Հունվարի 20-ին Գյումրու նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում ոստիկանները հայտնաբերել էին Գյումրու բնակչուհի 21-ամյա Մարի Դավթյանի դին` այրված ու հոշոտված վիճակում:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ սպանության հեղինակը Գյումրու 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանն է: Կյանքից զրկելու դիտավորությամբ նա բռունցքներով հարվածել էր Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել եւ շնչահեղձ անելով` պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել էր տուն: Ապա նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, վերադարձել էր եւ նշված վայրում կնոջ վրա դիզելային վառելիք լցնելով` հրկիզել: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ 51-ամյա տղամարդը սպանել է իր աղջկա ընկերուհուն, որը, հոր խոսքերով, աղջկան դրդել էր անբարոյական քայլերի: Գեւորգ Թադեւոսյանը կալանավորվել էր, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 8-15 տարի ժամկետով ազատազրկում:
Գործի նախաքննությունն արդեն ավարտված է, եւ այն մտել է դատարան: Դատական նիստում Գեւորգ Թադեւոսյանը հայտարարեց, որ ինքը սպանություն չի կատարել եւ Մարի Դավթյանի մահվան հետ առնչություն չունի. «Ես էդ աղջկան ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ սպանել եմ: Իրեղեն ապացույցներ չունիք: Ես կխնդրեմ, որ նորից քննություն լինի: Ես հրաժարվում եմ բոլոր հարցերին պատասխանել: Ինչ ցուցմունք որ կա, լրիվ կեղծ է»:
Գործը քննող դատավոր, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը հարցրեց, թե իր ձեռքի տակ եղած ցուցմունքները, որտեղ ամբաստանյալը խոստովանել է մեղքը, արդյոք կեղծ են, ինչին ի պատասխան՝ Գեւորգ Թադեւոսյանը նշեց, որ ինքը ճիշտը չի գրել՝ հայտարարելով, որ իրեն «անխղճությամբ դատապարտում են»:
Դատարանում տեղի ունեցավ նաեւ տհաճ միջադեպ: Ամբաստանյալի կինը եւ դուստրը սկսեցին աղմկել՝ խանգարելով դատական գործընթացը: Կարգադրիչներին մի կերպ հաջողվեց նրանց դուրս բերել:
ԿՆՈՋԸ ՀՐԿԻԶԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ ՍԿՍՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ