Ասենք, որ  մեր շատ անվանի արվեստագետներ շարունակաբար նույն հարցն էին տալիս, թե մի՞թե Պողոսյանը շարունակելու է իր պաշտոնավարումը, շրջանառության մեջ էին դրվում հավանական թեկնածուների անուններ, բայց Հասմիկ Պողոսյանն իր տեղում էր ու շարունակում էր պաշտոնավարել` մազաչափ անգամ ուշադրություն չդարձնելով իր պաշտոնանկությունը երազողների ցանկություններին: Այս ընթացքում նա դարձավ տուրիստական գործակալություններից մեկի համասեփականատեր` եկամուտները կիսելով իր ընկեր ու գործընկեր Մազմանյան Արմենի հետ, ում դարձրեց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, լուծարեց Երիտասարդական փորձարարական թատրոնն ու հաստիքները նվիրաբերեց իր ընկերոջը պատկանող «Գոյ» ոչ պետական թատրոնին, Ամիրյան փողոցում էլիտար բնակարան գնեց, մի բնակարան էլ ձեռք բերեց Իտալիայում…
Սակայն, այսքանով հանդերձ, կառավարության հրաժարականից հետո արդիական չդարձավ Հասմիկ Պողոսյանի պաշտոնազրկման խնդիրը՝ չնայած շրջանառվեցին նոր անուններ: Սկզբում խոսվեց այն մասին, թե երգչուհի Շուշան Պետրոսյանն է դառնալու նախարար, մանավանդ որ նա մեր միակ պալատական երգչուհին է, որը հաճախ է նախագահական գնում ու ժամերով զրույցի բռնվում երկրի նախագահի հետ: Հետո որպես թեկնածու հիշատակվեց Նաիրա Զոհրաբյանի անունը, որը, ի դեպ, մշակութային կրթություն ունի, բայց ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո այս մասին այլեւս չխոսվեց: Օգտվելով ստեղծված կացությունից` շրջանառության մեջ դրեցին Բիշարյան Հեղինեի անունը` այսպես չափազանց ծիծաղելի վիճակի մեջ դնելով մեր մշակույթը: Դրանից հետո էլ Սերժ Սարգսյանն իր կնոջ մտերիմ ընկերուհու մասին ասաց, թե նախարարը չի մեռել, որ մտածենք այդ պաշտոնն ուրիշին տալու մասին:
Եւ ահա հենց այդ պահից մշակույթի շատ գործիչներ 180 աստիճանով փոխեցին իրենց վերաբերմունքը նախարարի հանդեպ: Մեր այն հարցին, թե կուզենայիք, որ Հասմիկ Պողոսյանը շարունակեր իր պաշտոնավարումը, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն ասաց. «Հատկապես մեր թատրոնում այսօր նոր ծրագրեր են կյանքի կոչվում, որոնց ակունքների մոտ կանգնած է տիկին Պողոսյանը: Նա շատ լավ նախարար է, ուստի հենց նա էլ պիտի շարունակի պաշտոնավարել»: Նույն կարծիքին էր նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ի դեպ, երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե Հասմիկ Պողոսյանը շուտով տեղափոխվելու է այս թատրոն, այդ պատճառով էլ սկսվել են բեմի հիմնանորոգման աշխատանքները: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ ասաց, որ այսօր Հասմիկ Պողոսյանն այն եզակի պետական գործիչներից է, որը շատ լավ է պատկերացնում մշակույթի կառավարման սկզբունքները, ուստի փոխարինող գտնել պետք չէ:
Մենք հարց ուղղեցինք նաեւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին, թե կուզենար, որ Հասմիկ Պողոսյանը վերանշանակվեր մշակույթի նախարար: Տիկին Մարտիրոսյանն այլընտրանք չտեսավ եւ պնդեց, որ մեր մշակույթի կառավարումը հենց Հասմիկ Պողոսյանով է պատկերացնում…  
Ահա այսպես` փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի ասույթը` մեզ մնում է միայն արձանագրել, որ մեր մշակույթի գործիչներն արժանի են այն նախարարին, որն ունեն:

 ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս