ՈՐ ՈՒԶԵՆՔ՝ ԳԻԶԻՐՅԱՆԸ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աշխատանքային այցով  Գյումրիում էր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նրան դիմավորեցին  եւ ուղեկցեցին  մարզային իշխանությունները: Փոխվարչապետը նախ եղավ նորակառույց բժշկական կենտրոնում, ապա այցելեց Ավստրիական մանկական հիվանդանոց, ուր կառուցվում է ծննդատան նոր բաժանմունք: Հիվանդանոցը կվերանվանվի Ավստրիական մոր եւ մանկան կենտրոն: Այստեղ արդեն ավարտվում են  ծննդաբերական նոր բաժանմունքի վերանորոգման աշխատանքները: Ամենայն հավանականությամբ արդեն սեպտեմբերին հիվանդանոցը պատրաստ կլինի շահագործման: Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերով՝ մոտ օրերս Ավստրիայից կստանան նաեւ բուժսարքավորումներ՝ նախատեսված ծննդաբերական բաժանմունքի համար:
Նշենք,  որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ակնհայտ բարձր տրամադրություն ուներ: Գուցե պատճառն այն է, որ իշխանությունները շարունակում են նրան «պահել» այս մարզում: Գյումրիում կարճատեւ խորհրդակցություն էլ տեղի ունեցավ փոխվարչապետի մասնակցությամբ, եւ ենթադրելի է, որ մարզպետին երաշխիքներ տվեցին՝ պաշտոնավարումը շարունակելու մասով: Իսկ երբ լրագրողները հարցրին, թե պատրաստվում է արդյոք հրաժարականի դիմում գրել, մարզպետը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ դուք ուզո՞ւմ եք, որ հեռանամ. «Այ հենց որ լինի, դուք դա տեսնելու եք (նկատի ունի մարզպետի փոփոխությունը-Ա.Վ.): Ես նորից եմ կրկնում, եթե դուք չեք ուզում, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվի գնալ»:
«Իսկ եթե Հանրապետակա՞նն ուզի»՝ հարցին Աշոտ Գիզիրյանը պատասխանեց. «Այդ դեպքում ՀՀԿ-ի՛ն հարցրեք»: Մոտավորապես նույն պատասխանը տվեց նաեւ Արմեն Գեւորգյանը: Այն հարցին, թե ՀՀԿ-ն Գյումրիում քիչ ձայներ հավաքելու համար ում է պատրաստվում պատժել, փոխվարչապետն ասաց,  որ այլ բանի համար է եկել, եւ լրագրողներն այդ թեմայով հարցերը պետք է ուղղեն ՀՀԿ ղեկավարներին:
Ինչեւէ, ծննդատանն Աշոտ Գիզիրյանը ներկաներին հորդորեց շատ երեխա ունենալ՝ շեշտելով, որ հիվանդանոց են կառուցում, որ ծնելիության աճ արձանագրվի: Լրագրողների հետ էլ կատակեց, թե հարկավոր է 7-8 երեխա լույս աշխարհ բերել:  Մարզպետը պատմեց, որ, օրինակ, իրենք 8 երեխա են եղել, իսկ իրեն  մայրն  ունեցել է 40 տարեկանում:
Հյուրերը հետեւեցին նաեւ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինության եւ բնակարանաշինության աշխատանքներին: Շրջեցին այն թաղամասերում, որտեղ փոսալցման աշխատանքներ են տարվում:  Փոխվարչապետը փոխանցեց, որ Գյումրիում պետական միջոցներով իրականացվող ծրագրեր լինելու են: Նախորդ տարվա նման 2012-ին էլ կառավարությունը պետական միջոցներից գումար կհատկացնի Շիրակի մարզին՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: «Ծավալները մնացել են անփոփոխ, այսինքն՝ մոտ 1 մլրդ 320 մլն-ի չափով: Ամբողջ մարզում իրականացվելու են ծրագրերը: Այդ գումարից ավելի քան 500 մլն-ը այս պահի դրությամբ Գյումրիում է ծախսվում»,-նշեց Արմեն Գեւորգյանը: Նրա վերջին կանգառը Մուշ-2 թաղամասն էր, որտեղ բնակարանաշինական աշխատանքների 80 տոկոսն ավարտված է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս