Քրգործի վկաներից մեկն առանց որևէ պատճառաբանության պատռել է հարցաքննության արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո քննիչն առերես հարցաքննության արձանագրությունը ներկայացրել է ստորագրման։ Վկաներից մեկը՝ Սուսաննա Դավթյանը, առանց որևէ պատճառաբանության, հրաժարվել է այն ստորագրելուց, դրսևորելով ոչ հավասարակշռված վարքագիծ՝ գոռգոռացել է, պատռել առերես հարցաքննության արձանագրությունը և դուրս եկել աշխատասենյակից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս